Կարեւորը որակն է

29/03/2012

«Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների որակը կարեւոր է հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար»,- իր տեսաբլոգում նման հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Ընտրությունները կարեւոր են նաեւ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների հետ Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հետեւել հայաստանյան ընտրությունների ընթացքին»,- նշել է նա` ընդգծելով, որ ընտրությունների դիտարկումը թույլ կտա համոզվել, որ նախընտրական գործընթացներում օգնությունը ցուցաբերվել է ճիշտ ուղղությամբ: Ջոն Հեֆերնը խոսել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների մասին` նշելով, որ գրանցված են եղել բավականին ուժեղ թեկնածուներ: «Քաղաքական մրցակցությունն անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար»,- շեշտել է Ջ. Հեֆերնը` կարեւորելով նոր ընտրական օրենքի դրական ազդեցության գործոնը: Որպես դրական օրինակ` դեսպանը բերել է ընտրություններից 40 օր առաջ հրապարակված ընտրացուցակներն օգտագործելու ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունը: «Մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես քաղաքական կուսակցությունները եւ լրագրողները, ովքեր արդեն իրավունք ունեն տեսախցիկներով մուտք գործել ընտրատեղամաս, օգտագործեցին դրանք ընտրության եւ ձայների հաշվարկի ընթացքում»,- նշել է Հեֆերնը: Միաժամանակ նա նշել է, որ ոչ միայն ընտրությունների օրը պետք է հարթ անցնի, այլեւ ամբողջ նախընտրական գործընթացը: «Նախընտրական պայքարի ընթացքում շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունների համար ստեղծվեն հավասար խաղի կանոններ` ներառյալ լրատվամիջոցների մատչելիություն: Պետք է բացառվի նաեւ վարչական լծակների չարաշահումը եւ կանխվի ընտրակաշառքի բաժանումը: Իշխանությունները եւ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել ընտրական գործընթացի խախտումների հետ կապված բոլոր ահազանգերին»,- ասել է նա` միաժամանակ կարեւորելով նաեւ ընտրողների բարձր գիտակցությունը: «Ուրախ ենք տեսնել, որ մի շարք կազմակերպություններ, պետական եւ օրենսդիր կառույցներ աշխատում են իրազեկել հասարակությանը եւ ձեւավորել հավատի մթնոլորտ առաջիկա ընտրությունների նկատմամբ: Եզրափակելով` կոչ եմ անում իշխանություններին, ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը եւ լրագրողներին` ջանք չխնայել ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ ապահովելու համար: ԱՄՆ-ի դեսպանատունն իր հերթին խոստանում է անել հնարավորը»,- հայտարարել է դեսպանը: