101-ից մնաց 1-ը

03/04/2012

ՀՀ ոստիկանությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված` «Ոստիկանությունը դեռ լռում է» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ ըստ հրապարակման` Գ.Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում գրանցված են հարյուրից ավելի անձինք:

Ըստ Ոստիկանության` ստուգման արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 35 շենքի թիվ 11 բնակարանում «օրինական հիմքերով» հաշվառված են 101 քաղաքացիներ: «Քանի որ հաշվառումն իրականացվել է բնակարանի սեփականատիրոջ համաձայնությամբ, հետեւաբար, ըստ գործող օրենսդրության, հաշվառումից հանելու գործողությունը պետք է իրականացվի միայն նրա դիմումի հիման վրա: Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզաբանումներ ստանալու նպատակով, կապ է հաստատվել արտերկրում գտնվող բնակարանի սեփականատիրոջ հետ: Վերջինս հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին: Սեփականատիրոջ ուղարկած լիազորագրի հիման վրա` լիազորված անձի դիմումով Գարեգին Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հաշվառված 100 անձինք հանվել են հաշվառումից»: Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առանց Հայաստանում հաշվառելու ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու վերաբերյալ մեկնաբանություններին, ապա Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշել է. ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (նշված հոդվածի 2-րդ մասը լրացվել է 2010 թվականի փետրվարի 25-ին ընդունված ՀՕ-26-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել նույն թվականի մարտի 13-ին)` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող եւ մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով: ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան): Նույն կարգի համաձայն` բնակվելու փաստը հավաստվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, սեփականատիրոջ համաձայնությամբ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթերով: Հետեւաբար, անձնագիր ստանալիս հաշվառման հասցեի նախընտրությունը ՀՀ քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է»: