Բուժում է սաթը
Lithoterapeia- Հունարեն բարդ բառ է` բաղկացած «քար» եւ «բուժում» բառերից։ Հանքաքարերով բուժումը, ինչպես նաեւ ծառաբուժությունը, բուսաբուժությունը, բուրմունքների օգնությամբ եւ մեղվամթերքներով բուժումները, եւ այլն, կիրառվել է հնագույն ժամանակներից։
Ժողովրդական բժշկության այս ուղղությունը սկիզբ է առել Տիբեթում, Հին Չինաստանում եւ Հնդկաստանում։ Հնագույն ժամանակներից նկատել են, որ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մեջ կուտակված է Տիեզերքից եկող էներգիան, եւ ճիշտ ընտրության դեպքում դրանք նպաստում են մարդու առողջության պահպանմանը։
Ինչպե՞ս ընտրեք «ձեր» հանքաքարը.
– Մոտեցրեք մատները քարին, գրեթե հպեք իրար։
– Կենտրոնացրեք զգայարանները քարի ուղղությամբ եւ փակեք աչքերը։
– Եթե զգաք մատներին փոխանցվող հաճելի ջերմություն, ապա դա «ձեր քարն է»։
Յուրաքանչյուր քար զբաղեցնում է իր արժանի տեղը Աստղագուշակում, սակայն կարեւոր է նաեւ, որ այն ձեզ դուր գա։ Ուրեմն ստացվում է, որ սերը «ձեր քարի» հետ փոխադարձ կարող է լինել։ Այն քարը, որ դուք կընտրեք, կարող է լինել թանկարժեք մետաղի վրա, ունենա բուրգի, զարդատուփի, սկահակի, մերսման համար նախատեսված գլանի, գնդի ձեւ, հաճախ պատրաստում են քարե հարթ թիթեղներ, որոնք հպում են մարմնի հիվանդ մասերին։ Քարի բուժիչ հատկությունը նվազում է մշակման, անցքեր բացելու, մետաղյա կաղապարի մեջ տեղադրելու դեպքում։
Առավել արժեքավոր են այն քարերը, որոնք ձեզ են անցել ժառանգաբար, նաեւ այն քարերը, որոնք նվեր եք ստացել ծնողներից, հարազատ, ձեզ համար սիրելի մարդկանցից։ Ինչ-որ մի չար արարքի միջոցով ձեռք բերված քարը երբեք չի ծառայի որպես հուռութ։ Քարերը զգայուն են կրողի սեռի հանդեպ։ Արական քարերը վառ փայլուն են եւ հարմար կանանց համար։ Իգական քարերն ունեն մուգ երանգներ։ Կարմիր, նարնջագույն, դեղին քարերն աղաջրի մեջ մաքրելուց հետո մի քանի ժամով պետք է դնել արեւի տակ։ Կապույտ, կանաչ, մանուշակագույն եւ սպիտակ քարերը «լիցքավորեք» աճող լուսնից եկող լույսի ճառագայթի էներգիայով։
Մի կաթիլ արեւի քարը
Այս քարի մասին գրել են Կլավդիուս Հալենը եւ Ավիցենան, սակայն մեզ հասած լավագույն նկարագրությունը պատկանում է Պլինիուս Մեծին։ Ահա թե ինչ է գրել նա Ք.հ. առաջին դարում իր «Բնական պատմություն» գրքի` քարերի բուժիչ հատկությունների ուսումնասիրությանը նվիրված բաժնում.
«Սաթը բժշկական տեսանկյունից ունի օգտակար հատկություններ, սակայն ամենեւին դա չէ պատճառը, որ այն հաճույքով կրում են կանայք։ Ունի բարեբեր ազդեցություն երեխաների վրա, եթե օգտագործվի որպես հուռութ։ Բուժում է դժվարամիզությունը, եթե խմեն թուրմը։ Սաթի վզնոցը կանխարգելում եւ բուժում է զառանցանքը, տենդը, այլ հիվանդություններ։ Փոշիացրած սաթի խառնուրդը վարդի յուղի եւ մեղրի հետ օգնում է ականջի հիվանդությունների դեպքում։ Փոշին առանձին վերցված կամ մաղտակի ծառի խեժի եւ ջրի հետ խառնած բուժում է ստամոքսի հիվանդությունները։ Գեղջկուհիները կրում են այն` որպես զարդ, եւ նաեւ բուժիչ հատկությունների շնորհիվ, քանի որ համարվում է, թե օգտակար է կոկորդի հիվանդությունների դեպքում»։
Սաթը միլիոնավոր տարիների ընթացքում խեժից (հավանաբար` փշատերեւների) առաջացած հանքաքար է։ Կարող է ունենալ դեղին, նարնջագույն, կարմիր, շագանակագույն եւ նույնիսկ սպիտակ գույն։ Սաթի հետ կապված են բազմաթիվ առասպելներ, համարվում է, որ այն մոգական ծագում ունի։ Ըստ բանասերների` «յանտար»=սաթ բառն ունի լիտովական ծագում եւ կրում է «հիվանդություններից պաշտպանող» իմաստը։
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ սաթը կուտակում է ինֆրակարմիր եւ անդրմանուշակագույն էլեկտրամագնիսական ալիքները, զգայուն է Երկրի մագնիսական դաշտի տատանումների հանդեպ, պաշտպանում է տիրոջը մագնիսական փոթորիկներից եւ անցանկալի կենսաէներգետիկ ազդեցություններից։
Սաթի բուժիչ հատկությունները բնորոշվում են իր մեջ կուտակված էներգետիկ դաշտով։ Սաթը անվանում են Արեւի քար, եւ սա պատկերավոր համեմատություն չէ։ Սաթը մի կաթիլ Արեւ է` կենարար էներգիայի աղբյուր իր տիրոջ համար։
Հայ ժողովուրդը հին ժամանակներից հավատացել է սաթից պատրաստված զարդերի մոգական հատկություններին։ Սաթ արմատը ինքնին պետք է զերծ պահի չար աչքից, ձախորդություններից, հիվանդություններից։
Այս ամենն ունի նաեւ գիտական ենթապատմություն։ Միջին դարերում Տեւտոնական միության Մեծ վարպետ (գրոսմայստեր) դուքս Ալբերտը հանձնարարել է կատարել սաթի հատկությունների բազմակողմանի լայն ուսումնասիրություն։
Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները` «Սաթի փոշին բուժում է նյարդերը եւ ունի բարերար ազդեցություն բոլոր օրգանների վրա»։ Այն ժամանակվա գիտնականները կարողացել են հայտնաբերել սաթի մեջ պարունակվող մի քանի տասնյակ նյութեր։
Ի՞նչ է պարունակվում սաթի մեջ
Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է. սահմանելով սաթի ինքնությունը, պետք է նշենք, որ այն ամորֆ քարացած բուսական հյութ է։ Սաթը պարունակում է մոտ 8 տոկոս սաթաթթու։ Հետաքրքիր է, որ բավականին քանակությամբ սաթաթթու է պարունակում նաեւ սեւ հապալասը, որն աճում է միայն բնության մեջ եւ հատկապես փշատերեւ անտառներում։ Նմանություն կա սաթի եւ սեւ հապալասի բուժիչ հատկությունների միջեւ։
Սաթից ստացված թթուն ունի սպիտակ բյուրեղներից բաղկացած փոշու տեսք, համով նման կիտրոնաթթվին։ Պարունակվում է մարդու օրգանիզմի բջիջներում եւ ապահովում դրանց էներգետիկ հավասարակշռությունը։ Եթե օրգանիզմում կա սաթաթթվի սակավություն, ապա նվազում է դիմադրողականությունը։ Հայ մարդու բախտը բերել է, քանի որ այս թթուն առկա է մածունի, հին գինու, գարեջրի մեջ, որոնք հնագույն ժամանակներից պատրաստվել են մեր հայրենիքում։ Այս նյութը նաեւ սինթեզվում է մարդու օրգանիզմում։ Եթե օրգանիզմում պակասում է սաթաթթվի պարունակությունը, ապա նկատվում է հոգնածություն եւ նույնիսկ սթրեսային վիճակ։
– Սաթաթթվի փոշին խմում են ջրի հետ դիսբակտերիոզի, ստամոքսի խանգարման, թունավորման, սրտանոթային, շնչառական ուղիների, ինֆեկցիոն եւ ալերգիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի, դիաթեզի դեպքում։
– Սաթից ստանում, նաեւ եթերային յուղ` վաճառվում է դեղատներում։ Ունի հականեխիչ, հակավարակային, վերքամոքիչ հատկություն։ Լավ է լուծվում բուսական յուղի մեջ (1։20), չի լուծվում ջրի մեջ։
– Նուշի, դեղձի կամ ձիթապտղի մեջ լուծված մի քանի կաթիլ յուղով կատարեք մերսում։
– Ավելացրեք մաշկի խնամքի համար նախատեսված քսուքի, լոսյոնի մեջ։
Սաթի եթերային յուղն ունի մաշկի բջիջները վերականգնող, երիտասարդացնող հատկություն, բուժում եւ հարթեցնում է վերքերը, մաշկի վնասվածքները, կապտուկները, պառկելախոցը, այրվածքը։
Կարող եք անմիջականորեն քսել վնասված մասին կամ խառնել բուսայուղի հետ (2։1)։ Օգտակար է նաեւ հոդատապի, հոդացավերի դեպքում։
Ընդհանուր առմամբ սաթի մեջ հայտնաբերվել են մոտ 40 միացություններ, վիտամին D3 սաթաթու, եթերային յուղ` «Իոդոլ», ատամի մածուկի եւ ռեւմատիզմի բուժման համար նախատեսված նյութեր եւ այլն։
– Բուժիչ նպատակներով օգտագործվող սաթը չի կարելի տեղադրել արծաթի մեջ, խորհուրդ է տրվում պղինձը։ Սաթը կարգավորում է ճնշումը։
– Ամիսը մեկ անգամ պետք է մեկ օրով դնել աղի մեջ, աղը այլեւս չի կարելի օգտագործել սննդի մեջ։ Նախքան եւ աղից հանելուց հետո լվացեք հոսող ջրի տակ, մաքրեք սպիրտով։
– Շագանակագեղձի եւ վահանագեղձի հիվանդությունների դեպքում ամրացրեք սաթի թիթեղները հիվանդ մասին, գլխացավի դեպքում` քունքերին, աչքերի հոգնածությունը կանցնի, եթե 10-15 րոպե զգուշորեն մերսեք կոպերը, աչքերի եզրային մաշկը` ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ։
– Սաթի էներգիան ուժեղանում է մարդու էներգետիկ դաշտը, ցրում զգացմունքային եւ հոգեբանական սթրեսը, սակայն, ոչ միշտ է խորհուրդ տրվում, որ քարը հպվի մարմնին։ Շփումը քարի հետ պետք է լինի երկարատեւ, սակայն ոչ անընդհատ։
– Սաթը չեզոքացնում է բացասական էներգիայի տատանումները եւ նպաստում տարածքի ներդաշնակությանը։ Երբեք մի պահեք քարերը մութ, փակ տեղում։
– Իջեցրեք սաթը ջրի մեջ կամ խմեք դրանից պատրաստված բաժակում մի քանի ժամ մնացած ջուրը։ Հատկապես օգտակար է տարեց մարդկանց. մաքրում է անոթները, կանխարգելում սրտի հիվանդությունները, ամրացնում նյարդային համակարգը։ Սաթի մի փոքր բեկոր պահեք սրտի վրայի գրպանում։
– Երեխային ատամ հանելու շրջանում խորհուրդ է տրվում «կրծել» սաթից պատրաստված իր։