Շողակաթ
41-ամյա Շողակաթ Մալխասյանի համար կյանքն ազատության մեջ շատ ավելի դժվար է, քանի կալանավայրում, որտեղ նա անցկացրել է կյանքի հինգ տարիները` «օրգանի աշխատող ծեծելու համար»:
Շողակաթը պնդում է, որ չի զղջում արարքի համար, եւ ասում է. «Ինձ մայր ու երեխա էր հայհոյել, ո՞նց չծեծեի… ծեծել եմ ճշտի համար ու չեմ զղջում»:
Կյանքի մի անգույն հատված Շողակաթը թողել է փշալարերից այն կողմ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ 2006-ից մինչեւ 2011 թվականը պատիժը կրելուց հետո վերադարձել է հարազատ քաղաք` Գյումրի: «Երբ ազատության մեջ չես, շատ դժվար է, բայց հայտնվում ես երազածդ ազատությունում ու տեսնում, որ դժվարություններն ավելի շատ են»,- ասում է Շողակաթը, ով ապրում է նախկին «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանի կիսախարխուլ ու վթարային շենքում:
«Լենտեքստիլ» կոմբինատը խորհրդային տարիներին Գյումրիի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից էր, եւ այստեղ աշխատում էին հազարավոր մարդիկ:
Շողակաթն ասում է, որ ազատությանը հարմարվելու, երեւի թե, հիմնական խնդիրը հոգեբանական է:
Նրա սենյակի միակ պատուհանն, ապակու փոխարեն, պատված է պոլիէթիլենով, ինչի պատճառով էլ կիսախարխուլ սենյակը հազիվ է լուսավորվում:
Շողակաթը լույս չի վառում, որպեսզի կարողանա հոսանք խնայել: Սեւացած հատակով այս կիսախարխուլ ապրելավայրը նա կիսում է ընկերուհու հետ, ով Շողակաթի պես մշտական աշխատանք չունի եւ չորս տարեկան հաշմանդամ որդուն է դաստիարակում:
Շողակաթը պատրաստվում է հաշվառման կանգնել այս կացարանում, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանա բնակարան ստանալ պետությունից:
Նա գոյատեւում է ժամանակավոր աշխատանքով ու երանի տալիս կալանավայրի հինգ տարիների իր օրինական` խոզապահի աշխատանքին, որի համար ստանում էր 30.000 դրամ աշխատավարձ: «Տարեց մեկին էի խնամում, սակայն պապին 10 օր առաջ մահացել է ու հիմա սպասում եմ մեկ այլ աշխատանքի: Պապիի տունը հիմա վերանորոգում են, բայց նրա կինն ինձ խոստացել է, որ հենց վերջացնեն, կկանչի` աշխատանք ունի իմ համար: Տան գործերը պետք է անեմ… փող ա, էլի, շաբաթը 5000 դրամ»,- ասում է Շողակաթը:
Ասում է, որ ամենատարբեր խնդիրների լուծման համար իրեն օգնում են Գյումրիի ոստիկանության աշխատակիցները:
«Աշխատանք են գտնում ինձ համար, զբաղվածության կենտրոնից գործազրկության նպաստ ստանալու հարցում են օգնում ու այլ հարցերով էլ մեջքիս կանգնած են… մարմնավաճառ չեմ, դա հստակ եմ ասում,- խոստովանում է Շողակաթը եւ ավելի անկեղծանում,- Հույս ունեմ, որ երկար ժամանակ հանրակացարանում չեմ մնա` անաշխատանք ու անմարդ: Ընտրած ունեմ, կալանավայրում է հիմա, սպասում եմ նրան, որ մի ամսից ազատվի, ու երեւի կամուսնանանք… շատ է սիրում ինձ, ասում է` էսքան դիմացել ես, մի ամիս էլ դիմացի»:
Փայտի համար նախատեսված, բայց իրականում ամեն ինչով տաքացվող վառարանից սեւացած Շողակաթի դեմքը կարմրում է ամոթխածությունից, երբ խոսում է սիրո եւ ամուսնության մասին: Նրա ամենամեծ երազանքը ընտանիք կազմելն է, թեեւ հասկանում է, որ այսօր չափազանց կարեւոր է աշխատանք ունենալը: Նա համոզված է, որ ապագա ամուսնու հետ կհաղթահարեն կյանքի դժվարությունները:
Կարինե
Գյումրիի խանութներից մեկում հավաքարար աշխատող 64-ամյա Կարինեն (անունը փոխված է) վախենում է, որ եթե խանութի տերն իմանա, թե ինքը նախկին դատապարտյալ է, իրեն աշխատանքից կազատի: «Այդ պատճառով էլ աշխատանք փնտրելուց չեմ նշել այդ մասին»,- ասում է Կարինեն, ով այդ աշխատանքի դիմաց ամսական 15.000 դրամ է ստանում:
«Կալանավայրից վերադարձած կանայք սովորաբար իրենք իրենցով են այդ հարցը լուծում ու ժամանակավոր աշխատանք գտնում»:
Կարինեն ապրում է Գյումրիի ծայրամասային «Անի» թաղամասի ձեղնահարկերից մեկում, դստեր մոտ: «Աբովյան» ՔԿՀ-ում 12 տարի անցկացնելուց հետո (1999-2011թթ.), Կարինեն դժվարությամբ է հաղթահարում ազատության պայմաններում առկա ամենօրյա խնդիրները:
Ըստ Կարինեի` ինքը դատապարտվել է քրոջ որդիների փոխարեն, ովքեր սպանել էին քրոջը` անբարո վարքի համար:
«Ես էլ իմ վրա վերցրի սպանությունը` մտածելով, թե որպես կնոջ` պատիժը կմեղմեն: Բայց դատարանը անողոք գտնվեց: Նստեցի «ՏՑ ջՉՏվՍՈ ՊՏ ջՉՏվՍՈ»»,- պատմում է Կարինեն:
Նա ասում է, որ իրեն հենց առաջին օրվանից ղեկավարները լավ են վերաբերվել։ «Ջահել էի, թռվռալով աշխատում էի, իրենք էլ տեսնում ու գնահատում էին: Ռեժիմի պետն էլ, որ տեսավ` լավ եմ աշխատում, տարավ ինձ անչափահասների տեղամասում աշխատելու` նրանց շորերն էի լվանում ու արդուկում»,- ասում է Կարինեն:
Զուգահեռ տանելով իր ներկա եւ անցյալ կյանքի միջեւ` Կարինեն ասում է. «Օրը երեք անգամ հաց էինք ուտում, ամեն օր լողանում, հանգիստ իմ համար աշխատում էի, ավելորդ բաների մասին չէի մտածում… շատ լավ էր: Իսկ հիմա` առավոտ աչքս բացում եմ, մտածում խնդիրների մասին»:
Կարինեն մտահոգվում է այն մասին, որ վերջապես իրեն էլ հասնի տուն ստանալու հերթը: 1988թ. երկրաշարժի ժամանակ տունը փլվել է: Ձեղնահարկում, որտեղ բնակվում է աղջկա հետ` խոնավությունից պատերը ճաք են տվել ու բորբոսնել, անձրեւի ժամանակ էլ դույլերը չեն հասցնում շարել կաթոցների տակ:
«Իմ` կալանավայրում եղած ժամանակ, Գյումրիում մեկնարկում է բնակարանային ծրագիրը` գրանցում են բոլոր նրանց, ովքեր երկրաշարժից կորցրել են իրենց տանիքը: Աղջիկս պետք է գար այդ ժամանակ Աբովյան, որպեսզի ինձնից լիազորագիր բերեր ու ներկայացներ բնակարանային ծրագրին, որպեսզի ինձ էլ հաշվառեին, ես էլ եմ կորցրել բնակարանս, բայց փող չունենալու պատճառով չի կարողանում գալ»,- պատմում է Կարինեն եւ ավելացնում, որ Գյումրիի քաղաքապետարանից խոստացել են իր հարցը քննարկել ու հնարավորինս աջակցել, քանի որ բնակբաշխման համար արդեն չեն հերթագրում:
Սակայն Կարինեին առավելապես հուզում է այն, որ աշխատանքը չկորցնի, ոչ թե բնակարան ունենալը:
Գյումրիի «21-րդ Դար-Զբաղվածություն» հ/կ-ի նախագահ Սվետլանա Ալեքսանյանն ասում է, որ նախկին կին դատապարտյալներն իրենց չեն դիմում աշխատանքի խնդրով, փոխարենը` դիմում են տղամարդիկ:
«Նախկին կին դատապարտյալները աշխատանք փնտրելիս գերադասում են լռել իրենց անցյալի մասին: Թերեւս, հոգեբանական խնդիրն է գերակշռում` առկա է մտավախություն, որ հասարակությունը նման կանանց չի ընդունում»,- ասում է Ալեքսանյանը:
Գյումրիում չկա որեւէ պետական կամ հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է նախկին կին դատապարտյալների խնդիրներով:
Լիա ԽՈՋՈՅԱՆ
Panorama.am