Մեռած են, բայց թաղված չեն

05/04/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կատուն սողալով անցնում է Վարդգես պապի պատառոտված «մաշիկների» վրայով ու թռնում է պահարանի վրա` հանդիսավոր տեղավորվելով ծերունու կողքին: Պապի անփայլ աչքերը կծկվում են, դեմքի անթիվ կնճիռները ձգվում են, ու Վարդգես պապը ժպտում է: Ավելի ճիշտ` ուզում է ժպտալ, բայց էնքան հոգնած է, որ կուզենար վերանալ էս աշխարհից: Կատուն էնպես է «ձեւեր թափում», սեթեւեթում, որ տիրոջ ուշադրությանն արժանանա, բայց Վարդգես պապը նույնքան անտարբեր ու «քար» է, որքան` միացրած հեռուստացույցի միջից երեւացող այն պաշտոնյան, ով խոսում է երկրի զարգացման մասին, բայց էկրանից այս կողմ` իրեն ուշադիր լսող Վարդգես պապից պատկերացում չունի: Սենյակ է մտնում անբնական գիրացած տիկին Անահիտը, ով կաշկանդված ու շփոթված այս ու այն կողմ է նայում: Ասում է. «Կներես, չեմ լսում: Դու մեզ կօգնե՞ս»: Չլսելու բարդույթից տիկին Անահիտը գրեթե բղավելով է խոսում: «Ինչո՞վ»,- հարցնում եմ, բայց քանի որ չեմ կարողանում հավուր պատշաճի բղավել ու հարցս լսելի դարձնել, միջամտում է ամուսինը` Վարդգես պապը. «Ինչո՞վ, ինչո՞վ… Մեզ մի օգնություն ա պետք. էնպես արա, որ տանջվելու փոխարեն` հողի տակ հանգչենք»: Հետո դանդաղ շարժումով գրկում է ոտքերի տակ թավալվող կատվին ու այնքան նուրբ է շոյում, որ թվում է` էս աշխարհում ունեցած ամենաթանկ բանն էդ չորքոտանին է:

Էրեբունի վարչական շրջանի 6-րդ փողոցի 66 ա շենքում բնակվող ամուսինների սենյակը նույնքան դատարկ է, որքան նրանց ներաշխարհն ու ապրելու իմաստը: 65-ն անց Վարդգես պապն ասում է, որ ապրում են իր 27.000 դրամ ծերության թոշակով, որից միայն 20.000-ը սենյակի համար են վճարում: Ամուսիններն անօթեւան են, դրա համար էլ ծվարել են հանրակացարանի մի քանի մետրանոց սենյակում, որն ավելի շատ նկուղի է նման: «Ամեն օր գնում ստեղից-ընդեղից կարտոն, ցելոֆան եմ հավաքում, զիբիլ-միբիլ բերում-վառում ենք, որ մի քիչ տաքանանք: Ես ջհանդամ, կինս հիվանդ ա»: Անահիտ տատն աստիճանաբար կորցնում է լսողությունը. «Գրիժաս, գիտե՞ս, ինչ տանջանքներ եմ քաշում ես էդ ցավերի ձեռքը: Ասում են` պիտի վիրահատես, բայց ո՞նց, գիտե՞ս` ինչ գներ են: Արդեն չեմ կարում ման գամ ցավից, քանի գնում` ուռում-կախվում ա: Գնացի պոլիկլինիկա, ահագին մեծ ցուցակ դեղեր գրեցին, տվեցին ձեռքս, թե` պիտի բուժվես, հետո էլ` վիրահատվես: Ցուցակը ճղեցի, գցեցի: Ո՞նց առնեմ, ասա՛…»,- բղավում է Անահիտ տատն ու, գլուխն ափերի մեջ առնելով, սկսում է հեկեկալ: Ասում է` երբեւէ չի դիմել լսողական սարք ձեռք բերելու համար` հասկանալով, որ վճարման կարիք է լինելու: Տիկին Անահիտի կենսաթոշակային տարիքը չի լրացել, հետեւաբար` ապրում են միայն Վարդգես պապի 27.000 դրամ թոշակով, որից 20.000-ը, ինչպես նշեցինք, վճարում են միայն ապրելատեղի համար: Հարցնում եմ. «Բայց 7000 դրամով ո՞նց եք ամբողջ ամիսն անցկացնում»: Երկուսն էլ շվարած նայում են երեսիս: «Օր ա լինում` ցամաք հացի մասին երազում ենք, բայց հիմնականում խանութներից պարտքով հաց ենք վերցնում: Չենք էլ պատկերացնում` ինչ ա լինելու: Էնքան պարտք ենք, որ էլ չեն էլ տալիս: Մարդ չգիտի` էդ 7000-ով մի քանի օր սնվի՞, պարտք տա՞, լույսի փող տա՞… Հես ա, որ պարտատերերը խեղդեցին` ի՞նչ ենք անելու: Մարդ ուզում ա կյանքին վերջ տա ու չտանջվի»,- ասում է Վարդգես պապն ու արհամարհանքով կատվին ծեփում է պատին: Հարցնում եմ` «Երեխաներ չունե՞ք»: Երկուսն էլ լռում են ու երկուսն էլ, թաքցնելով աչքերը, խուսափում են հարցից: Հետո տիկին Անահիտն ինձ խնդրում է երեխաներից հարցեր չտալ, որովհետեւ ցավոտ է: «Մի տղաս հիվանդացավ, թոքերը թարախակալվել էին, շատ չանցած` մահացավ: Մյուս տղաս գնացել էր Ռուսաստան աշխատելու: Մենակ էն լուրն ենք լսել, որ սպանել են: Մնացել ա աղջիկս, որն ամուսնացած ա, ընտանիք ունի ու մեզնից ավելի վատ վիճակում էլ նա ա»: Երեխաների մասին խոսելիս ամուսինները շատ զուսպ են ու մանրամասներ չեն պատմում: Երկուսի աչքերն էլ միայն կարմրում են, իսկ Վարդգես պապն էնքան է դառնանում, որ սկսում է հեկեկալ: Ներս է մտնում հարեւանուհի Գայանեն ու փորձում է հասկանալ իրադրությունը: Ամոթանք է տալիս «էս երկրի տերերին», որ ծերերին ողջ-ողջ թաղում են: Ասում է` տիկին Անահիտն առողջական ծանր խնդիրներ ունի, բայց վախենում է ոտք դնել բուժհաստատություն. «Հետո՞ ինչ, որ զավակներին կորցրել են, ուրեմն` սենց անտեր-անտիրական պիտի մեռնե՞ն: Բա ամոթ չի՞, իրանք էլ ունեն ծեր ծնողներ, պատկերացնո՞ւմ են, որ կարող ա իրանց հերն ու մերն էս վիճակում հայտնվեին: Թե՞ երկրի փողերով մենակ իրանց մերձավորներին են տաքուկ տեղ տալիս, պաշտպանում: Ախր, դուք չեք պատկերացնում էս մարդկանց վիճակը: Օր ա լինում` ցամաք հաց էլ չեն ունենում ուտելու: Իսկականից մեռած են` թաղած չեն»:

Ամսական 7000 դրամով ապրող Վարդգես Միքայելյանն ու Անահիտ Աղաջանյանն աղքատության նպաստ չեն ստանում: Հարցնում եմ` «Բայց ինչո՞ւ»: Ուսերն են թափ տալիս: «Չենք դիմել»,- պատասխանում է Վարդգես պապը: «Բայց ինչո՞ւ, կընդգրկվեք նպաստառուների ցուցակում»,- կրկին հարցնում եմ: Երկուսն էլ անտարբեր նայում են իրար: Տիկին Անահիտը գոռալով ասում է, որ ինքը չի կարող, որովհետեւ նախ` հիվանդության պատճառով տանից դուրս չի գալիս, եւ բացի դա` չի կարող այդ հարցերով զբաղվել, որովհետեւ, երբ մի բան փորձում են բացատրել` չի լսում, շփոթվում, կարկամում է: «Չգիտեմ, հոգնել եմ, երեւի էլ ոչ մի բան չեմ ուզում: Գործ էի ման գալիս: Ես էլեկտրականությունից լավ հասկանում եմ, կամ պահակության գործ էի խնդրում: Շատ երկար եմ փնտրել, բայց… Մտածում էի` իմ աշխատանքով գումար կվաստակեմ, իսկ պետությունը թող իրա ողորմությունն իրան պահի: Չտվեցին գործ, տարիքիցս դժգոհ են: Տարիքիցս ես էլ եմ դժգոհ: Հոգնել եմ, գիտե՞ս…»,- ասում է Վարդգես պապն ու հեռուստացույցն է միացնում: Հենց տարիքից ու կյանքից հոգնում է` միացնում է հեռուստացույցն ու երկու բան է դիտում` լուրեր ու սերիալ: Լուրերն ու սերիալն իրականությունից փախչելու միակ դեղատոմսն են: Վարդգես պապն այդ կերպ հայտնվում է մի ուրիշ` երջանիկ իրականության մեջ: Այն Հայաստանը, որտեղ ինքն ապրում է` հեռուստացույցով դառնում է գունավոր, օրինական ու օրինակելի: