ԼՂՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, սեպտեմբերին Ստեփանակերտում բնակելի տարածության քառակուսի մետրը տատանվում էր 120-260 ԱՄՆ դոլարի սահմաններում: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ բնակտարածության գինն աճել է 38 տոկոսով:
Ամենաէժան տները Մարտակերտում են, որոնց գինը մեկ քմ բնակտարածության համար կազմել է 35 դոլար, Ասկերանում այն կազմել է 59 դոլար, Մարտունիում՝ 65 դոլար, իսկ Հադրութում՝ 42,5 դոլար:
Շուշիում գներն աճել են 71 տոկոսով՝ միջին հաշվով մեկ քառակուսի մետր բնակտարածության դիմաց կազմելով 42 դոլար: Չնայած բնակարանների գների բարձրացմանը, բնակություն հաստատելու նպատակով Շուշի են գալիս նաեւ ընտանիքներ Հայաստանից:
Ավանեսյանների ընտանիքը ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղից Շուշի է տեղափոխվել երկու շաբաթ առաջ: Ինչպես պատմում է Աղվան Ավանեսյանը, նրանք նախկինում ապրում էին Բերդաձոր գյուղում: Արցախյան պատերազմի տարիներին տեղափոխվեցին Որոտան գյուղ, որտեղ զբաղվում էին անասնապահությամբ եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Ապրում էին բավականին նորմալ, սակայն ստիպված էին երեխաների հետագա կրթության համար տեղափոխվել Ղարաբաղ, քանի որ Երեւանում բարձրագույն կրթություն ստանալու համար շատ ծախսեր է պահանջվում: ԱյԺմ նրանց երեխան սովորում է Արցախի պետհամալսարանում: «Ճիշտ է , սոցիալապես ավելի վատ վիճակում ենք այստեղ, բայց երեխաների ապագայի համար կարելի է որոշ զիջումներ անել, առավել եւս` երբ Հայրենիքում ես: Իսկ ինչ վերաբերում է հենց Շուշիում բնակվելուն, ասեմ, որ այստեղ՝ Ստեփանակերտի համեմատ բնակարանների գները բավականին ցածր են, դրա համար էլ այստեղ ենք բնակարան գնել»,- նշեց Ա. Ավանեսյանը: Ներկայումս Ավանեսյանների ընտանիքից ոչ ոք չի աշխատում, բայց, ինչպես նշում է ընտանիքի հայրը, աշխատասեր մարդը միշտ էլ աշխատանք է գտնում: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ վերջերս տարբեր քաղաքագետների կամ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող տարբերակների մասին, Աղվան Ավանեսյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ նախ` հնարավոր չէ փախստականների վերադարձի ապահովումը, առավել եւս` նրանց միասին բնակվելը, հետո էլ` հարցի կարգավորման կարեւոր խոսքը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդինը: «Եվրոպացին կամ այլազգի ոչ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը»,- կարծում է Շուշիի բնակիչը:
Սուրեն Թունյանի ընտանիքը ՀՀ Ջերմուկ քաղաքից Շուշի է տեղափոխվել 2004 թվականի նոյեմբերի 1-ին: Ջերմուկում պարոն Թունյանն աշխատում էր քաղաքային հիվանդանոցում` որպես թերապեւտիկ բաժնի վարիչ։ Նա ծնունդով Ղարաբաղի Մաճկալաշեն գյուղից է: Նրա խոսքերով, հենց արյան կանչն է նրան ստիպել գալ Արցախ: «Ես միշտ էլ պարտք էի զգում իմ Հայրենիքի հանդեպ, դրա համար էլ եկա այստեղ` իմ աշխատանքային փորձով օգնելու արցախցիներին: Այժմ աշխատում եմ Շուշիի հիվանդանոցում եւ գոհ եմ իմ աշխատանքից ու կոլեկտիվից: Ներկայումս ապրում եմ որդուս հետ, որն աշխատում է սպորտդպրոցում՝ որպես մարզիչ»,- մեր զրույցի ժամանակ փաստել է նա:
Բացի Հայաստանից տեղափոխված ընտանիքների` Շուշիում բնակվում են նաեւ Ադրբեջանից եւ Մարտակերտի տարբեր շրջաններից բռնագաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ: Այստեղ է գործում նաեւ Փախստականների եւ բռնի տեղահանվածների կազմակերպությունը, որը զբաղվում է փախստականների հիմնախնդիրներով ու նրանց իրավունքների պաշտպանությամբ:
Հայտնի է նաեւ, որ մոտակա տարիներին այս հինավուրց քաղաքի զարգացմանն առավել մեծ ուշադրություն է դարձվելու: Իշխանությունները նպատակ ունեն այստեղ ստեղծել բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ: