«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սեուլի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին ակնհայտորեն արհամարհել են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի եւ եվրախորհրդի ղեկավարներ ժոզե Մանուել Բարոզուի եւ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպումների ձեւաչափը նմանվել է ավելի շուտ պատահաբար հանդիպած ծանոթների ձեռքսեղմման»,- այդ մասին գրել է «Kommersant-Ukraina» պարբերականը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային տեղյակ էին պահել Յանուկովիչի եւ Օբամայի միջեւ կայանալիք բանակցությունների մասին, սակայն Յանուկովիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ քննարկվել է «Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում համաշխարհային մակարդակի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին Ուկրաինայի նախաձեռնությունը»:
Պարբերականը գրում է, որ միջուկային անվտանգությանը չվերաբերող թեմաներ ընդհանրապես չեն քննարկվել, քանի որ դրա համար պարզապես ժամանակ չի եղել: Թերթի տվյալներով` Յանուկովիչի եւ Օբամայի հանդիպման համար անգամ առանձին սենյակ չի տրամադրվել: Երկու երկրների առաջնորդները զրուցել են կանգնած, իսկ նրանց հանդիպումը, ներառյալ ողջույնի եւ հրաժեշտի ձեռքսեղմումը, տեւել է մոտ 4 րոպե: Նույն ձեւաչափով են ընթացել նաեւ Յանուկովիչի հանդիպումները Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահների հետ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել գագաթաժողովի լիագումար նիստերի դահլիճում` ընդմիջումներից մեկի ժամանակ, եւ նույնպես երկար չի տեւել: «Ժամանակը քիչ է եղել… Մենք չենք իրականացրել այն ծրագիրը, որը նախատեսում էինք»,- լրագրողներին խոստովանել է Յանուկովիչը: Նրա խոսքերով` ինքը պատրաստվում էր ավելի երկարատեւ բանակցություններ վարել ԵԽ ղեկավարության հետ, սակայն ստիպված է եղել փոխել ծրագրերը, որպեսզի հասցնի հանդիպել Օբամայի հետ: Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ կարծում են, որ Սեուլի գագաթաժողովը կարելի է անգամ հաջողված համարել Ուկրաինայի համար, քանի որ վերջին շրջանում Տիմոշենկոյի դատավճռից հետո Յանուկովիչը գտնվում էր կիսամեկուսացված վիճակում: