Թեեւ Լեւոն Մինասյանը նաեւ մանդոլին եւ դաշնամուր է նվագում, բայց համարում է, որ իր առաջին գործիքը դուդուկն է: Երեք տարի առաջ Լ. Մինասյանը Ջիվան Գասպարյանի հրավերով եկել է Հայաստան եւ Գյումրիում համերգ ունեցել: Նա հազվադեպ է Հայաստան այցելում, քանի որ խիստ զբաղված է: Իր վերջին այցը համընկավ հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանի այցի հետ: Աշխարհի տարբեր անկյուններում արված լուսանկարները մի ամբողջական ֆիլմ են դարձել, որի մեջ հնչում են նաեւ Լեւոն Մինասյանի դուդուկն ու իր քրոջ՝ Վարդուհի Մինասյանի կատարած հայկական երգերը: Ֆրանսիայում Լեւոն Մինասյանը ստացել է շեւալյեի, այսինքն՝ ասպետի կոչում: Նրա դուդուկը հնչում է շատ հայտնի երգիչների կատարումների եւ ֆիլմերի մեջ: Սթինգի հետ նա համաշխարհային տուրնեի է մասնակցել եւ ձայնագրվել նրա վերջին ալբոմում: Իսկ Մել Գիբսոնը նրան հրավիրել է ձայնագրվելու իր հայտնի՝ «Հիսուսի վերջին գայթակղությունը» ֆիլմում: Լեւոն Մինասյանը շատ ֆիլմերում է նվագել, մեզ ամենահայտնի ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է:
«Մեր դուդուկն աշխարհում առաջին երաժշտական գործիքն է կարծես դարձել,- ասում է Լեւոն Մինասյանը: -Մեր դուդուկը բացառիկ է, ինչ ազգության մարդ էլ որ լսում է, անպայման հուզվում է: Երբ ես դուդուկ եմ նվագում, նույնիսկ ինձ համար՝ փորձի ժամանակ, արդեն հուզվում եմ»: Նա արդեն 35 տարի իր օրը դուդուկով է ավարտում, նվագում է մինչեւ ուշ գիշեր: Շառլ Ազնավուրը, Էլեն Ցիգարան, Պատրիկ Ֆիորին, Սթինգը, կորսիկացի երաժիշտները դիմել են դուդուկի հայ վարպետին եւ իրենց կատարումներում ընդգրկել դուդուկի նուրբ ու միաժամանակ հպարտ հնչյունները: «Ես չեմ ուզում նմանակել Երեւանի դուդուկը, այլ ցանկանում եմ դուդուկի առաջ դռներ բացել: Դուդուկը մի գործիք է, որն Աստված է տվել մեր ազգին»,- ասում է Լեւոն Մինասյանը: Նա հուզմունքով է հիշում իր առաջին հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ. «Ազնավուրը եկավ այն ստուդիան, որտեղ ես ձայնագրվում էի, եւ ասաց. «Մի ասեք Լեւոնին, որ ես եկել եմ, չեմ ուզում նրան խանգարել, ուզում եմ պարզապես լսել: Եթե հավանեմ նրա նվագը, իմ նոր ալբոմում ձայնագրվելու կհրավիրեմ»: Մյուս օրը հանդիպեց ինձ ու ասաց. «Քո նվագը լսելով՝ ես մի ամբողջ կյանք ապրեցի»:
Ֆրանսիացու թեթեւությունն ու իմպրովիզացիաներ անելու ցանկությունը հաճախ նոր երանգներ են հաղորդում ժայռերի ու քարերի երկրում ծնված մեր երաժշտական գործիքին: Լ. Մինասյանը ոչ միայն հայկական երաժշտություն է նվագում, այլեւ ֆիլհարմոնիկ նվագախմբերին է նվագակցում եւ ջազային կոմպոզիցիաներ է ստեղծում: «Դուդուկը շատ ունիվերսալ է: Պետք չէ միայն «Դլե յաման» կամ «Հորովել» նվագել, կարելի է հրաշալի իմպրովիզացիաներ անել»,- ասում է Լ. Մինասյանը, ով նաեւ ջազային փառատոների է մասնակցում, քանի որ համոզված է, որ դուդուկի առջեւ բոլոր դռները բաց են:
Ֆրանսիայում նա նաեւ դպրոցում է աշխատում եւ տարբեր ազգերի երեխաներին դուդուկի, քամանչայի, քանոնի ու դհոլի դասեր է տալիս: Նա համարում է, որ դուդուկ նվագելն ամեն մեկի բան չէ. «Դուդուկը մեջդ պետք է լինի: Եթե պիտի դուդուկը սաքսոֆոնի պես նվագես, ապա ավելի լավ է ընդհանրապես չնվագես»: Դուդուկը բարության եւ ներդաշնակության ճանապարհն է հուշում: Եթե նույնիսկ այդ ճանապարհը մի քիչ թախծոտ է թվում, ապա այն միանշանակ ամենագեղեցիկն է: Լեւոն Մինասյանը համոզված է, որ դուդուկահարը պետք է բարի լինի եւ թույլ չտա, որ հաջողության հասնելուն պես իր մոտ աստղային գլխապտույտ սկսվի. «Մարդը երբ դուդուկ է նվագում, միշտ պետք է մարդ մնա: Երբ ժողովուրդը դուդուկ է լսում, նա պետք է սիրի ոչ միայն դուդուկը, այլեւ նվագողին: Ես 40 տարի առաջ էլ նույնն էի, ինչ հիմա եմ»: Նա ժպտերես, բարյացակամ եւ միշտ շփման պատրաստ երաժիշտ է: Իր համար Հայաստանի եւ դուդուկի խորհրդանիշը Ջիվան Գասպարյանն է, քանի որ կարողանում է լավագույնս ներկայացնել մեր դուդուկը. «Մենք աշխարհում պետք է ամենալավ տեսակով երեւանք, սովորենք ինքներս եւ սովորեցնենք երեխաներին: Եվ թող ամբողջ աշխարհը սիրի մեր դուդուկը»,- ասում է նա: