Ամերիկյան Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) հրապարակել է «Մեծ Կովկաս. փլուզման ու ինտեգրման միջեւ» անունը կրող մի զեկույց, որը հեղինակել է Վաշինգտոնում գործող այդ կազմակերպության` ԱՊՀ-ի, Ռուսաստանի ու Կովկասի գծով փորձագետ Ջեֆրի Մանկոֆը: Զեկույցում նշված է, որ Կովկասում միջազգային համագործակցության գլխավոր գործոններն են էներգետիկան ու խողովակաշարերը: Զեկույցում, ի թիվս այլ գործոններին, մեծ տեղ է հատկացված Ղարաբաղյան հակամարտությանն ու Ադրբեջանի իշխող վերչակարգին: «Հարավային Կովկասի տարածքային վեճերից ամենավտանգավորը Լեռնային Ղարաբաղինն է: Հայաստանն ու Ադրբեջանը լավ սպառազինված են եւ կարծում են, թե հակամարտության վերսկսման դեպքում կհաղթեն իրենք: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում Հայաստանի անվանական դաշնակից Ռուսաստանից: Նրա ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ողջ պետբյուջեն, եւ ամեն տարի այդ տարբերությունը մեծանում է: Թեեւ ներկայումս Ադրբեջանը չունի ճնշող գերակշռություն, ինչը նրան հնարավորություն կտար հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, Ադրբեջանում գնալով ավելի շատ են հակվում այն մտքին, որ Ղարաբաղի վրա վերահսկողությունը կարելի է վերականգնել ռազմական ճանապարհով: Տարածաշրջանային կայունությունը կարող է խթանել գոյություն ունեցող ռեժիմներից մեկի կամ մի քանիսի կործանումն ու Արաբական գարնան նման զարգացումները: Հարավային Կովկասում գոյություն ունեցող ռեժիմների լեգիտիմությունը հեղհեղուկ է, ներքին ու արտաքին գործոնները պարարտ հող են ստեղծում տարածաշրջանում հեղափոխությունների հնարավոր ընդարձակ ալիքի համար: Օրինակ` Ադրբեջանն ունի դաժան, դինաստիական քաղաքական համակարգ, բնակչությունն ապրում է փոփոխությունների ակնկալիքով, ինչը կարող է հակակառավարական բողոքների պատճառ դառնալ: Մեծ Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության ընդհանուր նպատակը պետք է լինի գլոբալ տնտեսությանն ինտեգրվելուն հանգեցնող գործընթացների խրախուսումն ու հակառակ գործընթացների սահմանափակումը: Էներգետիկ ոլորտի զարգացման հետ մեկտեղ` Վաշինգտոնը պետք է նպաստի տրանսպորտային նոր կապերի (ավտոճանապարհներ, երկաթուղիներ ու նավահանգիստներ) ստեղծմանը, որոնք կօգնեն Մեծ Կովկասը կապել արտաքին աշխարհի ու համաշխարհային շուկաների հետ: ԱՄՆ-ը պետք է ընդունի ու հաշվի առնի, որ տարածաշրջանային երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, ԵՄ-ն եւ անգամ Իրանն, այստեղ ունեն իրենց շահերը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը:
ԱՄՆ-ը պետք է ավելի իրատեսական դիրքորոշում ցուցաբերի Հարավային Կովկասի անջատողական շրջանների կարգավիճակի նկատմամբ, որոնք դե ֆակտո, արդեն երկու տասնամյակ է, ինչ ունեն անկախություն եւ հազիվ թե խաղաղ ճանապարհով վերադառնան Ադրբեջանի (Լեռնային Ղարաբաղ) եւ Վրաստանի (Հարավային Օսիա ու Աբխազիա) ինքնիշխանության ներքո»,- գրել է CSIS-ի փորձագետ Ջեֆրի Մանկոֆը: