Պահանջում են չմիջամտել

31/03/2012

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով բնապահպան ակտիվիստների անունից խնդրում է Ոստիկանությանը` չմիջամտել այսօր` մարտի 31-ին, մի շարք բնապահպանների կողմից նախապես հայտարարված` Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման գործողություններին: Հաղորդագրության մեջ ասված է. «Սույն թվականի մարտի 8-ին Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ սահմանադրականության սկզբունքներով, ձեւավորեցին «Քաղաքացիական արդար եւ անկախ դատարան»: Քաղաքացիական դատարանը մարտի 17-ի վճռով պահանջ ներկայացրեց Երեւանի Քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները եւ տարածքն օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Քաղաքապետարանից արձագանք չեղավ: Ընդունելով «Քաղաքացիական արդար եւ անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության եւ վճռի հիմնավորվածությանը` Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից անկախ ձեւավորվել է քաղաքացիների մի խումբ (հետայսու` բրիգադ), որը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները: Բրիգադում ներգրավված են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցներ: Ապամոնտաժող բրիգադը նախատեսել է իրականացնել ապամոնտաժումը մարտի 31-ին` շաբաթ օրը, ժամը 13:00-ին, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց հասարակական կարգը խախտելու եւ սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու: Բրիգադը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրինությանը պատշաճ ծանուցել է իրեն պատկանող, բայց անօրինական ձեւով կառուցված տաղավարների ապամոնտաժման մասին: Նամակ է ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` պահանջելով ապամոնտաժման ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Ելնելով այն հանգամանքից, որ դատական ակտի կատարման գործընթացին իրավունք ունեն մասնակցելու պահանջատերերը, ովքեր տվյալ դեպքում հանդիսանում են Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները` հրավիրում ենք բոլորին ականատես լինելու ապամոնտաժման գործողությանը: Ապամոնտաժումը իրականացնելու են բացառապես բրիգադի անդամները, ուստի ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՉՄԻՋԱՄՏԵԼ գործողություններին եւ չենթարկվել որեւէ սադրանքի: Կանխավ հայտարարում ենք, որ որեւէ սադրիչ կամ բռնի գործողություն կատարողները կապ չունեն բրիգադի եւ պուրակի համար պայքարող քաղաքացիների հետ: Կոչ ենք անում բոլորին անպայման ներկա լինել ապամոնտաժման գործողությանը` խաղաղ պայքարի միջոցներով աջակցելով բրիգադին: Որպես ՀՀ քաղաքացիներ` երաշխավոր կանգնեք «Քաղաքացիական արդար եւ անկախ դատարանի» վճռի իրականացմանը: ԵԿԵԼ Է ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ:

ՇԱԲԱԹ ՕՐԸ ժԱՄԸ ՄԵԿԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ»: