«Մեր ցուցակը մեր կուսակցության դեմքն է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այս անգամ ՀՀԿ-ի ցուցակում են երբեմնի ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, նաեւ` Խոսրով Հարությունյանը եւ այլք: Փաստորեն, քաղաքական տարբեր ճամբարներ ու սկզբունքներ փոխած, երբեմն` նաեւ դավաճանի պիտակ վաստակած մարդի՞կ են ՀՀԿ-ի դեմքը` մեր թղթակցի այս հարցին ի պատասխան` Ռ. Զոհրաբյանն ասել է. «Մենք ընդգրկել ենք բոլոր այն ուժերին, ովքեր ցանկություն են հայտնել մեր պետության հզորացմանն աջակցել բոլոր ոլորտներում: Եվ մենք բոլոր ոլորտների մասնագետներ ենք ընդգրկել` տնտեսագետ, նկարիչ, երգիչ: Եվ պետք չի այդպես շատ քննադատորեն մոտենալ: Բնական է, որ Ձեր մոտ հարց է առաջանում, թե այս մարդը երեկ ընդդիմություն էր, այսօր ձեզ մոտ է: Փոքր ուժերն առանձին չեն կարող մեծ քաղաքականություն վարել եւ ինչո՞ւ չհամագործակցեն մեծերի հետ, եթե ուզում են միասին հզորացնել երկիրը»: