– Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Հանդիսանալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Դուք ներգրավված էիք 2007 եւ 2008թթ. ընտրություններին: Կարծում եմ, շարունակում եք հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ի՞նչ կասեք առաջիկա ընտրությունների կարեւորության մասին:
– Հայաստանը շատ ընտրություններ է ունեցել, որոնց ընթացքում այս կամ այն տեսքով խախտումներ կամ խնդիրներ են եղել: Հայաստանում առաջիկա ընտրությունները չափազանց կարեւոր են: Դրանք կարեւոր են Հայաստանի` ԵՄ-ի հետ ինտեգրման ջանքերի համատեքստում, եւ սրանք սոսկ խոսքեր չեն: Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարություններին, ապա յուրաքանչյուր ընտրություն էական քայլ է հանդիսանում: Այս դեպքում դրական փոփոխություններն ավելի կարեւոր են, քան դա սովորաբար լինում է: Դա հատկապես կարեւոր է դառնում այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների որոշման փուլում, եւ ասեմ ավելին` աշխարհում իր դերի որոշման փուլում:
– Ի՞նչ եք ակնկալում այդ ընտրություններից: Դուք բավականին լավ գիտեք ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանի քաղաքական ուժերը պատրա՞ստ են ներգրավվել մի այնպիսի ընտրական գործընթացում, որի արդյունքները կընդունվեն բոլորի կողմից: Հայաստանն այսօր ունի՞ այդ ներուժը:
– Ես չեմ հետեւել ընտրություններին պատրաստվելու մանրամասներին եւ քաղաքական քննարկումներին: Սակայն վերջին խնդրահարույց ընտրություններից հետո, նրանից հետո, երբ «փոշին նստեց», քաղաքական ուժերը ժամանակ ունեին գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, որ Հայաստանը պետք է առաջ շարժվի: Կարծում եմ, որ ներկայումս Հայաստանը հնարավորություն ունի դա անելու առաջիկա ընտրությունների միջոցով, եւ քաղաքական ուժերը կարծում են, որ դա հնարավոր է:
– Սրանք կլինեն մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջին ընտրությունները, եւ հոգեբանորեն շատ կարեւոր է հասարակությանը ցույց տալ, որ Հայաստանում կարելի է խաղաղ ընտրություններ անցկացնել: Արդյոք դա կարո՞ղ է իշխանությունների համար լրացուցիչ խթան հանդիսանալ` գործընթացն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան անցկացնելու համար:
– Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը հստակ գիտակցում են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման կարեւորությունը, որոնք կբացառեն բռնության որեւէ դրսեւորումներ: Կարծում եմ, որ նույն կարծիքն ունեն առավել ազդեցիկ ընդդիմական ուժերը, եւ ես այդ մոտեցումը դիտարկում էի բավականին երկար ժամանակահատվածում: 2008 թվականի ընտրություններից հետո նրանք նույնպես համոզվեցին, որ իրենց ապագան կայանում է նրանում, որպեսզի բարեխղճորեն մասնակցեն քաղաքական եւ ընտրական գործընթացներին:
– 2008 թվականի մարտի դեպքերը Ձեր օրակարգի կարեւորագույն հարցերից էին` որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ աշխատելու տարիներին: ԵԽ ԽՎ համազեկուցողների վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ ՀՀ նախագահը ողջունել է Մարտի 1-ի «հանրային լսումների» գաղափարը: Արդյոք կարո՞ղ է նման գաղափարը կյանքի կոչվել, թե՞ այն քաղաքական շահարկումների լրացուցիչ աղբյուր կդառնա:
– Դա կապված է երկրում տիրող տրամադրություններից, այդ գործընթացում ընդգրկված տարբեր ուժերի եւ կուսակցությունների հոգեբանությունից: Հուսով եմ, որ այդ իրադարձությունները մնացին անցյալում, եւ այսօր հարկ չկա դրանց մեջ նույն հուզական երանգները մտցնել, որոնք առկա էին 2008 թվականի մարտի դեպքերից հետո: Ժամանակն է արդար գնահատական տալ կատարվածին, եւ ես կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել բոլորի համար: Բայց բոլորը պետք է նույն մոտեցումն ունենան: Այդ իրադարձությունները չպետք է Հայաստանի այսօրվա քաղաքական օրակարգի մաս կազմեն, ինչպես դա եղավ 2008թ. մարտի դեպքերից անմիջապես հետո: Այսօր խոսքը հիմնականում պետք է գնա այդ վերքի բուժման մասին, որը ցավալի է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են եղել:
– ՀՀ նախագահը եւ վարչապետը, այլ պաշտոնյաներ հայտարարություններ են արել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազատ եւ արդար ընտրությունների անցկացնելու մտադրության մասին: Արդյոք կարո՞ղ է միջազգային հանրության, մասնավորապես, ԵՄ-ի կողմից, լուրջ արձագանք հետեւել այն դեպքում, եթե իրականությունն այլ լինի:
– Չեմ ցանկանում պատասխանել հիպոթետիկ հարցերին: Կարող եմ կրկնել այն, ինչ արդեն ասացի: Հայաստանն անցյալում բավականին շատ խնդրահարույց ընտրություններ է ունեցել: Շատ կարեւոր է, որպեսզի այս ընտրություններն անցկացվեն խաղի կանոններին համապատասխան: Դրանք կարեւոր են, որովհետեւ Հայաստանը, բանակցություններ վարելով Ասոցիացման համաձայնագրի եւ այլ պայմանագրերի կնքման մասին, Եվրամիության հետ իր հարաբերությունների կարեւոր փուլում է գտնվում: Եվրամիության եւ այլ գործընկերների կողմից մեծ ուշադրություն է լինելու ընտրությունների հանդեպ: Իհարկե, այդ ընտրությունների գնահատականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդհանուր կլիմայի կարեւոր մաս է կազմելու: Եթե ընտրությունները խնդրահարույց լինեն, եւ դրանց քննարկման հարկ լինի, ապա դա կշեղի ուշադրությունը Հայաստանի եվրոպական օրակարգի այլ հարցերից: Դա միանշանակ է: Կարծում եմ, էական հնարավորություններ կան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերում բեկման հասնելու համար:
– Ո՞րն է այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը: Կան կոռուպցիայի, քաղաքական կլիմայի, ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները: Բոլոր այդ հարցերը փոխկապակցվա՞ծ են, թե՞ կարող եք առավել կարեւոր խնդիր մատնանշել, որի լուծումը թույլ կտա առաջ գնալ:
– Յուրաքանչյուր խնդրահարույց հարցն ազդում է ողջ իրավիճակի վրա: Կառավարությունը, եթե նայենք ներսից, կանգնած է մի քանի շատ կարեւոր, անգամ կասեի` էքզիստենցիալ խնդիրների առջեւ: Հարցերը որոշակիորեն ազդում են միմյանց վրա, այդ թվում` միջազգային հարթակում: Հայաստանի առաջ ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծումը միանշանակ կազդի իրավիճակի, կլիմայի եւ այն մթնոլորտի վրա, որոնցում դիտարկվում են այլ խնդիրները:
Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ