Բուժիչ նամակներ

31/03/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Գիհի

Գիհին (Juniperus communis) պատկանում է նոճազգիների ընտանիքին։ ՀՀ տարածքում աճում են գիհու հինգ տեսակներ, որոնցից երկու տեսակը հանդիպում է Խոսրովի անտառում։ Ինչպես արդեն նշել ենք` բույսը մշակվել է հայկական եկեղեցիների մոտակայքում։

Գրեթե բոլոր գիհիների փշատերեւները բութ կամ սուր թեփուկների տեսք ունեն, առանձնանում է միայն Գիհի երկարատերեւը, որի փշատերեւները ասեղնաձեւ են, կոշտ եւ ամուր։ Այս տեսակը տարածված է ՀՀ հյուսիսարեւելյան շրջաններից` մինչեւ Հյուսիսային Իրան, հանդիպում է Արագածի լեռնային զանգվածներում։

Չորադիմացկուն, հողի հանդեպ ոչ պահանջկոտ բույս է, հարմար է քարքարոտ լանջերի կանաչապատման համար։ Գիհի բազմապտուղը աճում է ծովի մակերեւույթից մինչեւ 2300 մ բարձրության վրա, Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում, տարածված է Իջեւանից մինչեւ Մեղրի ընկած տարածքներում։

Իգական եւ արական կոները գտնվում են առանձին ծառերի վրա։ Բազմանում է սերմերով, կտրոններով, ինչպես նաեւ անդալիսով։ Սերմերի ծլումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանք «ցուրտ են տեսել»։ Հաճախ է բազմանում ինքնացանի միջոցով` առաջացնելով գիհուտներ դժվար մատչելի տեղերում, ուր այլ ծառեր կամ թփեր չեն կարող աճել։

Բնափայտը չի փտում, բույսը աճում է 300-400 տարի, կան տվյալներ, որ` 500-1000 տարի։

Կոնապտուղները փոքր են, սկզբից` կանաչ, երկրորդ տարում` կապտամանուշակագույն, բուսամոմով պատված։ Կոնապտուղները պարունակում են թթուներ (քացախի, խնձորի, մրջնի), մինչեւ 250 մգ ասկորբինաթթու (100 գրամ հումքի մեջ), 40 տոկոս շաքարներ, բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղ, ինոզիտ, ներկանյութեր, ճարպ, դաբաղանյութեր, դառը խեժեր, կալիումի աղեր, սպիրտ, ֆլավոնային գլիկոզիդներ։ Կոնապտուղն ունի հաճելի տպիպ համ, օգտագործվում է որպես համեմունք` մսի, ձկան, թռչնամսի պատրաստման, նաեւ կաղամբի, բողկի, բազուկի համային որակը լավացնելու համար, համեմունքային խառնուրդների մեջ։ Կոները կիրառվում են «ջինի» արտադրության մեջ։ Գիհին (ինչպես եւ այլ բույսերը) ազդում է մարդու զգացմունքների վրա, իր արձակած բուրմունքի միջոցով օգնում է.

– Արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում եւ գտնել արժանի լուծումներ,

– Պաշտպանում է մարդու էներգետիկ դաշտը ագրեսիայից,

– Արգելափակում է ստի ներթափանցումը։

Շատ հաճախ են օգտագործում դեկորատիվ այգեպանության մեջ եւ դենդրոթերապիայի նպատակով։

Կոնապտուղները հավաքում են աշնանը, չորացնում շորի վրա փռած, 30 C ջերմաստիճանի տակ։ Ընդունված է որպես դեղահումք գիտական բժշկության կողմից, վաճառվում է դեղատներում։ Արտադրվում է եթերային յուղը։

Բուժիչ հատկություններ ունեն նաեւ արմատը, կեղեւը, փշատերեւները, փայտանյութը։ Գիհին 6 անգամ ավելի շատ մանրէասպան ֆիտոնցիդներ է արտադրում, քան եղեւնին կամ սոճին, զգալիորեն պակասեցնում է (8 անգամ) մոտակայքում գտնվող ստաֆիլոկոկների քանակը։ Գիհին ունի միզամուղ, լեղամուղ, լեղի գոյացնող, խորխաբեր, հակամանրէ, հականեխիչ, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող, աղիների շարժիչ ունակությունն ուժեղացնող հատկություն։ Եթերային յուղի կիրառումը շատ ընդարձակ է` ավելի քան 30 հիվանդություն։

Դեղատոմսեր

Լուծ. Մեկ ճ/գ բուսայուղին (ձիթապտղի, նշի, դեղձի) ավելացրեք 3-5 կաթիլ գիհու յուղ։ Մերսեք որովայնի հատվածը` աջից ձախ շրջանաձեւ շարժումներով։

Հիպերտոնիա. Մերսեք ծոծրակի հատվածը։ Հակացուցված է շատ բարձր ճնշման դեպքում։

Ցիստիտ. Լուծեք տաք կաթի մեջ 5-10 կաթիլ գիհու եթերային յուղ, ավելացրեք լոգանքի ջրի մեջ, տեւողությունը` 15-20 րոպե։

Գիրություն.

– Խառնեք 2-ական կաթիլ հազրեվարդի, նարդոսի, գիհու յուղերը բուսայուղի հետ, կատարեք մերսումներ։

– Գիհու բուրմունքը նվազեցնում է սովի զգացումը, օգտագործեք արոմալամպ կամ կաթեցրեք մի քանի կաթիլ ջրի մեջ։

Աչքի հիվանդություններ. Կաթեցրեք 1-2 կաթիլ յուղը անձեռոցիկի վրա, խորը շնչեք։ Չի կարելի շնչել սրվակից։ Տեւողությունը` 5-6 րոպե, օրը 1-2 անգամ։

Կոնապտղի թուրմը կիրառում են սրտի անբավարար աշխատանքի հետեւանքով առաջացող այտուցի, բրոնխիտի, թոքախտի, որովայնի փքվածության, լեղաքարային հիվանդության, ցիստիտի դեպքում։ Ողողումներն օգտակար են` պարոդոնտոզի, ստոմատիտի, լոգանքը` ռեւմատիզմի, հոդատապի, մաշկային եւ ալերգիկ հիվանդությունների բուժման համար։

Փշատերեւի թուրմով պատրաստված լոգանքը նույնպես օգտակար է հիվանդ հոդերին։

Հյուսիսային Ամերիկայի հնդիկները թոքախտով հիվանդ մարդկանց բնակեցրել են գիհուտներում։ Հայաստանում գիհու ճյուղերն այրելը հետապնդել է վարակի տարածումը կանխարգելելու նպատակ, գիհու թուրմով լվացել են հատակը, պատերը, ախտահանել խոհանոցի սպասքը։

Ժողովրդական բժշկությունը կիրառում է կոնապտուղը կանացի հիվանդությունների, տենդի, քոսի դեպքում։

Կոնապտղի թուրմ. 10 գ հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` բրոնխիտի, մրսածության, եւ կատարեք շփումներ` հոդերի եւ մկանային ցավերի դեպքում։

Չորապտղի թուրմ. 15 գ հումքը 2 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ, որպես միզամուղ միջոց։

Եփուկ. 15 գ պտուղը 10 րոպե եփեք թույլ կրակի վրա 200 մլ եռջրով։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 50-ական մլ` միզապարկի բորբոքման, խոլեցիստիտի, կոլիտի դեպքում։

Օշարակ. 100 գ պտուղը 10 րոպե եփեք 400 մլ եռջրով, ավելացրեք շաքար եւ թողեք կրակի վրա` մինչեւ պատրաստ լինելը։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ, աղեստամոքսային համակարգի, միզապարկի հիվանդությունների, վատ ախորժակի դեպքում։

Արյունը մաքրող միջոց. Առավոտյան նախքան սնվելը դանդաղ ծամեք կոնապտուղը` սկսեք մեկ հատից, ավելացրեք օրը մեկական պտուղ, երբ թիվը հասնի 15-ի, օրը մեկ հատով պակասեցրեք։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Թեփոտման դեմ եւ մազերի ամրացման համար. Լվացեք գլուխը կամ ցայեք մազերը փշատերեւի թույլ թուրմով։

Ստամոքսի խոց. Մեկ ճ/գ գիհու մանրացրած արմատը 15-20 րոպե եփեք փակ տարայում 100 մլ եռջրով։ Թրմեք 30 րոպե։ Քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց առաջ։

Զգուշացում։ Կոնապտուղը հակացուցված է հղիներին, երիկամային հիվանդությունների, սուր ստամոքսաբորբի եւ կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Չի կարելի 25-30 օրից ավելի ընդունել գիհու պտղի պատրաստուկները։ Հաջորդ բուժումը կատարեք 3-4 ամսից ոչ շուտ։