Սկանդալը շարունակվում է

29/03/2012

ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը` կապված Սեուլում լրագրողների կողմից ձայնագրված ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների անձնական խոսակցության հետ:

Հանրապետական սենատորները երեկ սուր քննադատական նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով խոստացել էր ռուսաստանցի իր գործընկերոջը` ընտրություններից հետո «ավելի ճկուն լինել» փակուղի մտած ՀՀՊ բանակցությունների հարցում: Հակառուսական խաղաքարտը շարունակում է օգտագործել ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակից հանրապետական Միթ Ռոմնին. նա նախագահին մեղադրել է թուլություն դրսեւորելու մեջ` նշելով, որ նրա արտաքին քաղաքականությունը նվեր է Մոսկվայի համար: «Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր սենատորները հրաժարվել են պաշտպանել ցանկացած սահմանափակում ՀՀՊ-ի հարցում, եթե Օբամայի վարչակարգը նման որոշում ընդունի»,- նշված է Սպիտակ տուն ուղարկված օրենսդիրների նամակում: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետական խմբակցության 47 անդամներից 43-ը: «Ռուսներին արված ցանկացած զիջում կարող է սպառնալ ԱՄՆ շահերին եւ անվտանգությանը… բացի այդ, հնարավոր զիջումները կարող են խախտել նախագահի պարտավորությունները, որոնք սահմանված են 2010 թ. դեկտեմբերի CHB-3 պայմանագրի վավերացման մասին բանաձեւում»,- ասված է սենատոր Ջոն Քայլի նախաձեռնությամբ գրված նամակում: Նաեւ նշվում է, որ սենատորները կհակադրվեն Օբամայի կողմից գործադրվող բոլոր ջանքերին` կամայական կերպով սահմանափակել ԱՄՆ հնարավորությունները ՀՀՊ ոլորտում կամ հասնել միջուկային սպառազինության հետագա կրճատմանը: Հանրապետականները նամակում հիշեցրել են, որ Կոնգրեսը երկրի հաջորդ ֆինանսական տարվա ռազմական բյուջեն ընդունել է պայմանով, որ երկրի գործադիր իշխանությանն արգելում է Ռուսաստանին տրամադրել գաղտնի տեղեկություն ՀՀՊ համակարգերի շուրջ: Նախագահ Բարաք Օբաման իր ստորագրությունն է դրել այդ փաստաթղթի տակ: Փաստաթղթում ասվում է, որ, հանրապետակաների կարծիքով, Պենտագոնը չի կիսում Սեուլում Օբամայի արած այն հայտարարությունը, ըստ որի` ԱՄՆ-ը բավարար չափի միջուկային զենք ունի, որը կբավականացնի իր անվտանգության պաշտպանության համար: Հանրապետականները չեն թաքցնում, որ նման նամակի համար պատճառ է հանդիսացել Օբամայի եւ Մեդվեդեւի անձնական զրույցը Սեուլում տեղի ունեցած հանդիպմանը: Հիշեցնենք. նախօրեին Սեուլում կայացած Օբամա-Մեդվեդեւ հանդիպմանը բարձրախոսներն անջատված չեն եղել, եւ լրագրողները լսել են նախագահների անձնական խոսակցությունը: Մասնավորապես` Օբաման ասել է, որ ընտրություններից հետո ինքը կարող է ավելի ճկուն լինել ՀՀՊ հարցում, իսկ Մեդվեդեւը խոստացել է դա փոխանցել Պուտինին:

Փորձագետները նշում են, որ, չնայած ՀՀՊ հարցում հանրապետականների կոշտ դիրքորոշմանը, դա չի նշանակում, որ Օբամայի վարչակազմին չի հաջողվի Սենատ ներկայացնել ՀՀՊ ծրագրերի փոխփոխությունների մասին որոշումը: Սենատորներին իր կողմը գրավել Օբաման կարող է վերընտրվելուց հետո, քանի որ դրանից հետո Դեմոկրատական կուսակցությունը հույս ունի վերականգնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում եւ ընդլայնել Սենատում ունեցած խմբակցությունը: Ի դեմ, երեկ Միթ Ռոմնին պատասխանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` իր հասցեին հնչած քննադատությանը` Foreing Policy ամսագրում հոդված տպագրելով: Ռոմնին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի «թիվ մեկ թշնամին» էր համարել Ռուսաստանին, ինչին ի պատասխան` Մեդվեդեւն ասել էր, որ Ռոմնիի ասածներից «Հոլիվուդի հոտ է գալիս» եւ խորհուրդ էր տվել նրան` արտահայտվելիս «հիմնավորել ասածները»: «Պատահական չէ, որ պարոն Մեդվեդեւը ներկա պահին զբաղված է իմ հասցեին քննադատությամբ: Ռուսներն ակնհայտորեն ցանկանում են գործ ունենալ Սպիտակ տան ներկայիս ղեկավարության հետ»,- իր հոդվածում գրել է Ռոմնին: Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ռուսաստանի հանդեպ հակահրթիռային պաշտպանության ոլորտում վարած քաղաքականությունը: Անդրադառնալով Օբամայի բառերին, Ռոմնին գրել է. «Ճկունություն, որպեսզի ի՞նչ անել: Նա ասում է, որ Կրեմլը կարող է հույսը դնել ճկունության վրա: Սա տագնապ է առաջացնում»: Ռոմնիի կարծիքով, Օբամա-Մեդվեդեւ երկխոսությունը հարցեր է առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ընդհանրապես երկրի վարած արտաքին քաղաքականության առումով: «Օբաման ապշեցուցիչ թուլություն է դրսեւորել»,- գրել է Ռոմնին իր հոդվածում: