Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատահաբար տեսա փաստաբան Անահիտ Հակոբյանի տեսահոլովակը` «Գիշերն եկավ» երգի հիման վրա:
Առաջին հայացքից նշյալ հանգամանքը խիստ զարմանալի էր այն պատճառով, որ կատարումը բավական պրոֆեսիոնալ էր: Երգարվեստում Անահիտը ներկայացել է Աննա Արծրունի գրական անվամբ: Ըստ վերջինիս` երգել սկսել է դեռեւս մանկությունից, ավարտել է երաժշտական դպրոցը, բայց, ինչպես ինքն ասաց, ծնողների խորհրդով ընտրեց իրավաբանի մասնագիտությունը: «Գիշերն եկավ» երգը միշտ եղել է իմ երգացանկում, եւ շատերն էին նշում երգի հաջող կատարման մասին: Նախորդ տարվա նոյեմբերին շատ հանկարծակի որոշեցի երգը գործիքավորել, եւ այդ հարցով դիմեցի Արտակ Հակոբյանին: Մի քանի օր անց ձայնագրվեցի, ապա այդ ժամանակ էլ մտահղացում առաջացավ տեսահոլովակ նկարելու մասին: Այնուհետ տեսահոլովակի նկարահանման համար դիմեցի ռեժիսոր Յուրի Սաֆարյանին: Այդպես ծնվեց տեսահոլովակը»,- նշեց Ա. Արծրունին: Երգը գրվել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա, իսկ երգի երաժշտության հեղինակը Ալեքսեյ Հեքիմյանն է: «Այդ երգն առաջին անգամ երգել է Բելլա Դարբինյանը: Ի դեպ, տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Երեւան Նարեկացի արվեստի միությունում, կինոռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովը նշեց, որ Ա. Հեքիմյանն այդ երգը գրել էր հատուկ Բելլա Դարբինյանի համար, ինչպես նաեւ ասաց, որ Ա. Հեքիմյանը շատ ուրախ կլիներ, եթե լսեր այդ երգն իմ կատարմամբ: Կարծում եմ` սա մեծագույն գնահատականն էր իմ կատարմանը»,- նկատեց երգչուհին: Ի պատասխան իմ այն դիտարկմանը, թե տպավորություն է, որ իրավական համակարգի մարդիկ առավել քան «չոր» են, մի տեսակ ներփակ զգացմունքայնությամբ, փաստաբանը նշեց. «Կարծում եմ` դա ավելի քան պաշտպանության, ինչպես նաեւ` այն պարտավորության համար է, որ մենք ստանձնել ենք: Մասնագիտությունս միջոց է, որ օգտակար լինեմ մարդկանց: Դա եւս եկել է մանկությունից: Երբ ինձ հարցնում էին, թե երբ մեծանամ, ի՞նչ եմ դառնալու, միշտ պատասխանում էի, որ ուզում եմ դառնալ այնպիսի մարդ, որ պաշտպանի թույլերին, արդարներին եւ պատժի մեղավորներին: Այդ արդարության զգացումը միշտ եղել է իմ մեջ: Իսկ դատարանում ես այդպիսին եմ` կտրուկ, չոր, լուրջ, խիստ»: Չնայած նշյալ նկատառմանը, փաստաբանը դառնում է ավելի փխրուն, հուզառատ երգարվեստի ասպարեզում` ասես պատռելով լրջությամբ եւ չորությամբ շղարշված քողը: Իսկ այդ տարբերություններն անգամ նկատելի են գրական անվան ընտրության պարագայում: «Աննա Արծրունի գրական անունը պատահական չընտրեցի: Արծրունը պապիկիս անունն է, ում, դժբախտաբար, չեմ տեսել: Միշտ գովեստի խոսքեր եմ լսել նրա մասին, ինչից ելնելով էլ` որոշեցի հավերժացնել նրա անունը, իսկ Աննա ինձ ասել են մանկուց: Ես սովոր եմ Աննա անվանն այնպես, ինչպես Անահիտ անվանը: Բացի այդ հանգամանքից, մի անգամ ստեղծագործություններս Գրողների միությունում ներկայացնելու համար հանդիպեցի Աբգար Ափինյանի հետ, ով առաջարկեց գրական անվամբ հանդես գալ: Այդ ժամանակ ես ասացի Աննա Արծրունի անվան մասին, եւ նա մեծ պաթոսով խրախուսեց իմ գրական անվան ընտրությունը»,- պատմում էր Ա. Արծրունին, ում խոսքով` ինքը պատրաստ է ցանկացած քննադատություն լսելու: Իսկ երգում, ըստ Աննա Արծրունու` ներկայացված է աստվածային սիրո գաղափարը: «Անկեղծ ասած, տեսահոլովակը ներկայացնելիս` ես չէի մտածում հաջողության մասին, այսինքն` անձի, էգոյի խնդիր չկար: Պարզապես ցանկացել ենք այս երգով հասնել մարդկանց հոգու խորքերը»,- նկատեց Աննա Արծրունին: