Որքան վատ, այնքան լավ

03/04/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ իշխանություններին քննադատում են տնտեսական քաղաքականության ձախողման եւ լուրջ բարեփոխումներ իրականացնելու կամքի բացակայության համար, ոմանք պատասխանում են` հո կառավարությունը սեփական ժողովրդի թշնամին չէ՞։

Ո՞ր նախագահը, վարչապետը կամ ընդհանրապես քաղաքական ուժը չի ցանկանում, որ ժողովուրդը լավ ապրի։ Առաջին հայացքից այս հարցն ունի պարզ պատասխան. ոչ ոք նման բան չի ցանկանում, առավել եւս, քաղաքական գործիչը, որը կախված է այդ նույն ժողովրդի քվեից։ Սակայն կոնկրետ Հայաստանի պարագայում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Հարցն այն է, որ կա շահերի ակնհայտ բախում, եւ երկու երնեկ մի տեղ չի լինում։ Երբ գալիս է ընտրությունների կամ լուրջ քայլերի ժամանակը, կուսակցական ու անձնական շահերը բախվում են պետական շահերի հետ։ Իսկ թե շահերի բախման արդյունքում որի՞ն է նախապատվություն տրվում, դրա ամենալավ օրինակը վերջին 20 տարվա ՀՀ պատմությունն է` իր բոլոր ընտրություններով հանդերձ։

Օրինակ, բոլորն են ընդունում, որ առանց նորմալ ընտրությունների մեր երկիրը երբեք առաջ չի գնա, որքան էլ տարբեր բարեփոխումներ իրականացվեն, եւ որքան էլ միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշը բարձրանա։ Ամենից լավ սա հասկանում են թերեւս իշխանությունները։ Իսկ ինչո՞ւ այսքան ժամանակ թույլ չեն տվել, որպեսզի ժողովուրդը ընտրությունների միջոցով ազատ արտահայտի իր կամքը։ Կարծում ենք` ոչ ոք չի կասկածում, որ ցանկության դեպքում իշխանությունը կարող է ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Չեն ապահովում, որովհետեւ ազատ ընտրության արդյունքում կարող է լինել իշխանության փոփոխություն։ Իսկ կոնկրետ Հայաստանում իշխանության համար դա վտանգավոր է. դա ոչ միայն քաղաքական առումով է վնասակար, այլ կարող է ուղղակի վնաս հասցնել անձնական եկամուտներին եւ առողջությանը։ Այսինքն՝ անձնական, կուսակցական շահը հաղթել է պետական շահին։ Լավ, եթե ընտրությունների ելքը կենաց ու մահու հարց է, եւ հասկանալի է, թե իշխանություններն ինչու չեն գնա արդար ընտրություններին, ապա ի՞նչ կարելի է ասել սոցիալ-տնտեսական ոլորտի մասին։ Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ պետությունը ոչ միայն լուրջ քայլեր չի կատարում վիճակը շտկելու համար, այլ` ցանկություն ու շարժառիթ էլ չունի դրա համար։

Մեր թերթի ընթերցողները քաջ ծանոթ են Լուսինե Ստեփանյանի հոդվածներին։ Դրանցից մեկում Լուսինեն գրել էր մի ընտանիքի մասին, որը բնակվում էր հանրակացարանում։ Ընտանիքի երիտասարդ մայրը չի կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձը` 5-6 հազար դրամ։ Տունը (եթե կարելի է այդպես անվանել) չի տաքացվում` 2 եւ 5 տարեկան երեխաները ցրտին չեն դիմանում եւ օրվա մի մասն անցկացնում են հարեւանի տանը։ Սոված ու մրսած։ Հիմա, եթե այդ կնոջն առաջարկում են 10000 դրամ, որ ընտրի կոնկրետ կուսակցության, եւ նա համաձայնում է, որեւէ մեկը կարո՞ղ է այդ կնոջը մեղադրել, որ սխալ է անում։ Այդ կինը լավ էլ հասկանում է, որ եթե այսօր իր եւ իր նման հազարավոր մարդիկ ընտրակաշառք չվերցնեն, ապա նորմալ երկիր դառնալու հեռանկարն ավելի կմոտենա։ Սակայն նույն այդ կինը, որքան էլ խելացի ու հայրենասեր լինի, չի կարող թույլ տալ, որ իր երեխան սովից ու քաղցից տանջվի։ Որքան շատ լինեն նրա նման մարդիկ` խոցելի ու անապահով, այնքան հեշտ կլինի ընտրակաշառք բաժանել ու վերարտադրվել։ Հաշվի առնելով, որ 2008թ. մինչ օրս աղքատության մակարդակն աճել է 8 տոկոսային կետով` հասնելով գրեթե 36%-ի, կարելի է եզրակացնել, որ իշխանությունների գործն ահագին հեշտացել է. մարդկանց ավելի քան մեկ երրորդը պոտենցիալ կաշառք վերցնողներ են։ Ստացվում է, որ սոցիալական վիճակի վատթարացումը, որքան էլ աբսուրդային կամ դաժան հնչի, ամրապնդում է իշխանության վերարտադրության հնարավորությունները։ Իհարկե, ենթադրվում է, որ սոցիալական պայմանների վատթարացումը հղի է սոցիալական բունտի վտանգով։ Սակայն հաշվի առնելով նախորդ փորձը, բունտային ճանապարհով իշխանափոխության հնարավորությունները գրեթե զրոյական են։

Անցնենք առաջ։ Խոցելիությունը վերաբերում է ոչ միայն անապահով խավին, այլ ամենաապահովված շերտերին` գործարարներին։ Մեր իշխանությունները, ինչպես հայտնի է, չեն հոգնում կրկնել, որ իրենք ամեն ինչ անում են գործարար միջավայրը բարելավելու համար, կառավարությունը մշտապես պարծենում է «Doing Business» զեկույցում Հայաստանի առաջընթացով, եւ այլն։ Ենթադրենք` Հայաստանում իրո՛ք գերազանց միջավայր է ձեւավորվել, որտեղ չկան արտոնյալներ, օրենքը հավասար է բոլորի համար, որտեղ գործարարը եւ իր սեփականությունը պաշտպանված են օրենքով եւ որտեղ գոյություն ունի իսկապես անկախ դատաիրավական համակարգ, որը գործադիր իշխանության ճնշումներին չի ենթարկվում։ Գործարարի համար սա նշանակում է՝ ազատություն։ Այսինքն՝ գործարարը «տանիքի» կարիք չունի, նա կարող է ազատ արտահայտել իր քաղաքական հայացքները, կանգնել ընդդիմության կողքին (եթե համակրում է այդ ուժին) եւ վստահ լինել, որ դրանից չի տուժի ո՛չ ինքը, ո՛չ իր բիզնեսը։ Կարո՞ղ է արդյոք իշխանությունը թույլ տալ, որ գործարարներն այդքան ազատ լինեն եւ վստահ, որ այլակարծության դեպքում չեն արժանանա Խաչատուր Սուքիասյանի ճակատագրին։ Այս հարցի պատասխանը նույնպես կարելի է գտնել նախորդ տարիների պատմության էջերում։

Այս եւ նման այլ գործոնները ի մի բերելով` գալիս ես մի տխուր եզրահանգման. սա փակուղի է, որից դուրս գալու ելքը չի երեւում։ Տարբեր զեկույցներում վեր բարձրանալուն զուգահեռ` Հայաստանն իրականում ետ է գնում։ Սրանք ծեծված խոսքեր չեն։ Այս մտքին բերում է նորմալ տրամաբանությունը։

Ընդդիմության հետ հույսեր կապողները նույնպես քիչ են։ Ոչ ոք չի հավատում, որ սահմանադրական ճանապարհով ընդդիմությունը կկարողանա ինչ-որ բան փոխել։ Իսկ հեղափոխական ճանապարհից 2008-ի մարտյան դեպքերի պատճառով խուսափողները հիմա ավելի շատ են, քան մի քանի տարի առաջ։

Իսկ իշխանության դեպքում… Դժվար է հավատալը, որ կփոխվեն։ Որովհետեւ նախ՝ սեփական սխալները ընդունելու փոխարեն` փորձում են ապացուցել, որ անսխալական են։ Եվ երկրորդ` չփոխվելու համար ավելի շատ ու ավելի ծանրակշիռ պատճառներ կան, քան փոխվելու։ Իշխանության ամենաթույլ կետը ոչ թե մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնց շուրջ բանավեճեր են ընթանում, այլ` վստահության բացակայությունը։ Դատելով ՀՀԿ-ի կարգախոսից` վստահության դերը սկսել են կարեւորել։ Սակայն հաշվի չեն առել մի հանգամանք. տարիներ շարունակ իշխանության լինելուց հետո նախ` պետք է փոխվել, հետո նոր միայն` ակնկալել, որ հավատան։ Այդուհանդերձ, առավել լավատես պետականամետները ուրվագծում են հետեւյալ սցենարը` իշխանությունը կփոխվի, լուրջ բարեփոխումներ ձեռնարկելով` շեշտը կդնի ոչ թե խոցելիության վրա, այլ կփորձի հասնել նրան, որ վստահության քվե ստանա` արված քայլերի եւ իրական արդյունքների համար։ Ժամկետի ավարտին էլ նորմալ ընտրություններ կանցկացնեն։ Սակայն սա իր մեջ ռիսկ է պարունակում, որին իշխանությունը դժվար թե գնա։

Թեպետ, դատելով մեր իշխանավորների ելույթներից` իրենք արդեն իսկ այդ ռիսկին գնում են՝ ուզում են արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել` դեռ մինչեւ փոխվելը։ Իսկ դա նշանակում է, որ գործ ունենք կամ մազոխիզմի, կամ ստախոսության հերթական դրսեւորման հետ։ Երրորդ տարբերակ չկա։