Դոպինգային սկանդալ NHL-ում

02/12/2005

Հակադոպինգային կոմիտեի նախագահ Դիք Փաունդը սենսացիոն հայտարարություն է արել. ըստ նրա, ԱՄՆ Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող խաղացողների ավելի քան մեկ երրորդն արգելված խթանիչներ է օգտագործում։ Այս հայտարարությունը վրդովեցրել է հոկեյիստներին եւ թիմերի պատասխանատուներին։ «Կալգարի» թիմի գլխավոր մարզիչ Դերիլ Սաթթերը գտնում է, թեեւ միամիտ կլիներ կարծել, որ ազգային լիգայում այսպիսի խնդիր ընդհանրապես չկա, սակայն, մյուս կողմից` «բոլորին չի կարելի նույն արշինով չափել»։ Այս հայտարարությանը ոչ ոք չի աջակցել, առավել եւս, որ այն փաստերով հաստատված չի. այս մրցաշրջանում դեռ ոչ ոք չի պատժվել խթանիչներ օգտագործելու համար։ Նշենք, որ լիգայում արդեն ներդրվել է դոպինգ-վերահսկողության նոր համակարգը։ Առաջին անգամ խթանիչ օգտագործելու դեպքում հոկեյիստը կորակազրկվի 20 խաղով, երկրորդ անգամ՝ 60, իսկ եթե երրորդ անգամ կրկնի նույն սխալը, ապա մինչեւ կյանքի վերջն իրավունք չի ունենա հանդես գալ Հոկեյի ազգային լիգայում։