ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին նվիրված իր ելույթում հայտարարել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու ձգտման մեջ: Նա անդրադարձել է նաեւ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, որոնց նկատմամբ, ըստ դեսպանի` անվստահության մթնոլորտ կա: Նա հիշեցրել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները, համաձայն որոնց` հարցվողների միայն 12%-ն է ակնկալել ազատ-արդար ընտրությունների անցկացում: Ջոն Հեֆերնի համոզմամբ` իրենց ձայնը լսելի դարձնելու համար մարդիկ պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր, դաշինքներ, ինչպես նաեւ` մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխելու լուրջ մեխանիզմներ: Ի դեպ, Ջ. Հեֆերնն անդրադարձել է նաեւ ԼՂՀ հիմնախնդրին` ասելով, թե դեսպանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահ երկրները շարունակելու են երկարաժամկետ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը: Ըստ նրա` համաձայնության պետք է գան հակամարտության կողմերը, եւ որեւէ լուծում հնարավոր չէ պարտադրել դրսից: «Շարունակելու ենք կողմերին պահել սեղանի շուրջ, քանի որ դա ավելի լավ է, քան միասին սեղանի շուրջ չնստելը: Փորձելու ենք վերջ դնել խախտումներին, խաղաղություն ապահովել ժողովուրդների համար, երկարաժամկետ խաղաղություն հաստատել,- ասել է նա` հավելելով,- Մենք` որպես արտաքին սուբյեկտներ, ամեն ինչ անում ենք, որ կողմերը հասնեն այդ հանգուցալուծմանը: Հիմա կողմերի հետ աշխատում ենք, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների վրա»: