Տարոնը՝ սկզբունքների գերի՞

03/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս օրերին Երեւանի Մաշտոցի պուրակի «ապաբուծիկավորման» պայքարն էմոցիոնալ իմաստով ավելի է թեժացել: Երեկ կեսօրին այգու տաղավարների ապամոնտաժող բրիգադին միացել է եւս 9 հոգի:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին տաղավարներն ապամոնտաժող առաջին բրիգադը նախատեսել էր այգում տեղադրված կրպակների ապամոնտաժում, ինչը, սակայն, չիրականացվեց: «Կաշխատենք քաղաքակիրթ ձեւերով, օրինականության սահմաններում չթույլատրել, բայց եթե օրենքի սահմաններն անցնեն, մենք, բնականաբար, գործողություններ կանենք: Դա մեր պարտականությունն է»,- մարտի 31-ին ապամոնտաժման գործողությունների մասին հայտարարել էր ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Իսկ հարցին, թե Ոստիկանությունն ի՞նչ գործողությունների է դիմելու, Ռ. Մելքոնյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ նստելու բացատրեմ»:

Ինչեւէ, երեկ ապամոնտաժող բրիգադը նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Մաշտոցի պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարեւորվում հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզորությունը` վերացնել ստեղծված անօրինական դրությունը, առաջացնում է Երեւանի համայնքի բազմաթիվ անդամների արդար եւ ողջամիտ դժգոհությունը»,- ասված է նամակում: «Բոլորիս հայտնի է, որ մեզ չեն թողնում մտնել, այսպես ասած` ստեղծված պարսպից ներս, որպեսզի մեր գործն անենք: Եթե ընձեռվի այդ հնարավորությունը, մենք ցանկացած պահի կարող ենք անել դա,- նշեց ապամոնտաժող առաջին բրիգադի ներկայացուցիչ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Աբրահամյանը` հավելելով,- Մենք ապամոնտաժելու ենք ցանկացած ընձեռված պահին, եթե այն մեզ ընձեռվի: Մենք պետք է ցույց տանք նաեւ հասարակությանը, որ ոստիկանների հետեւին կանգնած է որոշակի իշխանական հատված, որպեսզի նրանք դուրս գան, ասեն, որ սա անօրինական է, եւ պատրաստ են ապամոնտաժել իրենց ուժերով»: Իսկ ապամոնտաժման աշխատանքներին միացած ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարո Կալենչյանի խոսքով` իրենց նպատակը Երեւանը պահպանելն է: «Երբ սովետական տարիներին կանաչապատվում էր այս քաղաքը, մենք էինք կոմերիտականները, որ այս ծառերը տնկում էինք մեր ապագա սերնդի համար, բայց հիմա այս քաղաքը դարձել է քարային ջունգլի: Ինչքա՞ն կարելի է դիմանալ: Ամեն անգամ ասում են` բարելավելու են, եւ սա՞ է բարելավումը: Կա չափ ու սահման, երբ դանակը ոսկորին է հասնում, մարդն այլեւս սկսում է պայքարել»,- նշեց Կ. Կալենչյանը, ում դիտարկմամբ` քաղաքային իշխանությունները կարող էին «հանգիստ» քանդել այգում տեղադրված կրպակները, բայց դա չարեցին` չնահանջելու նպատակով: Տաղավարներն ապամոնտաժող երրորդ բիրգադի ներկայացուցիչները շրջեցին նաեւ այգում: Վերջիններս փորձում էին ոստիկանական վերահսկողությունից դուրս օղակ գտնել եւ սկսել տաղավարների ապամոնտաժման աշխատանքները, բայց Ոստիկանությունը բավական զգոն էր` պարսպում էին այն բոլոր կետերը, որտեղ մոտենում էին բրիգադի ներկայացուցիչները: Ընդ որում` այգում գտնվում էին թե՛ քաղաքացիական, թե՛ ոստիկանական համազգեստով ոստիկաններ: «Ի՞նչն է պատճառը, որ Ոստիկանությունն ընկել ու ինչ-որ մեկի շահերն է պաշտպանում հանրային շահերից: Պատասխան ունե՞ք, չունեք»,- ոստիկաններին դիմեց կրպակներն ապամոնտաժող խմբի անդամ, կենսաֆիզիկոս Մարիամ Ավագյանը: Ի պատասխան վերջինիս` ոստիկաններից մեկը նշեց, թե դրա պատասխանն իրենց վաղուց տվել են: Մ. Ավագյանն այգում տիրող իրավիճակի մասին նամակ էր գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետին նամակ էի ուղղել, եւ վստահ կարող եմ ասել, որ վարչապետն ընթերցել է նամակը, քանի որ ես անմիջապես կապվել եմ աշխատակազմի ղեկավարի հետ, ով զեկուցել է, թե, ցավոք, իրենք (աշխատակազմը.- Մ.Մ.) սխալմամբ վարչապետին փոստատարի տեղ դրեցին եւ նամակն ուղարկեցին ոմն քաղաքապետ Տարոնի, բայց խոստացան, որ վարչապետն անպայման կկարդա նամակը:

 

Դրանից 1 ժամ անց ինձ տեղեկացրին, որ վարչապետը կարդացել է նամակը,- ասաց Մ. Ավագյանը` ավելացնելով,- Ես վարչապետին կոչ եմ արել տեր կանգնի պետությանը, ցույց տա, որ, իրոք, ինքը գործող վարչապետ է, եւ տեր կանգնի այս երիտասարդությանը: Այնուհետ եթերում հնչեց, թե տաղավարները տեղադրվելու են 3 տարի ժամկետով, ինչը ես համարեցի նաեւ իմ նամակի պատասխան: Ինչ վերաբերում է Տարոնին, ցավոք, երիտասարդ քաղաքապետը խաղալիքի դերում է: Իրեն ինչ հրահանգում են, այն էլ անում է: Իսկ պատասխան` ստացել եմ ոմն իրավաբանական բաժնի պետից, որ Կառավարությունը դեկտեմբերին ունի այսինչ որոշումը: Թե այդ որոշումների տակ ի՞նչ գործող օրենք կա, չի ասվում, որովհետեւ այդ գործող օրենքները չկան, այլ կա ինչ-որ մեկի շահը, կիրքը, որ «տղա եմ, էստեղ պիտի «բուծիկներ» ունենամ»: Վերջ»:

Առկախ հարցերի ստվերը

Դեռեւս փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ ասվել էր, թե Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի տարածքում կառուցվող շինությունները պատկանում են Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին, եւ շինարարության թույլտվությամբ գրանցված են այդ անվամբ: Դրանք, օրենքի համաձայն, այլ տարածքների թվում` որպես փոխհատուցում, առաջարկվել են Աբովյան փողոցի առեւտրային օբյեկտների քանդման ծրագրով հեռացված կրպակների սեփականատերերին: Միեւնույն ժամանակ հայտարարել էին, որ քննարկվում էին նաեւ մի քանի այլ տարածքներ, որոնցից, սակայն, քաղաքապետարանն ընտրել է Մաշտոցի պուրակը: Մինչ օրս Երեւանի քաղաքապետարանն` այգու շուրջ բարձրացված աղմուկին ի պատասխան, տվել է կցկտուր տեղեկատվություն, եւ այդպես էլ հստակ չեն այն հարցերը, թե որո՞նք էին նշյալ այլընտրանքային տարածքները, քանի՞ տաղավար է տեղադրվելու այգում, ովքե՞ր են, ի վերջո, այս տաղավարների սեփականատերերը: Վերջին հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից պատասխանել էին, թե դեռեւս պարզ չեն սեփականատերերի անունները: Չնայած այս հանգամանքին, Մաշտոցի պուրակում կառուցված տաղավարների ապակիներին փակցված են որոշակի խանութների անուններ եւ զեղչերի պիտակներ: Իսկ եթե հայտնի չեն սեփականատերերը, եւ, առավել եւս, եթե պայմանագիր չեն կնքել նրանց հետ, ապա ինչպե՞ս են այդ խանութների անունները փակցվել ապակիներին: Ինչո՞ւ մինչ օրս որեւէ տաղավարի սեփականատեր հանդես չի եկել կամ Երեւանի քաղաքապետարանից չի պահանջել իր ոտնահարված իրավունքի վերականգնումը: Վերջիվերջո, գոնե նրանց դեպքում խոսքը տնտեսական շահերի մասին է: Պակաս տարօրինակ չեն նաեւ այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից Մաշտոցի պուրակում ընթացող բարեկարգման աշխատանքները: Երեկ այգում ընթացող այդ աշխատանքների վերաբերյալ փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ շինարարության ղեկավարից: Շինարարությանը հետեւող անձը, ով մեզ հետ զրույցում ներկայացավ` որպես այդ աշխատանքների ղեկավար, սկզբում հրաժարվեց նշել շինարարությունն իրականացնող ընկերության անունը, ապա պահանջեց անջատել ձայնագրիչը: Նա ավելի ուշ նշեց, որ շինարարությունն իրականացնում է «Սանքարշին» ընկերությունը:

Ինչեւէ, զարմանալի է, սակայն, թե ինչու իշխանությունները` ի դեմս Երեւանի քաղաքապետի, այս հարցին լուծում չեն տալիս: Ի վերջո, քաղաքապետարանը, ցանկության դեպքում, կարող է շատ հանգիստ բավարարել երկու կողմերի պահանջները` բարեկարգված այգին` առանց տաղավարների, վերադարձնել հանրությանը, իսկ տաղավարների սեփականատերերի հետ քննարկել այլընտրանքային տարածքների տրամադրման հարցը: Ի դեպ, դեռեւս փետրվար ամսին, երբ Մաշտոցի պուրակի շուրջ աղմուկն արդեն բարձրացվել էր, Երեւանի քաղաքապետը պնդում էր, թե նման քննարկում իրենք նախատեսում են կազմակերպել:

Այլապես ստացվում է` մի մեծ աղմուկ` հանուն Տարոն Մարգարյանի սկզբունքայնությա՞ն, ով չի ցանկանում կայացրած որոշումը սրբագրել ու Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող զարգացումներին վերջ դնել:

Հ.Գ. Երեկ երեկոյան Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող առաջին խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին, լրանում է այս հարցում իրավասու պետական մարմնին հայտնաբերելու համար Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը: Եթե մինչեւ նշյալ ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից: Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք ՀՀ իշխանություններին, որ նման դեպքում Ոստիկանությունը չի կարողանա խոչընդոտել Մաշտոցի պուրակում մեր արդար աշխատանքի իրականացմանը: Միաժամանակ բոլորին հորդորում ենք ընդունել, որ սեփականությունը մեր երկրում պետք է պաշտպանվի օրենքով, այլ ոչ թե ոստիկանների կամ այլոց ֆիզիկական ուժի միջոցով: Հիշեցնում ենք նաեւ մեր այն հայտարարությունը, որ եթե ՀՀ իշխանությունները համարում են Մաշտոցի պուրակում կառուցված շինություններն օրինական սեփականություն, ապա պատրաստ ենք այդ շինություններն ապամոնտաժելու մասին մեր ընդունած գիտակից որոշման համար կրել օրենքով նախատեսված պատասխանատվությունը»: