Հաճախ մազերի որակը վատանում է վատ խնամքի եւ անուշադրության պատճառով։
Մենք խոսելու ենք այն քիմիական, մեխանիկական եւ ջերմային ազդեցությունների մասին, որոնց հետեւանքով առաջանում են մազերի կոտրտվածություն եւ արհեստական թեփոտում։ Թեփոտումը առաջանում է նաեւ որոշ հիվանդությունների պատճառով։
Մազերի կոտրտվելը դրանց շերտավորման արդյունք է։ Կարող է առաջանալ` արեւահարումից, ցրտահարումից, էլեկտրական հարդարող պարագաների ոչ ճիշտ օգտագործման, կեղծամների եւ առաձգական օղակների պատճառած վնասվածքներից, քիմիական նյութերը չարաշահելու հետեւանքով։
Հայտնի է, որ նման դեպքում կարեւոր է ամիսը մեկ անգամ հավասարեցնել մազերը, լավ է, որ դա արվի հատուկ «տաք» մկրատով, քանի որ այսպիսով մազերի վերջույթների շերտերը «զոդվում» են, ինչի շնորհիվ գործընթացը դանդաղում է։
Արտադրվում են «կոնդիցիոներ» բալասաններ, որոնք նույնպես դանդաղեցնում են մազերի կոտրտման ընթացքը, սակայն սա ընդամենը ժամանակավոր կոսմետիկ բնույթ է կրում` փակում է վնասված հատվածները։
Արդյո՞ք մազերի աճը կարագանա, եթե ամիսը մեկ անգամ հավասարեցնենք եւ վերացնենք կոտրտվող հատվածները։ Մազերը արտաքուստ կունենան առողջ եւ խնամված տեսք, սակայն առողջական խնդիրները չեն լուծվի, եւ աճը չի խթանվի։ Խնդիրը նրանում է, որ օգտակար նյութերի առյուծի բաժինը յուրացվում է մազերի վերջույթներում, այդ պատճառով կորում է դրանց փայլը եւ վատանում տեսքը։ Թեեւ մազերի վիճակը հիմնականում կողմնորոշված է գենետիկորեն, այնուամենայնիվ, դրանց որակը կարելի է բարելավել։
Ինչպե՞ս եւ ի՞նչ հաճախականությամբ լվանալ մազերը։
Խուսափեք տաք, կոշտ բաղադրություն ունեցող ջրից. այն չորացնում է մազերը եւ մաշկը։
Ցանկալի է, որ ցայեք զով ջրով` այդ դեպքում մազերը կդառնան ավելի փայլուն եւ ենթարկվող։
Ուշադիր եղեք օճառահեղուկի բաղադրությանը եւ, թե ինչ կարգի մազերի համար է այն նախատեսված. չոր, նորմալ թե ճարպոտ։ Կարեւոր է իմանալ, որ մազերը «հարմարվում» են ոչ միայն քիմիական, այլեւ օճառահեղուկի բուժիչ հատկություններին։ Օրինակ, եթե դուք երկարատեւ օգտագործեք նույն լվացող միջոցը, ապա օրգանիզմը վաղ թե ուշ կգտնի դրա դեմ «հակամիջոց»։ Առնվազն 3 ամիսը մեկ փոխեք օճառահեղուկը կամ այլ լվացող միջոցը։ Ցայեք մազերը ձեզ հարմար դեղաբույսերի թուրմով։
Մազերը լվանալու հաճախականությունը թելադրվում է անհատական անհրաժեշտությամբ։ Օրինակ` լավագույն (օպտիմալ) pH ունեցող օճառահեղուկը հարմար չէ երկար մազերի համար, քանի որ վերացնում է ճարպի շերտը, մազերը դառնում են չոր եւ թույլ։ Այնինչ կարճ մազերը կարելի է լվանալ թեկուզ ամեն օր, քանի որ դրանք մոտ են ճարպագեղձերին։ Հաճախակի լվանալու դեպքում բավարար է քսել օճառահեղուկը մեկ անգամ, քանի որ այն շատ արագ է ազդում` գրեթե ակնթարթորեն լուծում քրտինքը, ճարպերը, փոշին եւ այլն, կարեւոր է` լավ լվանաք տաք ջրով։
Ինչի՞ց է առաջանում թեփը։ Պատճառները հիմնականում շատ ցավալի, առօրյա բնույթ են կրում.
– Ֆենի հաճախակի օգտագործում,
– քիմիական արհեստական գանգրացում,
– մազերի գունաթափում։
Օճառահեղուկն ունի ընդամենը ժամանակավոր դրական ներգործություն, այն էլ` ոչ միշտ, իսկ երբեմն էլ նկատվում է տրամագծորեն հակառակ ազդեցություն` թեփն ավելանում է։
Ոսկի օրենքը ասում է` եթե միջոցն օգնել է, ապա պարտադիր ընդմիջեք դրա օգտագործումը։
Կարեւոր է ի նկատի ունենալ, որ օճառահեղուկը նախատեսված է` գլխամաշկի, իսկ բալասանը` մազերի խնամքի համար։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ գլխամաշկը կարող է լինել չոր կամ ճարպոտ, իսկ մազերը` հակառակը կամ նորմալ։
Ճարպոտ գլխամաշկի խնամքի համար նախատեսված օճառահեղուկները կարող են տարբերվել բաղադրությամբ։ Նաեւ այդ պատճառով կարեւոր է հաճախակի փոխել օճառահեղուկը։ Ինչպես նշեցինք, օճառահեղուկը կարճատեւ են պահում գլխի վրա, բալասանը կարելի է պահել երկար եւ ստանալ բուժիչ արդյունք։ Այս տեսանկյունից կարեւոր են դառնում ժողովրդական միջոցները կամ դեղաբույսերից պատրաստված գիտական պատենտավորում ունեցող բալասանները։ Մեր թերթի թիվ 31-ում` որպես օրինակ, նշել ենք հայրենական «Գառնի» լոսյոնը։
Արդյոք կա՞ն հրաշալի միջոցներ, որոնք ի զորու են վերականգնել մազերը։ Ո՛չ, եթե մազերը վնասվել են, ապա կպահանջվի երկարատեւ բուժում, որը սկսվում է` դրանք կարճ կտրելով։
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չվնասվեն։
– Օգտվեք միայն բնական նյութերից պատրաստված խոզանակներից։ Խոնավ մազերը սանրեք ռետինե գլխիկներով պատրաստված շոշափուկներ ունեցող լայն խոզանակով։
– Սանրեք մազերը լվանալուց առաջ, դրա շնորհիվ մազերը կմաքրվեն մազերի եւ գլխամաշկի վրա հավաքված ավելորդ մարմիններից, կավելանա արյան հոսքը, մազարմատների (ֆոլիկուլներ) մատակարարումը թթվածնով։
Շաբաթը մեկ անգամ խոնավացրեք մազերը ժոժոբի յուղով։
Առավելագույնը` երկու ամիսը մեկ անգամ կարճացրեք մազերը մեկ սանտիմետրով։
Շատ կարեւոր դեր է կատարում գլխամաշկի մերսումը, այդ ոչ բարդ գործողությունը զգալիորեն ամրացնում է մազարմատները, որոնց ամրացմանը եւ թեփի նվազելուն օգտակար է մաքուր մազերը ցայել կանաչ թեյի թուրմով։
Կարեւոր է, որպեսզի մազերը սանրելու ընթացքում չիոնիզացվեն (էլեկտրական լիցքեր). սանրի վրա կաթեցրեք մի քանի կաթիլ վարդի կամ նարդոսի եթերային յուղ (լուծեք 1 թ/գ կաթի մեջ)։
Խոնավ մազերը դժվար են կլանում ներկանյութը, տնային պայմաններում ներկելիս թրջեք մազերի վերջույթները ջրով, որպեսզի դրանք շատ չքայքայվեն, հետո ծայրերը կտրեք (1 սմ)։
Քիմիական մշակումը բացասաբար է ազդում մազի արտաքին շերտի վրա (կուտիկուլա), որը ներծծում է ներկանյութը։ Կարեւոր է, որ օգտագործեք մազերի գույնը եւ փայլը պահպանող միջոցներ։
Հնարավորինս խուսափեք խոնավ մազերը սանրելուց։
Բարձր ջերմաստիճաններն ունեն քայքայիչ ազդեցություն կուտիկուլի վրա, պահպանեք զգուշություն։
«Մազերի փայլը առավել կարեւոր չափորոշիչն է»,- այսպես է պատասխանել տղամարդկանց մեծամասնությունը այն հարցին, թե ի՞նչն են նրանք համարում մազերի գեղեցկության չափանիշ։
– Մազերին փայլ է հաղորդում բաց գույնի գարեջուրը։ Եթե մազերը չոր են, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։
– Մազերը մշակեք նուշի յուղով, այն նաեւ վերացնում է կոտրտվածությունը։
– 100 մլ զտված ջրին խառնեք 10-20 մլ կիտրոնի հյութ, ասում են, թե այս միջոցը կիրառել է շիկահեր Մերիլին Մոնրոն։
– Ներկած մազերն ամրացնող միջոց։ Հարեք ձուն` քանակը կախված է մազերի խտությունից եւ երկարությունից։ Ձվի փրփուրը քսեք խոնավ (կամ չոր) մազերին, 5 րոպե մերսեք գլխամաշկը։ Լվացեք գլուխը գոլ (35 C) ջրով, որպեսզի ձուն չխաշվի։ Եթե մազերը շատ թույլ են, կրկնեք 2-3 անգամ, հետո փաթաթեք սրբիչով, սանրել կարելի է միայն 30-40 րոպեից։
Ներկած մազերի սնուցում
– Խառնեք հավասար քանակությամբ հազարատերեւուկը, եղեսպակը, ծիծեռնախոտը եւ երիցուկի ծաղիկը։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 30 րոպե 1 լ եռջրում։ Փաթաթեք տարան սրբիչով։ Քամեք։
– Տարեկանի (սեւ) հացը 3-6 ժամ թրմեք եռջրում (1։3)։ Լուծույթը քամեք, զտեք քառատակ թանզիֆով։ Հատակին մնացած խյուսը մերսեք մազերին։ Պահեք մինչեւ 5 րոպե լվացեք գոլ ջրով։
Ունի նաեւ ամրացնող հատկություն։
Ներկելու հետեւանքով թուլացած մազերը վերականգնող. Մանրացրած մեկ կծու կարմիր պղպեղը 7 օր թրմեք 100 մլ սպիրտի մեջ։ Քամեք։ Օգտագործելուց առաջ ոգեթուրմը լուծեք եռջրում (1։10)։ Ներմերսեք գլխամաշկին։ Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ։ Կարող եք կատարել քնելուց առաջ եւ թողնել մինչեւ առավոտ։
Մազերն ամրացնող
Ջղախոտի յուղ։ Լվացեք, չորացրեք քամիչի վրա ջղախոտ (եզան լեզու) մեծի տերեւները, մանր կտրատեք, ավելացրեք չզտված արեւածաղկի յուղ (1։1)։ Երեք շաբաթ թրմեք հով տեղում, պարբերաբար թափահարեք տարան։ Խառնուրդը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք, մզեք հումքը, զտեք թանզիֆով։ Պահեք մուգ տարայի մեջ, սառնարանում։
Լվացված, կիսախոնավ մազերին քսեք բուժիչ յուղը, պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով եւ օճառահեղուկով։
– Խառնեք գազարի եւ դաղձի տերեւները (4։1)։ Հումքի 5 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ եռջրով։ Քամեք, ավելացրեք 30 մլ կիտրոնի հյութ (1 հատիկ)։ Ներմերսեք մազարմատներին գլուխը լվանալուց հետո։
– Խառնեք գազարի եւ կիտրոնի հյութերը (1։1)։ Ցայեք մազերը լվանալուց 2 ժամ առաջ. նպաստում է աճին։
Թեփոտում. պատճառները եւ պայքարի ձեւերը
Թեփոտման պատճառներից մեկը մակրոսկոպիկ, թթխմորի սունկն է, որն ապրում է ցանկացած մարդու մազերի վրա։ Առողջական խնդիրներ առաջանալու դեպքում սունկը շատ արագ բազմանում է` առաջացնելով թեփոտում։
Դեղատներում հարցրեք «Նիզորալ» բուժիչ օճառահեղուկը, որը ոչնչացնում է այդ միկրոսնկերը։
Միջոցներ թեփի դեմ
Ճարպոտ թեփի եւ մազաթափության դեպքում պատրաստեք վաղենակի ծաղիկների 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Շաբաթը 2 անգամ քսեք գլխամաշկին (ոչ ավել 4-5 մլ), գլուխը փաթաթեք սրբիչով, 30 րոպեից լվացեք գոլ ջրով։
– Մեկ ճ/գ չոր, մանրացրած եղինջի տերեւը 24 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Երեկոյան քսեք գլամաշկին, մազերը պետք չէ ցայել, պահեք մինչեւ առավոտ։ Կատարեք շաբաթը 2 անգամ, շարունակեք 2 ամիս։
– Մազերի ողջ երկայնքով խիտ քսեք կտրված կաթ, սիճուկ կամ մածուն, ներմերսեք նաեւ մաշկին։ Պահեք 30 րոպե, լվացեք մանանեխի ջրային լուծույթով (1 ճ/գ, մեկ լիտր ջուր)։
– Գլխամաշկին ներմերսեք երիժնակի յուղ, մեկ ժամից լվացեք։ Կատարեք շաբաթը 2-3 անգամ։ Շարունակեք 3 ամիս։
Սեբորեան առաջանում է, երբ ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարման հետեւանքով մազերը նորմալ ճարպային սնունդ չեն ստանում։
Չոր սեբորեայի դեպքում գլխամաշկը եւ մազերը պատրաստվում են` մեծ քանակությամբ չոր, իսկ ճարպոտի ժամանակ` ճարպոտ թեփուկներով։
Կարեւոր է անհապաղ դիմել բժշկի եւ անցնել համապատասխան հետազոտություններ։ Այս հիվանդության պատճառներն, ինչպես գրել ենք թիվ 31-ում, ներքին դրդապատճառներ ունեն։
Ճարպոտ թեփով պատած մազերը կարելի է լվանալ 3-4 օրը մեկ անգամ մանկական օճառով կամ այլ հատուկ բուժիչ օճառահեղուկով։ Լվացող միջոցը ջրով բացեք ափերի մեջ եւ քսեք նախապես գոլ ջրով թրջած մազերին եւ գլխամաշկին։
Մի քանի րոպե պահեք մազերին, ապա լվացեք գոլ ջրով, կարճատեւ բարձրացրեք ջրի ջերմաստիճանի (մոտ 50 C) եւ կրկին իջեցրեք գոլ վիճակի։
Չոր թեփով պատած մազերի արմատներին լվանալուց 40-50 րոպե առաջ գերչակի յուղ քսեք։
Այն սնում է մազարմատները, փայլ է հաղորդում մազերին, փափկեցնում թեփուկները, որոնք հեշտությամբ անջատվում են մազերից եւ մաշկից։
Չոր թեփով պատած մազերը եւ չոր մազերը պետք չէ լվանալ օճառով։ Ավելի ճիշտ է լվանալ ձվի դեղնուցով կամ ձվի օճառահեղուկով։