Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման «գերժամանակակից» կենտրոն

03/04/2012

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Երեւանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն հիմնադրելու վերաբերյալ: Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կենտրոնի համալիրն իր մեջ ներառելու է լաբորատորիա` ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն` Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը: Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը: Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո: Վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ: Հիվանդացության ցուցանիշների աճի առկա տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի աճելու է: Եթե 100.000 բնակչության հաշվարկով 1995թ. այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.` 185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի: