Այս նախընտրական շրջանը, թերեւս, ամենահետաքրքիրներից մեկն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Հետաքրքիր երեւույթներից մեկն էլ, որքան էլ զարմանալի հնչի, ՕԵԿ-ն է։
Մինչեւ վերջերս ոմանց թվում էր, թե ՕԵԿ-ն այս խորհրդարան մտնելու ոչ մի շանս չունի։ Տարբեր վերլուծաբաններ եւ տեխնոլոգներ, խոսելով ապագա խորհրդարանի հնարավոր կազմի մասին, անգամ չէին հիշում այդ կուսակցության մասին՝ համարելով, որ ՕԵԿ-ն այլեւս ասելիք չունի։ Սակայն վերջին շրջանում կուսակցության անունը սկսեց ավելի հաճախ հոլովվել, իսկ մարտի 3-ին կայացած համագումարից հետո Արթուր Բաղդասարյանին սկսեցին բավական հաճախ հրավիրել հարցազրույցների։ Իհարկե, ՕԵԿ նախագահը նոր մարդ չէ քաղաքական դաշտում, եւ ՀՀ քաղաքացիները նրան շատ լավ են ճանաչում։ Սակայն շատերին էր հետաքրքրում՝ ի՞նչ է ասելու Ա. Բաղդասարյանը։ Կամ ավելի ճիշտ՝ հիմա՞ ինչ է ասելու։ Երկու-երեք օր առաջ ՕԵԿ նախագահը «Արմնյուզ» հեռուստաընկերության հյուրն էր, հարցազրույց էր տալիս Արտակ Ալեքսանյանին։ Վերջինս հարցրեց, թե ընտրողն ինչո՞ւ պետք է ընտրի ՕԵԿ-ին, եւ ոչ թե օրինակ ՀՀԿ-ին, եթե երկուսն էլ իշխանության մեջ են եղել։ Այսինքն՝ ինչո՞վ է ՕԵԿ-ն առանձնանում մյուսներից։ Հարցին ի պատասխան` Ա. Բաղդասարյանը թվարկեց այն ամենը, ինչը վերջին 2 շաբաթվա ընթացքում բազմիցս հնչեցվել է՝ ՕԵԿ-ը 200 օրենքների հեղինակ եւ համահեղինակ է, ավելի քան 70 հազար քաղաքացիներ ստացել են խորհրդային ժամանակների իրենց ավանդները, ոչ մի դպրոց կամ մանկապարտեզ չի սեփանակաշնորհվել վերջին տարիներին եւ այլն։ Եվ այդ ամենը՝ ՕԵԿ-ի շնորհիվ։ Իհարկե, նշված կետերից գրեթե բոլորի մասով կարելի է բանավիճել, սակայն ցանկանում ենք անդրադառնալ կոնկրետ մեկ կետի՝ ծննդօգնությանը։ Ա. Բաղդասարյանը մոտավորապես ասաց հետեւյալը՝ վերջին երկու տարվա ընթացքում ծնելիությունն աճել է։ Ո՞ւմ շնորհիվ։ Շնորհիվ ՕԵԿ-ի, որ նախաձեռնեց անվճար ծննդօգնությունը, ներդրեց ծննդաբերության նպաստների համակարգը եւ այլն։ Միգուցե բառերի տեղերը մի թեթեւ խառնել ենք, սակայն իմաստը հաստատ ճիշտ է։ Իմաստն այն է, որ ծնելիությունը աճել է, եւ ազգովի դրա համար պարտական ենք ՕԵԿ-ին։
Թե ում ենք պարտական եւ որքանով, դրան դեռ կանդրադառնանք։ Սակայն մինչ այդ ավելի լավ է փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչի՞ համար ենք պարտական, եւ պարտակա՞ն ենք արդյոք։ Ավելի պարզ ասած՝ արդյո՞ք ծնելիությունը աճել է վերջին 2-3 տարվա ընթացքում։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Ազգային վիճակագրության ծառայության կայքում, ժողովրդագրական ցուցանիշների բաժնում։ Ըստ ԱՎԾ-ի, 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 43.447 երեխա, ավելի քիչ՝ քան 2010 թվականին (նախանցած տարի ծնվածների թիվը կազմել է 44.825)։ Ծնելիության գործակիցը 2011թ. նվազել է 0.5 պրոմիլային կետով եւ կազմել 13.3։ Փաստորեն, ոչ միայն աճ չկա, այլ հակառակը՝ առկա է նվազում։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ 2008թ. համեմատ ծնելիության աճ կա (անվճար բուժօգնությունը ուժի մեջ մտավ հենց 2008-ի կեսերից)։ Սակայն նախորդ տարիներին նույնպես աճ կար. օրինակ՝ 2006-ին ծնվել է 37.639 երեխա, 2007-ին՝ 40.105, 2008-ին՝ 41.238։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող պնդել, որ 2009 եւ 2010թթ. ծնելիության թեթեւակի աճը պայմանավորված է հենց անվճար բուժօգնությամբ կամ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարով, քանի որ նախկինում էլ նման տեմպերով աճ կար։ Առաջին հարցին կարծես պատասխանեցինք։
Անցնենք հաջորդ հարցին՝ իրականում նշված փոփոխությունների դրական էֆեկտը այդքան մե՞ծ է, որ ամեն առիթով դրա մասին խոսվում է։ Նախ՝ ծննդօգնության անվճար լինելը չի նշանակում, որ բոլոր ծախսերը պետությունը վերցնում է իր վրա։ Կան նաեւ կողմնակի ծախսեր (դեղորայքի կամ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում եւ այլն), որոնք ծնողներն, ամեն դեպքում, ինքնուրույն են հոգում։ Բացի այդ, անկախ օրենքից՝ դեռ գործում է «մաղարիչի» հին հայկական ավանդույթը՝ բժշկին, բուժքույրերին, «նարկոզի» բժշկին եւ այլն։ Օրինակ՝ «ազատող» բժշկին սովորաբար վճարվում է 30-50 հազար դրամ, նարկոզի բժշկին՝ 5-15 հազար եւ այլն։ Սրան գումարենք ոչ բժշկական ծախսերը։ Ամենահամեստ հաշվարկներով՝ նորածնին անհրաժեշտ պարագաների (օրորոց, մանկասայլակ, մանկական հագուստ, տաշտակ եւ այլն) ձեռքբերման համար ծախսվում է նվազագույնը 100 հազար դրամ։ Կրկնում ենք՝ սա՝ ամենաէժան գներով։ Իսկ միջին որակի պարագաներ գնելու դեպքում ծախսվում է 150-200 հազար դրամ։ Միանվագ։ Կան նաեւ ամսական ծախսեր՝ տակդիրներ, տակաշորեր, սնունդ, տարբեր շիլաներ, հիգիենայի պարագաներ եւ այլն։ Այս ամենի վրա ծախսվում է ամսական 30-40 հազար դրամ։ Չհաշված՝ արագ մեծացող երեխայի հագուստը եւ վերջապես խաղալիքները։ Մնացած ծախսերը ընթերցողն ինքն էլ կարող է ավելացնել։
Առաջին երեխայի համար պետությունը տրամադրում է 50 հազար դրամ, սակայն դրա համար հարկ է լինում մի քանի տեղեկանքներ տանել։ Իսկ երեխայի խնամքի ամսական նպաստը կազմում է ընդամենը 18 հազար դրամ։ Կարո՞ղ է արդյոք անվճար բուժօգնությունը (պայմանականորեն անվճար), պետության տրամադրած 50 հազար դրամն ու ամսական 18 հազար նպաստը խթան հանդիսանալ, որ ֆինանսական դժվարություններ ունեցող երիտասարդ զույգը երեխա ունենա։ Այդ հարցի պատասխանն էլ թողնենք ընթերցողին։
Ինչեւէ, անկախ նրանից, թե թվային առումով ծննդօգնության հետ կապված փոփոխությունները ինչ արդյունք են ունեցել, արված քայլերը չի կարելի փնովել։ Իհարկե, լավ է, որ պետությունն անվճար ծննդօգնության հնարավորություն է ընձեռում, լավ է, որ երեխայի ծնվելիս միանվագ գումար է հատկացնում, հետո՝ ամսական նպաստ (թեկուզ քիչ չափով)։ Այլ հարց է, որ դրա դերը գերագնահատել չի կարելի։
Եվ վերջապես, գանք այն հարցին, թե ո՞ւմ պետք է շնորհակալ լինել, թեկուզեւ փոքր, սակայն դրական փոփոխությունների համար։ Արդյո՞ք բոլոր դափնիները բաժին են հասնում միայն ՕԵԿ-ին։ Այս հարցը նոր չէ, այն հնչում է դեռ 2009 թվականից։ Օրինակ՝ 2009թ. սկզբին Հեղինե Բիշարյանը ինչ-որ առիթով հիշատակել էր ծննդօգնության եւ այլ ոլորտների հետ կապված իրենց ձեռքբերումները եւ նշել, որ ՕԵԿ-ը դրանց հասել է իր կոալիցիոն գործընկերների հետ պայքարի արդյունքում։ «168 Ժամը» դեռ այն ժամանակ մեկնաբանություն էր խնդրել կոալիցիոն մյուս անդամներից։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ ասել էր. «Չեմ կարծում, որ ընդհանրապես կոռեկտ է կոալիցիոն կառավարության համատեղ, միասնական աշխատանքի ինչ-որ դետալներ որեւէ քաղաքական ուժի կողմից սեփականաշնորհելը: Կա կոալիցիոն կառավարության ծրագիր, որտեղ, այո, ներառված են կոալիցիային մաս կազմող բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերն այս կամ այն չափով: Եվ չնայած կուսակցությունները ստանձնել են պատասխանատվություն որոշակի ոլորտների հանդեպ, այդուհանդերձ, կրկնում եմ, չեմ կարծում, որ ինչ-որ պատասխանատվություն կամ արված աշխատանք շնորհելը «ճիշտ է»: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասել էր. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ավելի հստակ ընդգծված կուսակցական խնդիրներ ունի եւ փորձում է ռեյտինգայնություն ապահովել: Կոալիցիայի շրջանակներում ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը բացարձակ մեծամասնություն ունի եւ կուսակցական խնդիրներից առավել համապետական խնդիրների լուծման բանալին է որոնում: Բնական եմ համարում, որ այս կամ այն կուսակցությունը վերագրումներ կատարի իրեն: Եթե որեւէ մի տեղ ՀՀԿ-ն մի ծառ է տնկում, մյուսները գալիս իրենց դրոշները տնկում են այդ ծառի կողքը, եւ ասում են` սա մեր ծառն է: Սա էլ նույնն է, բայց պետք է ըմբռնումով մոտենանք այդ ամենին»։ Անցել է 3 տարի, սակայն կարծում ենք, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա։ Մնում է սպասել եւ տեսնել, թե «ըմբռնումը» բավական կլինի՞ 5%-անոց շեմը հաղթահարելու համար։