Օրերս խմբագրություն էր եկել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մամիկոնյան 15 հասցեի բնակիչ Ռաֆիկ Մազմանյանը եւ խնդրում էր մամուլի միջոցով համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել գործարար Մկրտիչ Մարգարյանի դեմ կատարված ոտնձգությունների վրա:
«Արարատ» ֆուտբոլային թիմի հայտնի ֆուտբոլիստ Մ. Մարգարյանը Ռ. Մազմանյանի աղջկա ամուսինն է, այսինքն` փեսան, ով ներկայումս խարդախության մեղադրանքով գտնվում է կալանավայրում: Հիշեցնենք, որ «Արարատ» թիմում նաեւ խաղացել է Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի եղբայր Հովհաննես Պողոսյանը, ով, ըստ Ռ. Մազմանյանի` իր փեսային խարդախության մեջ մեղադրելու հեղինակն է: Ի դեպ, Ռ. Մազմանյանը բազմաթիվ դիմում-բողոքներ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` մանրամասն ներկայացնելով Պողոսյանների գործողությունները, որի հետեւանքով, ըստ նրա` այսօր Մ. Մարգարյանը գտնվում է ազատազրկման վայրում: «Խորհրդային Միության փլուզումից հետո Մկրտիչը սկսեց բիզնեսով զբաղվել: 5 տարի Արաբական Էմիրաթներում ապրեց, սեփական նավ ուներ, սննդամթերք էր ներկրում, մասնավորապես Հնդկական օվկիանոսից միս էր ներմուծում: Ընդ որում` առաջիններից մեկն էր, որը ոչ թե հաստոցներ էր արտահանում, այլ` սննդամթերք ներկրելով` նաեւ երկրապահներին էր սննդամթերքով ապահովում: 10 հատ 20 տոննանոց սառնարանային մեքենաներ ուներ»,- պատմում է Ռ. Մազմանյանը` հավելելով, որ տիրապետելով ֆինանսական մեծ ռեսուրսների, Մ. Մարգարյանը նաեւ շատ մեծ օգնություն է ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմում կռվող ազատամարտիկներին: 1995թ. Մ. Մարգարյանը գլխի բավականին բարդ վիրահատություն է տարել, որի ժամանակ, ըստ Ռ. Մազմանյանի` վնասվել է նրա գլխուղեղը: «Այդ վիրահատությունից հետո նրա մոտ տարօրինակ դրսեւորումներ սկսվեցին: Պարբերաբար հիշողության կորուստ, միամտություն, մի խոսքով` նա երեխայի նման էր մեկ-մեկ դառնում: Նրա հիվանդությունը պատրվակ դարձավ, որպեսզի աջ ու ձախ ունեցվածքը խլեն ու խաբելով, «քցելով»` հարստությանը տիրանան: Կորցրեց իր սեփական նավը, միլիոնները, ռեստորանը, մեքենաները, որովհետեւ ընկերների, «բարեկամների» համար գլխուղեղի վնասվածքը հող նախապատրաստեց, որ նրա հարստությունն ալան-թալան անեն: Ահավոր ազգ ենք, բոլորը կրծելով տարան, իսկ հիմա կողքը մարդ էլ չկա»,- ասում է Ռ. Մազմանյանը` հավելելով, որ այն ամենի համար, ինչ ասում է` պատրաստ է պատասխան տալ: Վերջինիս խոսքով` իր փեսայի գործընկեր` «Արարատ» ֆուտբոլային թիմի անդամ Հովհաննես Պողոսյանը` հասկանալով, որ Մ. Մարգարյանը վիրահատությունից հետո բավականին խոցելի է դարձել, մի քանի տարի առաջ առաջարկել է մսի ներկրման բիզնեսում մասնակցություն ունենալ: «Հունան Պողոսյանն այն ժամանակ Արտաշատի ոստիկանապետն էր, ով 115.000 դոլար տվել էր եղբորը, որպեսզի նա նույնպես այդ բիզնեսում մասնակցություն ունենա: Փեսաս այդ գումարը մաս-մաս հետ է վերադարձրել, քանի որ մի քանի ամիս հետո Հովհաննես Պողոսյանը` հրաժարվելով այդ բիզնեսում ներդրում կատարել, գումարը ետ էր պահանջել: Որոշ ժամանակ անց նա սկսեց իր տված 115.000-ի փոխարեն 160.000 դոլար պահանջել»,- վստահեցնում է Ռ. Մազմանյանը` հավելելով, որ հետագայում Հ. Պողոսյանի կողմից սկսվել են «ահաբեկումներ ու սպառնալիքներ»: Ի դեպ, այն, ինչ պնդում է Ռ. Մազմանյանը, գրված է նաեւ նրա կողմից տարբեր ատյաններին ներկայացված փաստաթղթերում, սակայն զարմանալին այն է, որ թե՛ Հովհ. Պողոսյանը, թե՛ Մ. Մարգարյանը խոշոր չափի այդ գումարները շրջանառելիս ոչ մի ստացական կամ պարտավորագիր չեն կնքել: Այլ կերպ ասած` գոյություն չունի հավաստի փաստաթուղթ, ըստ որի` Հովհ. Պողոսյանը Մ. Մարգարյանին տվել է 115.000 դոլար, հետեւաբար` վերջինս էլ այն մաս-մաս մարել է, սակայն Ոստիկանապետի տեղակալի եղբայրը նրանից ավելին է պահանջում. «Դե՛, միլիցիա են, գիտեն` ինչ են անում, ինքն էլ` միամիտ: Նա էնքան ազնիվ մարդ է, որ չնայած փաստաթղթի բացակայությանը, ասում է` այո, տվել են 115.000 դոլար, բայց կարող էր, չէ՞, իրենց նման շանտաժի ենթարկել: Ավելին` դատարանում Հունան Պողոսյանի անունը հասկանալի պատճառներով չեն տալիս, բայց ես պնդում եմ, որ գումարն ինքն է տվել, որպեսզի եղբայրն այդ բիզնեսում ներդրում կատարի եւ փող աշխատի»,- ասում է Ռ. Մազմանյանը: 2007թ. հարուցված այս գործի միայն նախաքննությունը տեւել է մոտ երկու տարի, եւ 2012թ., ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության, այնպես էլ` Վերաքննիչ դատարանները վճիռ են արձակել, համաձայն որի` խարդախության հոդվածով Մ. Մարգարյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Այժմ Մ. Մարգարյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Չնայած դրան` Ռ. Մազմանյանը պնդում է, որ քրեական գործի 2 տարի տեւած նախաքննությամբ Մ. Մարգարյանի մեղադրանքը նախաքննական մարմինը առաջադրել է հանցակազմի բացակայության պայմաններում: Պետական մարմիններին ուղղած իր դիմում-բողոքներում Մ. Մարգարյանը դժգոհում է` հավաստիացնելով, որ նախաքննական մարմինը քննությունն իրականացրել է բազմաթիվ խախտումներով: Չնայած այն բազմաթիվ ցուցմունքներին, որ բիզնեսի մեջ գումար է ներդրել ոչ թե գործով տուժող ճանաչված Հովհ. Պողոսյանն, այլ` իր եղբայրը, փոխոստիկանապետ Հ. Պողոսյանը, այդուհանդերձ, նա երբեւէ չի հրավիրվել եւ հարցաքննվել Ոստիկանությունում: Հետագայում դատարանը եւս Մ. Մարգարյանի պաշտպանի` Հ. Պողոսյանին դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու միջնորդությունը մերժել է: «Հասկանո՞ւմ եք, նրանք ասում են, որ Մ. Մարգարյանը գումարը չի տվել, այն դեպքում, երբ նա իրենց տված գումարը մաս-մաս վերադարձրել է: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Հ. Պողոսյանն է առանց գրավոր ձեւակերպման տվել` հասկանալով, որ չվստահելու խնդիր չունի, այնպես էլ փեսաս` առանց փաստաթղթի, մարել է այդ գումարը: Հիմա նրանք հրաժարվում են, որ իրենց գումարը տվել է: Գնում էին նրա տուն` սպառնում էին, թե` աղջիկներիդ կսպանենք, երեխեքիդ էս կանենք, էն կանենք, Հովհաննես Պողոսյանը պահանջում է, որ աղջիկս տունն իրեն տա կամ գրավ դնի, գումարը տա: Ի սկզբանե նրանք զոհ են գտել: Ո՞նց կարող է Ոստիկանության աշխատողն առանց նոտարի, գրավոր ձեւակերպման` 115.000 դոլար տար, որ հետագայում էլ տիրանար ամեն ինչին, բնակարանին: Ինչպես ասում են` ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր»,- ասում է Ռ. Մազմանյանը` վստահեցնելով, որ Հովհ. Պողոսյանի սպառնալիքների ու ահաբեկումների վերաբերյալ Ոստիկանություն են դիմել, որից հետո, այնուամենայնիվ, Մ. Մարգարյանի ընտանիքին, երեխաներին ուղղված սպառնալիքները Հովհ. Պողոսյանը դադարեցրել է: Ինչեւէ, Ռ. Մազմանյանը հավաստիացնում է, որ այս ամենից հետո ահազանգել են ՀՀ ոստիկանության թեժ գիծ եւ խնդրել անցկացնել ծառայողական քննություն, պարզելու համար այն պատճառները, որոնց հիման վրա քննիչ Կամո Ներսեսյանը թույլ է տվել օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնք անտեսվել են վերադասների կողմից: Արդյունքում կազմվել է մեղադրական եզրակացություն, հաստատվել է դատախազի կողմից, եւ դատարանը եւս մեղավոր է ճանաչել Մ. Մարգարյանին` դատապարտելով նրան 5 տարի 6 ամսվա ազատազրկման: «Գոնե, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, հաշվի չեն առել Մ Մարգարյանի ավանդը ՀՀ ֆուտբոլի ասպարեզում, նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործությունները` կապված թե եկեղեցաշինության, թե ազատամարտի տարիներին նրա կողմից ազատամարտիկներին սննդամթերք մատակարարելու, թե անհատներին օգնություն ցուցաբերելու կամ նրա բազմաթիվ պատվոգրերի հանգամանքները»,- ասում է Ռ. Մազմանյանը` վստահեցնելով, որ Մ. Մարգարյանի գործով մանրամասներն ուղարկել է ՀՀ նախագահական, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխան նամակով խոստացել էր տվյալներն ուսումնասիրել, սակայն առայսօր արձագանք չկա:
Ինչեւէ, այն, ինչ մեզ ներկայացրեց Ռ. Մազմանյանը` նամակների եւ դիմումների տեսքով, գտնվում է նաեւ պաշտոնյաների սեղաններին: Սակայն այս ամբողջ պատմության մեջ զավեշտն այն է, որ խոշոր չափի գումարի շրջանառությունը ոչ մի փաստաթղթով ամրագրված չէ: Այլ կերպ ասած` Հովհ. Պողոսյանը Մ. Մարգարյանին տվել է 115.000 դոլար` առանց նոտարական գրանցման, Մ. Մարգարյանն այն մաս-մաս վերադարձրել է պարտատերերին` առանց գրավոր ձեւակերպման, պարտատերերը հետագայում 115.000-ի փոխարեն 160.000 դոլար են պահանջել` կրկին առանց գրավոր ձեւակերպման… Արդյունքում` գործարարն, արդեն 4 ամիս է` գտնվում է կալանավայրում, իսկ ընտանիքին պարտադրում են բնակարանը գրավ դնել եւ գումարը վերադարձնել: Նշենք նաեւ, որ Ռ. Մազմանյանն անընդհատ մատնանշում էր Մ. Մարգարյանի` Մոսկվայում գլխի վիրահատության փաստը, սակայն առնվազն տարակուսելի է, թե գլխուղեղի խնդիր ունեցող մարդն ինչպես է բիզնես կազմակերպել, կամ ինչպես են նրա հետ բիզնես նախաձեռնություններ իրականացրել:
Մենք նաեւ զրուցեցինք ՀՀ ոստիկանության Լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով` լսելով Մ. Մարգարյանի քրեական գործի վերաբերյալ մեր հարցադրումները, նախ ասաց. «Այդ գործն ամենաերկար քննվող գործերից է եղել: 2007-ից սկսած` այդ մարդիկ շանտաժ անելով, բողոքելով ուզում են մի բան պոկեն: Դիմում են բոլոր թերթերին, նամակներ են գրում, բայց գործն ուսումնասիրելով` բոլորն էլ հասկանում են, որ ամեն բան օրինականության շրջանակներում է եղել: Այդ մարդը խարդախ է եւ պատժվել է այդ արարքի համար, հիմա ի՞նչ են ուզում: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ընդհանրապես կապ չունի այս գործի հետ, եւ նրանք դիտավորյալ շահարկում են նրա անունը, որպեսզի մի բանի հասնեն»: Ի դեպ, հարկ է նաեւ նշել, որ այս բիզնես ծրագրում ներգրավված է եղել ոչ միայն Հովհ. Պողոսյանը, այլ նաեւ` եւս մի քանի այլ անձինք, որոնց` համաձայն դատական արձանագրությունների, Մ. Մարգարյանը նույնպես գումարներ է պարտք: Այլ կերպ ասած` Հովհ. Պողոսյանից բացի, կան եւս մի քանիսը, որոնք նույնպես պահանջել են այդ բիզնեսի մեջ ներդրած իրենց գումարները ետ վերադարձնել: Ասում են` Մարգարյանից նման պարտք ու պահանջ է ունեցել նաեւ նրա նախկին կինը: Ռ. Մազմանյանը, սակայն, թմբկահարելով գործարարի գլխի վիրահատության փաստը` փորձում է համոզել, որ ընկերները կամ գործընկերները օգտագործելով այդ հանգամանքը` նրան «քցել» են: Իսկ թե ով ում է «քցել»` թող պարզեն համապատասխան մարմինները: Ընդ որում` ստիպված են պարզել` «հավատալու» սկզբունքով, քանի որ, ինչպես նշեցինք` պարտքուպահանջի վերաբերյալ գրավոր փաստաթղթեր գոյություն չունեն: Եվ քանի որ դրանք չկան` նախաքննական մարմիններն ու դատական ատյանները հիմք են ընդունել բանավոր հնչած ցուցմունքներն ու վկայությունները: