Ո՞վ կմիանա ՀԱԿ-ին

03/04/2012

ԱԺ ընտրություններից հետո արդյո՞ք ընդդիմադիր ուժերը կփորձեն իշխանափոխության կամ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց բարձրացնել: Անցած շաբաթ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում իրենք անմիջապես կբարձրացնեն Ս.Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»: Այս հարցում կմիանա՞ն ՀԱԿ-ին մյուս ընդդիմադիր ուժերը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե շարունակելու են պայքարել իշխանության հրաժարականի եւ անցած տարիներին տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման համար: ՀՅԴ-ից հրաժարվել են որեւէ կերպ պատասխանել այդ հարցին: Խորհրդարանական ընտրություններին 50+1 տոկոսի եւ բացարձակ իշխանության ձգտող ԲՀԿ-ն նման քայլ կանի՞, թե՞ գոնե մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները հավատարիմ կմնա կոալիցիոն հուշագրին: «Ապագային ուղղված ոչ մի ենթադրական հարցի չեմ ցանկանում պատասխանել: Այս պահին ԲՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով»,- պատասխանել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: