Դա վաղուց էր եւ սխալ

03/04/2012

Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն հետաքրքիր իրավիճակ է ստեղծել Երեւանի թիվ 2 ընտրատարածքում` Նոր Նորքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Հայլուրի» տնօրեն Սամվել Ֆարմանյանը, ով այդ ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց այն ժամանակ վերջինս ընդդիմադիր ներկայացող ՕԵԿ-ի անդամն ու թեկնածուն էր եւ պարտվեց ՀՀԿ թեկնածու Ռաֆիկ Պետրոսյանին: Բանն այն է, որ 2007թ. այդ տարածքում Ռ.Պետրոսյանի օգտին քարոզող ՀՀԿ-ի ակտիվիստներն ու իշխանության վարչական լծակներն աշխատում էին Ս.Ֆարմանյանի դեմ: Այժմ արդեն պետք է նրա օգտին աշխատեն, քանի որ այս անգամ ինքն է ՀՀԿ-ի թեկնածուն: Եվ այդ տարածքում ՀՀԿ-ի թաղային հեղինակություններն ընկել են անհարմար վիճակում, որ պետք է գովաբանեն մի թեկնածուի ու նրա համար ձայներ բերեն այն դեպքում, երբ 5 տարի առաջ հակառակն էին անում: Մեր տեղեկություններով` այդ մարդկանց շրջանակներում Ս.Ֆարմանյանի հետ կապված դժգոհություն է առաջացել, եւ չի բացառվում, որ նրան անցկացնելու համար համայնքի հեղինակություններն այնքան էլ ակտիվ չլինեն: Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքում, Ս.Ֆարմանյանից բացի, առաջադրվել են նաեւ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, ՀՀԿ մեկ այլ անդամ Հայկ Հայրապետյանը եւ անկուսակցական Ալբերտ Սարգսյանը: