Երեկ Հայաստանի քաղաքական դաշտում որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել: Ընդդիմադիր որեւէ ուժ կամ ուժերի միավորում բողոքի ակցիա, պիկետ չի կազմակերպել: Որեւէ հայտարարություն չի հնչել ընտրություններն «ազատ, արդար եւ թափանցիկ» անցկացնելու շուրջ միասնական գործակցության մասին… Հետեւաբար, կարելի է արդեն այսօր կանխատեսել, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնելու են համեմատաբար անաղմուկ, առանց ցնցումների, եւ վերջին հաշվով` բոլորը գոհ են լինելու: Բացի ընտրությունների ամենակարեւոր սուբյեկտից` ընտրողներից: Նախօրեին Ոստիկանությունը հրապարակեց ընտրական ցուցակները, որոնցում ընդգրկված են 2 մլն 485 հազար 544 ընտրող` մոտ 166.000-ով ավելի, քան վերջին` 2008 թվականի նախագահական ընտրություններում: Որեւէ տրամաբանությամբ, մինչ այժմ մարդկությանը հայտնի գիտության մեթոդներով հնարավոր չէ բացատրել ընտրողների թվի այս աճը. ակնհայտ է, որ իշխանություններն ընդամենը այդքան «հավելագրում» են կատարել, որը թվաբանորեն գուցե կարողանան հիմնավորել զանազան ռեգիստրներում, ցուցակներում ինչ-որ գործողություններ կատարելով: Ռեգիստրներն էլ են իրենցը, ցուցակներն էլ… Սակայն որքան կանխատեսելի է նման վարքագիծը իշխանության կողմից, նույնքան տարօրինակ է ընդդիմության լռությունը կամ անտարբերությունը այս` ընտրությունների համար ամենակարեւոր հարցի վերաբերյալ: Մնում է միայն եզրակացնել, որ ընդդիմությունն ընդունել է խաղի կանոնները եւ ընտրություններին մասնակցելու է իշխանության կողմից արդեն նախապես «ուրվագծված» քարտեզների շրջանակներում: Ակնհայտ է, որ լրացուցիչ 166.000 ձայնը (կախված նրանից, թե ընտրությունների մասնակցության ինչ ցուցանիշ կհրապարակվի) իշխանության համար 10-15 տոկոս ռեզերվային հնարավորություն է ստեղծելու: Այս պայմաններում իշխանությունները կարող են նույնիսկ շռայլություն թույլ տալ` բուն ընտրության գործընթացում ազատ եւ արդար ընթացք ապահովելով: Իսկ արդեն ընտրության ավարտից հետո լրացուցիչ 10-15 տոկոսն առանց աղմուկի կարող են «բաշխել»` ըստ հայեցողության: Իշխող ՀՀԿ-ն արդյունքում կստանա այնքան ձայն, որքան անհրաժեշտ է ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար, մյուս կուսակցություններին ու ուժերին էլ կտրվի այնքան, որքան բարեհաճ կգտնվեն իշխանությունները նրանց հանդեպ: Այնպես որ` ընտրությունների մասնակից ուժերն իրականում մրցելու են ոչ միայն ընտրողների ձայները ստանալու, այլ նաեւ վերը նշված 10-15 տոկոսից «փայաբաժին» ունենալու համար: Մայիսի 7-ին իշխանությունը կհրապարակի «տենդերի» արդյունքները: