Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռիի մարզ, որտեղ հանդիպել է Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցներին: Այցի նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին հասարակական կարգի պահպանման խնդիրներն են եղել: «Ակնկալում եմ օրենքի գերիշխանություն, օրենքի վերկուսակցական մոտեցումներ: Մենք պարտավոր ենք ապահովել բոլոր թեկնածուների եւ ընտրատեղամասերի անվտանգությունը, անկախ նրանից, ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն, եւ սառը ցնցուղ պետք է լինենք բոլորի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետը: Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների աշխատանքը գնահատելով բավարար, ոստիկանապետն ասել է, որ կադրային փոփոխություններ չի նախատեսում: Գնահատելով նաեւ մարզում տիրող օպերատիվ վիճակը, ոստիկանապետն ասել է, որ վիճակը մեծ հաշվով լավ է, թեեւ «ժամանակ առ ժամանակ լոռեցու միամտությամբ էնպիսի մի հանցագործություն են անում, որ ուղեղի ցնցում ես ստանում»: