Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ նախընտրական քարոզչությունը Հայաստանում մեկնարկել է դեռեւս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններին պատրաստվող որոշ կուսակցություններ դա արել են հիմնականում հեռուստաընկերությունների միջոցով: «Եթե կուսակցություններն իրականացնում են որոշակի ակտիվ նախընտրական պայքար` նույնիսկ ոչ պաշտոնական փուլում, դա այս կամ այն կերպ լուսաբանվում է հեռուստաընկերությունների կողմից, եւ պարզ է, որ այն կուսակցությունները, որոնք շուտ են սկսել, ակտիվ են սկսել, նրանք նախապես ունենում են որոշակի առավելություններ»,- ասել է Բ. Նավասարդյանը:
Նրա խոսքով` իրենց անցկացրած դիտարկումները ցույց են տվել, որ որոշ հեռուստաընկերություններ «թաքնված գովազդ» են հեռարձակել, նկատվել են նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր: Օրինակ, Բ. Նավասարդյանի խոսքով` թաքնված գովազդ հեռուստաընկերությամբ ցուցադրելու հնարավորությունից օգտվել են «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, իսկ վարչական ռեսուրսի չարաշահում թույլ է տրվել ՀՀԿ-ի կողմից: «Հեռուստադիտարկում ենք իրականացրել նախնական նոյեմբեր-դեկտեմբերին. այն ժամանակ այդ հնարավորությունից ակնհայտորեն օգտվում էին ԲՀԿ եւ ՕԵԿ-ը, իսկ մարտի ընթացքում` առայժմ միայն ԲՀԿ-ն»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` ասել է ԵՄԱ նախագահը: Նաեւ հավելել է. «Եթե խոսքը գնում է այն հեռուստասյուժեների մասին, որտեղ վարչապետը ներկայացնում է ծրագրերը, կուսակցական տոմսեր է բաժանում, եւ այլն… ես դա կկոչեի ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, եւ դա մեզ բերում է այն ընդհանուր խնդրին, որ մեզ մոտ քաղաքական քարոզչությունը որեւէ կերպ չի կարգավորվում մինչեւ նախընտրական քարոզչության պաշտոնական շրջանը»: