Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2012թ.հունվար-մարտի զեկույցը։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է գնաճի ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի համար։
Միանգամից նշենք, որ ամսական կտրվածքով՝ մարտին` փետրվարի համեմատ, ԱՎԾ-ն մխիթարական ցուցանիշներ է արձանագրել։ Սպառողական գները մարտին (նախորդ ամսվա համեմատ) աճել են ընդամենը 0.1%-ով։ Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին (այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի համեմատ), ապա այն կազմել է 2.2 տոկոս։ Պարենային ապրանքների դեպքում նույն ցուցանիշն է։ Վերջին 1 տարվա ընթացքում ամենից շատ թանկացել են ոգելից խմիչքներն ու ծխախոտը` 5.3%։
Նշենք, որ պարենային (առաջին անհրաժեշտության) ապրանքների դեպքում անգամ գնանկում ենք ունեցել՝ 0.1%-ի չափով։ Ըստ ԱՎԾ-ի, դրա վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել մրգի, կաթնամթերքի, ձվի, շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, մսամթերքի 3.0-0.2% գնանկումը: Միաժամանակ, դիտարկվող պարենային 5 ապրանքախմբերում գրանցվել է 0.2-0.9% գնաճ, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մրգի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է` 29.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`3.0% գնանկում: 2012թ. մարտին փետրվարի համեմատ խաղողի գինը նվազել է 21.0%-ով, խնձորինը`9.9%-ով, կիտրոնինը`5.2%-ով, նարնջինը`1.1%-ով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.9% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`1.4% գնանկում:
2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` ձվի հանրապետական միջին գինն աճել է 5.5%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.9% գնանկում:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` աճել է 25.1%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ` արձանագրվել է 0.7% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` գրանցվել է 11.1% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում: ԱՎԾ-ն հատուկ նշել է, որ 2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)`4.5%, խոզի եւ ոչխարի մսերի` համապատասխանաբար` 1.1% եւ 1.0%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 1.0%, աղացած մսի` 0.8% գնանկում: 2012թ. մարտին փետրվարի համեմատ մսամթերքի գնանկում արձանագրվել է միայն Մարտունի եւ Երեւան քաղաքներում` կազմելով համապատասխանաբար` 0.9% եւ 0.5%:
Հացամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` գրանցվել է 0.5% գնանկում, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.9% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` արձանագրվել է 4.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.6% գնաճ: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 5.3% գնանկում, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.4% գնաճ:
2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի` 0.2% եւ սուրճի, թեյի, կակաոյի` 0.4% գնաճ, իսկ այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ինչպես տեսնում եք, նախորդ ամսվա համեմատ գնաճի ցուցանիշը ավելի բարվոք է, ինչպես առանձին ապրանքատեսակների, այնպես էլ ընդհանուր գնաճի տեսակետից։ Չնայած ամիսը համեմատելու համար, ինչպես հիշում եք, մեր գործընկերներից ոմանք նախագահի կողմից արժանացան «ոչ կոմպետենտ» պիտակին։ Այդուհանդերձ, գների պարագայում նման համեմատությունը խոսում է հօգուտ իշխանությունների։
Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ հունվար-մարտ ժամանակահատվածի գնաճի ցուցանիշը պայմանական է։ Այն ամբողջական չէ։ Մարտ ամիսը դեռ չի ավարտվել, իսկ ԱՎԾ-ն իր զեկույցը կազմել է օրեր առաջ եւ հաշվի չի առել մարտի՝ առնվազն վերջին մեկ շաբաթվա գնային վայրիվերումները։ Նախկինում եղել են դեպքեր, երբ, օրինակ, պանրի կամ շաքարավազի շեշտակի թանկացումը տեղ չի գտել ԱՎԾ ընթացիկ զեկույցում, սակայն հաջորդ զեկույցում գնաճի ցուցանիշը ճշգրտվել է։
Հունվար-փետրվարի ցուցանիշը, թերեւս, ավելի ճշգրիտ է։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին 12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական էր եղել։ Այսինքն՝ ԱՎԾ-ն արձանագրել էր 0.9% գնանկում նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։ Այդ թվում, պարենային ապրանքների գները նվազել էին շուրջ երկու տոկոսով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ։ Կարելի էր այս լավատեսական նոտայով էլ ավարտել, սակայն, «թարսի պես»` ԱՎԾ-ն նույն զեկույցում նաեւ հավելված է տեղադրել՝ համեմատելով ԱՊՀ եւ աշխարհի մի շարք այլ երկրների գնաճի ցուցանիշները։ Համեմատականները, ցավոք, մեր օգտին չեն։ Նախ՝ այս տարվա հունվարին, ամսական գնաճի ցուցանիշով, Հայաստանը միանձնյա առաջատարն է թե՛ ԱՊՀ երկրների, թե՛ հավելվածում ներկայացված մյուս երկրների շարքում։ Գնաճի ցուցանիշը հունվարին՝ փետրվարի համեմատ` Հայաստանում եղել է 3.6%։ Նման բարձր գնաճ ոչ մի երկրում չի արձանագրվել։ Միայն Բելառուսն է փոքր-ինչ մոտեցել մեզ՝ 1.9% գնաճով։ ԱՊՀ մյուս երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցել 1%-ը։ Փետրվարին իրավիճակը մի թեթեւ շտկվել է. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0.9% գնանկում։ Սակայն, չնայած սրան, շարունակում ենք առաջատար դիրքեր զբաղեցնել ամենաբարձր գնաճ ունեցած երկրների վարկանիշային աղյուսակում։ Նախորդ տարվա վերջի համեմատ` գնաճը փետրվարին կազմել է 2.6%։ Մեզնից առաջ է միայն Բելառուսը՝ 3.5% գնաճով։ ԱՊՀ մյուս երկրներում այս առումով վիճակը շատ ավելի լավ է։ Օրինակ՝ Ուկրաինայում եւ Ղրղըզստանում փետրվարին (նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ) գներն աճել են 0.4%-ով, ՌԴ-ում` 0.9%-ով, Ադրբեջանում եւ Թուրքիայում ցուցանիշը նույնն է։ Եվրամիության երկրներում, ըստ ԱՎԾ-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է զրոյական գնաճ։
Նշենք նաեւ, որ ըստ մի շարք փորձագետների՝ ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում գների աճ դժվար թե տեղի ունենա՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Ամեն դեպքում, եթե անգամ գներն աճեն, ոչ ոք առանձնապես չի վրդովվի, եթե պաշտոնական վիճակագրությունը ցույց տա հակառակ պատկերը։