Խնայողությո՛ւն, Հորացիո

03/04/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանում արդար ընտրությունների մասին մտահոգ են հատկապես նրանք, ում բարձր հովանավորությամբ կեղծվում են ընտրությունները: Ցանկը պարզ է` ՀՀ իշխանությունները, քաղաքական էլիտան, օլիգարխները` օրենքից դուրս գործող իրենց խմբերով, քաղաքական ուժերը: Կեղծված ընտրությունների գինը շատ մեծ է, անվերականգնելի` արտագաղթ: Ընդ որում, այս դեպքում արդեն բարոյական անկումն ու անհեռանկար ապագան արտագաղթի առաջնային պատճառները չեն: Մարդիկ ուղղակիորեն կորցնում են իրենց աշխատանքը: Օլիգարխների վրա է ընտրակաշառքի համար անհրաժեշտ նյութական միջոցների բեռը: Փոքր եւ միջին բիզնեսին ստիպելով աշխատել բացառապես օրենքի շրջանակում, իսկ օլիգարխներին ազատելով օրենքի պատճառած տհաճություններից, իշխանությունները եւ պատկան գերատեսչություններն անմիջականորեն կրում են փոքր եւ միջին բիզնեսի ոչնչացման պատասխանատվությունը: Գործարարները, ովքեր բարեխղճորեն հարկ են վճարում պետական գանձարան, ովքեր այնքան դժվարությամբ, բայց աշխատատեղեր են ստեղծում, ստորադասվում են «սեւ գանձարան» վճարող օլիգարխներին: Սնանկացումից եւ ակնհայտ անարդարությունից հուսահատ` շատ գործարարներ մտածում են իրենց բիզնեսը փակելու ու ճամպրուկները հավաքելու մասին:

Արդար ընտրությունների թեմայով ամենաբարձրը խոսում են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Եվ այս կուսակցությունների վարձկաններն էլ տնետուն են գնում, ընտրակաշառք առաջարկում, սակարկում եւ, տանտերերի հետ համաձայնության գալու դեպքում, վերցնում ընտրողների անձնագրի համարը: Սա անհերքելի ճշմարտություն է: Հատկապես գյուղերում այժմ առեւտրի ամենաթեժ շրջանն է: Այս սյուժեն, ձանձրացնող համառությամբ, կրկնվում է մոտավորապես 20 տարի: Ընտրությունների օրը երթուղայիններով ընտրողների խմբերը տարվում են ընտրատեղամաս եւ բերվում ելման կետ` մինչեւ հաջորդ ընտրություններ: Ընտրություններին իշխանությունների վերարտադրվելու այս տեխնոլոգիան քաղաքակրթության կամ նորագույն տեխնոլոգիաների մասնակցություն չի ենթադրում: Այն հենված է շատ պարզ, ավելի ստույգ` պարզունակ հաշվարկի վրա: Իշխանության եւ տնտեսության բուրգի գագաթին նստած կառավարիչներն ու օլիգարխները վստահ են, որ իրենք վայելում են Երկնավորի բարեհաճությունը, եւ այս երկիրն իրենց նվեր է տրված` ի վերուստ` իշխելու եւ հարստանալու: Ով դեմ է, կարող է գնալ` ուր ցանկանում է: Ի դեպ, հասկանալու համար` ինչ մասշտաբով են մարդիկ փախչում երկրից, ինքս եմ զանգահարել Հայաստանում ՌԴ «Համերկրացիներ» ծրագրի գրասենյակ` ճշտելու` երբ կարող եմ ներկայացնել լրացված անկետան` այս ծրագրով Ռուսաստան բնակության մեկնելու համար: Բարեկիրթ մի ձայն ասաց, որ կարող եմ ներկայացնել երեք ամիս անց, ինձ համար նախընտրելի որեւէ օր, քանի որ առաջիկա երեք ամիսներին արդեն հերթագրվածներ կան:

Իշխանությունը` կոալիցիոն երեք ուժերը, հայրենիքում կյանքի համար անհամատեղելի միջավայր ստեղծելուց առաջ գուցե անհանգստանայի՞ն` իսկ ինչպե՞ս են կեղծելու ընտրությունները չորս տարի անց, երբ երկրում այնքան մարդ մնա, որ անհարմար լինի թիվը բարձրաձայնել: Կամ` ո՞ւմ շահագործելու միջոցով են լցնելու աղքատիկ այս բյուջեն: Ընտրողների թվեր կարելի է նկարել, ինչպես անում են, ցույց տալ, որ Հայաստանում մոտ երկուսուկես միլիոն ընտրող կա: Եվ բոլորն էլ համակրում են հատկապես ՀՀԿ-ին, մասամբ` ԲՀԿ-ին: Չկողմնորոշվածներն էլ պատրաստվում են իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին: Հետո՞:

Մեր թերթի գրեթե բոլոր համարներում մեր լրագրողը ներկայացնում է առանձին մի ընտանիքի պատմություն: Այդ պատմությունների հերոսները կենդանի մարդիկ են` հաշմանդամ, կիսաքաղց, ցրտից սառած երեխաներ: Լուսանկարից մեզ ուղղված նրանց հայացքը երկար ժամանակ հանգիստ չի տալիս, երբ երեխայիդ փոքրիկ շռայլություն ես թույլ տալիս:

Վերջերս ինտերնետում տարածվեցին Սթիվ Ջոբսի լուսանկարները` արված տարբեր թվականներին` դասախոսությունների ժամանակ: Բոլոր լուսանկարներում նա նույն սեւ վերնաշապիկով եւ ջինսե տաբատով էր: Թեեւ կարող էր իրեն կաշվե բաճկոն թույլ տալ` բնական մորթիներով, եւ կամ նրբաճաշակ բաճկոն` «Զիլի» մակնիշի: Սակայն շատ փողն արժեքավոր է այն ժամանակ, երբ ձեռք ես բերում գլխով եւ ծախսում ես գլխով: Գիտելիքն ու հարստությունն արժեք ունեն, երբ դրանք ներդնում ես աշխարհը փոխելու, մի նոր, լավ բան անելու վրա:

21-րդ դարում գյուղում մեկ պարկ գարի բաժանելով, տնից տուն գնալով եւ փող առաջարկելով` մարդկանց ինքնագնահատականն իջեցնում եք զրոյի: Նա, ով փորձում է ընդվզել, անուններ տալ, ինչպես ժամանակին փորձ արեց «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատերը, ինքն է հայտնվում ճաղերից այն կողմ: Երբ ապրելուդ մոտիվը նեղանում է այնքան, որ քեզ տեսնում ես իշխող որեւէ կուսակցության վերնախավում` ստաբիլ հոնորարով, որի գինը շողոմությունն է, ամեն տեսած բան չբարձրաձայնելը, իշխանությունում քո ներկայությամբ մեծ ավանտյուրային համաձայնություն տալը, մեր թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանի հերոսը դառնալու վտանգը քեզ շրջանցում է: Սակայն դա միակ առավելությունն է:

Սակայն սրանք պարապ դատողություններ են: Կգա մայիսի 6-ը: Իսկ մայիսի 9-ին իշխանությունները կհամատեղեն միանգամից երկու տոն` Շուշիի ազատագրման օրը եւ իրենց անձնական հաղթանակը: Խնայողությո՛ւն, Հորա՛ցիո…