Առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ եւ նոր ԸՕ-ի պատճառով ԿԸՀ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ տեղեկացրեց, որ բացի վերջին խմբից, նախնական տվյալներով` որակավորման փուլ են անցել մոտ 35.000 քաղաքացի, թեեւ դիմել էին ավելի քան 44.000 քաղաքացիներ: Նրա խոսքերով` ՏԸՀ անդամի որակավորում ստանալու համար անցած տարի դիմել են ավելի քան 44.000 քաղաքացի, բայց դասընթացներին մասնակցել է մոտ 35.000 քաղաքացի: Նրանցից մոտ 32.000-ը ստացել է որակավորման վկայական: Այս տվյալների մեջ դեռ ներառված չեն որակավորման դասընթացներին մասնակցած վերջին խմբի ցուցանիշները: ԿԸՀ քարտուղարի խոսքերով` հանձնաժողովի անդամի որակավորման վկայական են ստացել 31 անցողիկ բալեր հավաքած մասնակիցները: Իսկ նրանք, ովքեր հավաքել են 21 միավոր, ընտրություններին կարող են մասնակցել որպես դիտորդ: Հայտ ներկայացրել եւ որակավորման գործընթացներին մասնակցել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ա.Սմբատյանի խոսքերով` ամենաշատ` մոտ 1200 ներկայացուցչի հայտ ներկայացրել է «Ժառանգություն» կուսակցությունը, սակայն նրանց մոտ կեսը չեն մասնակցել այդ դասընթացներին: Մյուս կուսակցությունները ներկայացրել են 500-600 ներկայացուցիչների հայտ: Ավելացնենք նաեւ, որ որակավորման վկայականների ժամկետը 3 տարի է: