Ղարաբաղի տնտեսության ամենախոշոր ճյուղն էներգետիկան է։ Այսօր արտադրվում է հանրապետությանն անհրաժեշտ էլեկտրական էներգիայի 40%-ը։ Դա իրականացվում է Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով։ Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին եւ տարեկան արտադրում է 65 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա։
Մինչեւ 1920 թ. Ղարաբաղի միակ էլեկտրակայանը գտնվում էր Շուշի քաղաքում եւ ուներ 30 կՎտ հզորություն։ Հանրապետությունում հնարավոր է կառուցել 78 հիդրոէլեկտրակայան 175 ՄՎտ գումարային հզորությամբ։ Այն հնարավորություն կտա տարեկան արտադրել 612 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա եւ խնայել ավելի քան 215 հազար տոննա վառելիք։ Միայն Թարթառ գետի վրա հնարավոր է կառուցել 24 փոքր հիդրոէլեկտրակայան` տարեկան մոտ 507 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիայի արտադրությամբ։ Որպես առաջնահերթ երաշխավորվում է 121 ՄՎտ գումարային հզորությամբ 22 հիդրոէլեկտրակայանների կառուցումը, որոնք կարող են տարեկան արտադրել մինչեւ 431 մլն կՎտ/ժ-ում էլեկտրական էներգիա։ Առաջնահերթ է Կարասիի հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ Հաջորդը կլինի Թրեւե գետի վրա կառուցվելիք կասկադը` երեք հէկ-երով։ Մյուսը կլինի Մադաղիսի հէկ-ը։ Սարսանգի հէկ-ի շարունակությունը կլինի եւս երկու հէկ, յուրաքանչյուրի կառուցման արժեքը մոտ 21 մլն դոլար է, արտադրողականությունը` 60/65 մլն կՎտ/ժ։ Կկառուցվեն փոքր ջրամբարներ եւ Սարսանգից բաց թողնվող ջուրը երկու անգամ կօգտագործվի էներգետիկ նպատակով։ Ծրագրվում է նաեւ Մադաղիսի ջրամբարի շինարարությունը։ Այն կօգտագործվի նաեւ էներգետիկ նպատակներով։
Անհրաժեշտ է նշել, որ Խորհրդային Միության տարիներին Սարսանգի հէկ-ի տնօրինությունը հանձնված էր ԼՂԻՄ սահմաններից դուրս գտնվող Միրբաշիրի (այժմ` Թարթառ) էներգացանցին։ Մինչեւ 1990-ական թվականներն այստեղ տարեկան արտադրվել է առավելագույնը 80,9 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա։
1999 թվականին էներգետիկայի բնագավառում գործում էր հայաստանյան մեխանիզմը։ Այսինքն, յուրաքանչյուր շրջան ուներ առանձին բաշխիչ համակարգ։ Ղարաբաղում գոյություն ուներ չորս բաշխիչ ցանց, որոնք միացվեցին մեկ համակարգի մեջ։ Էլեկտրական էներգիան բնակչությանը վաճառվում է 14 դրամով, իսկ իրավաբանական անձանց` 25 դրամով։
2000 թվականին ճշտվել է Լեռնային Ղարաբաղի հիդրոէներգետիկական պաշարների օգտագործման սխեման։ Ըստ այդ սխեմայի, առաջարկվում է կառուցել 16 հիդրոէլեկտրակայան 126,7 ՄՎտ գումարային հզորությամբ եւ տարեկան 431,4 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիայի արտադրությամբ։