«Մարդիկ աշխատանքից են հոգնում, մենք՝ պարապությունից»

05/04/2012

Հանրապետության ամենաաղքատ եւ խոցելի տարածաշրջանը համարվում է Շիրակի մարզը, որտեղ աղքատության եւ գործազրկության իրական պատկերը հատկապես ակնհայտ է մարզի համայնքներում. այստեղ տղամարդկանց գերակշռող մասը մեկնել է արտագնա աշխատանքի` ընտանիքի հոգսերն ու խնդիրները թողնելով կանանց ուսերին, իսկ բնակիչների մեծ մասը ուղիներ է փնտրում մեծ քաղաքներ տեղափոխվելու համար: Անիի շրջանի` 541 բնակիչ ունեցող Հայկաձոր սահմանամերձ համայնքի ղեկավար Ռուդիկ Գեւորգյանն իրենց գյուղի ամենալուրջ խնդիրներից է համարում գործազրկությունն ու դրա արդյունքում` ահռելի չափերի հասած արտագաղթը: Նա ասում է, որ գյուղի ընտանիքների 40%-ի հիմնական եկամտի աղբյուրը արտասահմանից է գալիս:

«Ռուսաստանում Հայկաձորցի մեծահարուստ կա, որը համագյուղացիներին իր մոտ աշխատանքի է տեղավորում: Մնացածն էլ անասնապահությամբ են զբաղվում կամ հող մշակում: Եթե նրանք էլ հնարավորություն ունենային, նրանք էլ կմեկնեին,- ասում է Գեւորգյանը,- Իսկ արտագնա աշխատանքի մեկնածների կանայք գերադասում են մնալ գյուղում` համարելով, որ խոպանը կնոջ համար չէ»:

Հանրապետության հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզի բնակչության 47.2 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, որի գլխավոր պատճառը գործազրկությունն է:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն ասում է` եթե ուզում եք հազարավոր աղքատներ, գործազուրկներ տեսնել, այցելեք Շիրակի մարզ:

Գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը կանայք են, որոնց թվում կան նաեւ բարձրագույն կրթություն ունեցողներ:

Հայկաձոր գյուղում կին գործազուրկները ճնշող մեծամասնություն են կազմում:

«Տղամարդու համար աշխատանք չկա, ուր մնաց` կնոջ համար»,- ասում է 50-ամյա Հեղնար Վարդանյանը (ազգանունը փոխված է), ով 18 տարեկանում ամուսնացել ու Արմավիրից հարս է եկել Հայկաձոր:

Հեղնարը գյուղի այն եզակի կանանցից է, որի ամուսինը գյուղում է: Ամեն առավոտ նա ամուսնուն ճանապարհում է հանդ, կով է կթում, տունը ավլում, ճաշ պատրաստում: «Մարդիկ աշխատանքից են հոգնում, մենք` պարապությունից: Սաղ օրը էս խոնավ պատերի տակ նստած ենք, անգործությունից գժվում ենք: Ես իմ կյանքից բան չհասկացա: Մեկ-մեկ պարապությունից սկսում եմ երազել, մտածում եմ` ի՞նչ կանեի, եթե աշխատանք ունենայի, գումար վաստակեի,- անկեղծանում է Հեղնարն ու շարունակում,- Առաջին հերթին` տունը կվերանորոգեի, կկահավորեի: Հարյուր տարվա տներ են, խոնավ, ցուրտ: Անասունի թրիքով ենք տունը տաքացնում: Զուգարան-բաղնիք էլ չունենք, թեշտ ենք դնում` մեջը լողանում: Էս թվին ո՞վ է նման բան անում: Էս պայմաններում ո՞վ կարող է իրեն կին զգալ: Սա մի տեղ է, որ ո՛չ կնոջ համար է, ո՛չ ջահելի, ո՛չ էլ ահելի»:

Նա ասում է, որ աշխատանք չլինելու պատճառով երիտասարդությունը լքում է Հայկաձորը: Նրա մի որդին գործազրկության պատճառով հեռացել է գյուղից եւ հաստատվել Արմավիրում:

36-ամյա Աննա Սողոմոնյանն (ազգանունը փոփոխված է) իր կյանքի ամենամեծ սխալն է համարում 22 տարեկանում Մարալիկից Հայկաձոր տեղափոխվելը: Նա ավարտել էր Մարալիկի ուսումնարանը եւ ուներ համապատասխան աշխատանք:

«Ամուսնությունից հետո ամուսինս արգելեց ամեն օր Մարալիկ գնալ, իսկ գյուղում աշխատանք չկար: Հեշտ չէ գյուղի կյանքը: Հետաքրքրություն չկա, ապագա չկա, ֆինանս չկա: Գյուղում մեկը չկա, ով պարտք չունենա: Անգամ այն ընտանիքները, ովքեր պետական աշխատանք ունեն, պարտքեր ունեն, որովհետեւ բազմանդամ ընտանիքներում տանից միայն մեկն է աշխատում»,- ասում է Աննան:

Նրա ամուսինը գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Աննան էլ հասարակական հիմունքներով աշխատում է դպրոցի նախակրթարանում:

«Կուզենայի, որ դուրս գայինք այս գյուղից, կենցաղային պայմաններս փոխվեին: Մի սենյակում հաց ենք ուտում, հեռուստացույց դիտում ու քնում: Հարմարավետության ոչ մի նշույլ չկա, որ գյուղում կանայք իրենց կին զգան»,- ասում է Աննան` հավելելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի իր դուստրը գյուղում չամուսնանա, կրթություն ստանա եւ աշխատանք ունենա:

45-ամյա հայկաձորցի Սիլվա Կարապետյանի չորս աղջիկներն էլ հեռացել են գյուղից` աշխատանք չունենալու պատճառով: Երեւանում վարձով են ապրում: Երկուսը վարսահարդար են, մյուս երկուսն էլ սուպերմարկետում են աշխատում:

«Աղջիկներս են մեզ պահում, Ռուսաստանի բարեկամներն են գումար ուղարկում, որ մի կերպ յոլա գնանք»,- պատմում է Սիլվան:

Սիլվան դժվարանում է իր տունը տուն անվանել: «Բետոնե հատակ ու կաթոցներից քայքայված առաստաղ, կիսաքանդ զուգարանը հողամասի ծայրամասում է: Բաղնիքն էլ տան մեջտեղում է` վառարանի կողքը»,- ասում է նա:

Հայկաձորի կանայք խանութ գնալու հնարավորություն էլ չունեն: Քաղաքին, կյանքին ու նորաձեւությանը կապող միակ մարդը առեւտրական Գայանեն է, ով տասը օրը մեկ ամուսնու հետ գալիս է գյուղ` իր հետ բերելով հագուստ, կոշիկ, կենցաղային տարբեր ապրանքներ:

«Գայանն էլ որ չլինի, մենք կյանքից հետ կընկնենք,- ասում է գյուղի կանանցից 39-ամյա Մարիամ Ադամյանը եւ ավելացնում,- Գյուղում կանանց ամենակարեւոր գործն օրը մի քանի անգամ հավաբուն մտնելն է ու ստուգելը` հավը ձու ածե՞լ է, թե՞ ոչ: Առեւտրական Գայանեին մեր արած գնումների դիմաց հավի ձու ենք տալիս»:

23-ամյա Մարի Պետրոսյանը (ազգանունը փոփոխված է), արդեն երեք տարի է, վարձով է ապրում Երեւանում եւ աշխատում է սուպերմարկետում: Մայրաքաղաք է տեղափոխվել ծնողներին դժվարությամբ համոզելուց հետո միայն:

«Ուզում եմ իրենց էլ տանեմ քաղաք, որ գոնե օր ծերության մի քիչ լավ ապրեն, բայց հայրս չի համաձայնվում: Չի կարողանում կտրվել իր հողից, իր անասունից»,- պատմում է Մարին:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգ» օրաթերթ