Իսկ «Սիբնավթի» նախկին սեփականատերը՝ Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը, եւ մեկ այլ միլիարդատեր՝ իսրայելցի Լեւ Լեւաեւն այս շաբաթվա ընթացքում կգնեն Թել-Ավիվի ֆուտբոլային «Հապոել» թիմը։ Արգենտինական «Clarin»-ին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Աբրամովիչի օգնական Ջոն Մանը։ Ռուսաստանցի միլիարդատերը մտադիր է ձեռք բերել «Հապոելը» միջնորդի միջոցով, քանի որ ՈՒԵՖԱ-ն արգելում է իր հովանու տակ անցկացվող մրցաշարերին մասնակցող միանգամից 2 թիմ ունենալ։ Աբրամովիչը ցանկանում է դառնալ «Հապոելի» Տնօրենների խորհրդի նախագահ։ Եթե ՈՒԵՖԱ-ն դա էլ արգելի, ապա նա, ամենայն հավանականությամբ, կնշանակի Տնօրենների խորհուրդ, որը ֆորմալ առումով իրեն չի ենթարկվի, սակայն իրականում կգտնվի իր հսկողության տակ։ «Հապոելի» երկրպագուների ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աբրամովիչն ու թիմի ներկայիս սեփականատեր Սամի Սագոլեմը վերջնական համաձայնության են եկել «Հապոելի» վաճառքի հարցում։