Նոր ժողովածու՝ պատմաբանի հոբելյանի առիթով

29/03/2012

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի «Հայաստանի պատմության եւ ժողովրդագրության հարցեր» վերտառությամբ հոդվածների ժողովածուն: Գիրքը լույս է տեսել պատմաբանի ծննդյան 50-ամյակի առիթով: Հոդվածների սույն ժողովածուն միայն մասամբ է ամբողջացնում Ա. Մելքոնյանի տարիների պրպտումները: Այստեղ ընդգրկված են հեղինակի միայն գիտական հանդեսներում եւ ժողովածուներում տեղ գտած աշխատանքներից:

Ինչքան պատվաբեր, նույնքան եւ դժվարին ու պատասխանատու գործ է` կրել հայ պատմաբանի կոչումը: Այդ կոչմանն արժանացած հայ մտավորականի ճանապարհը մշտապես եղել է քարքարոտ, իսկ հաղթահարման հնարավորությունները` ոչ մեծ: Ա. Մելքոնյանի գիտական վերելքի տարիները կապվում են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ (լաբորանտ, գիտաշխատող, գիտական քարտուղար, գիտական հարցերի գծով փոխտնօրեն, 2002 թ. հուլիսից` տնօրեն), ուր նա աշխատանքի էր անցել 1986-ից:

Դժվար է մատնանշել պատմական որեւէ ժամանակահատված, որտեղ պրոֆ. Ա. Մելքոնյանը չունենա իր ծանրակշիռ մոտեցումը: Այդուհանդերձ` պատմաբանի առավել հիմնարար գործերն առնչվում են Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրությանը, Հայկական հարցի ձեւավորմանն ու հետագա զարգացման ընթացքին, Հայոց ցեղասպանության, վերջինիս միջազգային ճանաչման գործընթացներին, ի վերջո` Ջավախքի հիմնահարցի բազմակողմանի արծարծմանը, որն ամբողջացավ հեղինակի «Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին» (Երեւան, 2003) ստվարածավալ մենագրության մեջ:

Հայ պատմագիտությունն այսօր ամուր հիմքերի վրա է, ունի զարգացման հստակ տեսլական, եւ այդ գործում իր ծանրակշիռ ավանդն ունի պրոֆ. Ա. Մելքոնյանը: Նրա եւ մյուսների շնորհիվ ունենք հետխորհրդային պատմագիտության այնպիսի դպրոց, որն այսօր եւ ապագայում ի զորու է հայության նոր սերնդի մեջ ամրապնդել մասնատված Հայաստանի եւ բեկորված հայության վերամիավորման գաղափարը: Պատահական չէ, որ գիտնականը հաճախ է կրկնում. «Հայ ազգի պատմության անիվը չի կարող այդքան երկար ժամանակ պտտվել հակառակ ընթացքով, եւ եթե անգամ մեր սերունդը չտեսնի Հայ դատի արդարացի լուծումը, մենք պիտի փոխանցենք պահանջատիրության այդ սրբազան գաղափարը հաջորդ սերնդին, որպեսզի վերջինս մի օր դառնա այդ իրողության ականատեսն ու մասնակիցը»: Վերոնշյալ դպրոցի ծիլերն արդեն վաղուց են երեւացել. անձամբ Ա. Մելքոնյանի, ինչպես նաեւ նրա ղեկավարած գիտական հիմնարկի տքնաջան աշխատանքի եւ այլ պատմաբանների գիտական համագործակցության արդյունքում` արդեն հրապարակի վրա են Հայոց պատմության ակադեմիական քառահատորյակի երկու հատորների երկու գրքերը, որոնք եւ հետագա հատորները համարվում են հայ պատմագիտության վերջին խոսքը: Ա. Մելքոնյանն այն պատմաբաններից է, ով հայ սերունդների սեփականությունը դարձրեց իր ծննդավայր Ջավախքի անցած պատմական ուղին: Ելնելով Ջավախքի շուրջ ստեղծված այսօրվա իրողություններից` փաստենք, որ պատմաբանի կատարած այս ներդրումը հեռու է սոսկ պատմագիտական արժեք համարվելուց: Պատմաբանի` Ջավախքի ուղղությամբ իրականացրած հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվել են աղբյուրագիտական եւ փաստական հարուստ հենքի վրա, կարճ ժամանակ անց դարձան մերօրյա շրջանում Ջավախքի հայկականության համար տարվող պայքարի հիմքը: Աշոտ Մելքոնյանն այսօր էլ, կյանքի հիսնամյակի եզրագծից այն կողմ, շարունակում է գիտամանկավարժական գործունեությունը: Ելնելով այն հանգամանքից, որ տարիքային այս շրջանը համարվում է պատմաբանի համար ամենաբեղունը, ապա միանգամայն հասկանալի է, որ մենք դեռ կտեսնենք Ա. Մելքոնյանի հեղինակությամբ նորանոր գրքեր, գիտական հոդվածներ:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու