70 մլն դոլար

31/03/2012

Նախընտրական գործընթացների ուղղակի ազդեցությունը արտահայտվում է մանրածախ առեւտրաշրջանառության, հրատարակչական բիզնեսի, գովազդային բիզնեսի, մեդիա դաշտի եւ փոխարժեքի ոլորտներում: Երեկ կայացած ասուլիսում ասել է տնտեսագետ Սամվել Ավագյանը, ըստ որի` 2007 թ. խորհրդարանական ընտրություններում միայն մանրածախ առեւտրում արձանագրվել է 11 մլրդ դրամի աճ, հրատարակչական բիզնեսում` մոտ կրկնակի աճ: Ավագյանի կարծիքով, աճը պայմանավորված է նրանով, որ իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր եւ բաժանվում են ընտրակաշառքներ: «Այսինքն` 11 մլրդ-ի ցուցանիշով կարելի է գնահատել, թե մոտավորապես որքան է կազմել ընտրակաշառքների ծավալը»,- նշել է նա: Տնտեսագետի կարծիքով` նախընտրական շրջանում նվազում է ներդրումային ակտիվությունը, քանի որ դաշտն ակտիվորեն ներգրավվում է քաղաքական գործընթացների մեջ: Իսկ պոպուլիստական խոստումները, որոնք տրվում են իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, բացասաբար են անդրադառնում կառավարության ծրագրերի վրա: Սամվել Ավագյանի հաշվարկներով` Հայաստանում քաղաքական գործիչների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամսվա կտրվածքով կծախսվի մոտ 70 մլն դոլար: