«Ինչպես են պատմություն դասավանդում Հայաստանում և Ադրբեջանում»

29/03/2012

Երբ մասնակցում էի Վրաստանի Լրագրության եւ լրատվամիջոցների կառավարման կովկասյան դպրոցում կրթական ծրագրի համար նախատեսված հարցազրույցին, պրոֆեսոր Թինաթին Ցոմայան ինձ մի հարց տվեց`արդյո՞ք դեմ չէի լինի հայ ուսանողի հետ սովորել: «Այդ հայ ուսանողը Լեռնային Ղարաբաղից է»,- հավելեց նա:

Ես գիտեի, որ բացասական պատասխանի դեպքում կարող էի հրաժեշտ տալ կրթական ծրագրին, բայց չկարողացա ինձ զսպել: «Դուք Լեռնային Ղարաբաղից հայ ուսանո՞ղ ունեք: Այդ դեպքում ինձանից հանդուրժողականություն մի ակնկալեք: Դա ադրբեջանական տարածք է: Ձեր դպրոցում պետք է ադրբեջանցիներ սովորեին»,- ասացի ես:

Ես ծնվել եմ Ադրբեջանի հյուսիսում եւ ազգությամբ ավար եմ, այդ պատճառով իմ ընտանիքին հաջողվել է զերծ մնալ Ղարաբաղյան պատերազմի ծանր հետեւանքներից: Մենք չենք տեսել իրենց տները լքած եւ հարազատներից զրկված փախստականներին, երբեք կրակոցներ չենք լսել եւ մարդկայն զոհերի ականատես չենք եղել: Այնուամենայնիվ, ադրբեջանցի բազում այլ երիտասարդների նման, լրատվամիջոցների եւ դասախոսների ազդեցության տակ` ես նույնպես ատում էի հայերին: Բարեբախտաբար, ինձ թույլ տվեցին մասնակցել կրթական ծրագրին: Լրագրության դպրոցում անցկացրած առաջին օրվա ընթացքում Թբիլիսիի սրճարաններից մեկում հավաքված բոլոր ուսանողները ծանոթանում էին միմյանց հետ: Մենք պարզապես մեր անուններն էինք ասում եւ ոչ մի պատկերացում չունեինք միմյանց ազգային պատկանելության մասին: Ես նստել էի շագանակագույն աչքերով, ժպտերես մի աղջկա կողքին: Նրա բարեհամբույր վերաբերմունքը գրավեց ինձ, եւ կարծելով, թե նա վրացուհի է, սկսեցի խոսել նրա հետ: Միայն լսարանում պարզեցի, որ զրուցակիցս ազգությամբ հայ Լիլիթ Ասրյանն էր` Լեռնային Ղարաբաղից: Կարճ ժամանակ անց մոռացա իմ կանխակալ վերաբերմունքը հայ ուսանողուհու նկատմամբ: Խմբակային աշխատանքների ժամանակ նրա հաղորդած դրական լիցքերը ստիպում էին ինձ ժպտալ, իսկ շատ շուտով ես ամբողջությամբ վերանայեցի իմ նախկին հայացքները: Նա հիանալի անձնավորություն էր, ոչ թե սովորական հայ: Ի վերջո, Լիլիթը դարձավ իմ լավագույն ընկերուհին: Մենք երբեք չենք քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը` գիտակցելով, որ դա մեզ ոչինչ չի տա: Սակայն, մեզ հետ սովորող այլ հայ ուսանողների հետ միասին, Լիլիթը ստիպեց ինձ հրաժարվել հայերի նկատմամբ ունեցած իմ նախապաշարմունքներից: Ադրբեջան վերադառնալուց հետո հաճախ եմ քննադատության ենթարկվել ընկերներիս եւ գործընկերներս կողմից` հայերի նկատմամբ ունեցած հանդուրժողական մոտեցման պատճառով: Նույն խնդիրներին բախվեցի հայկական եւ ադրբեջանական պատմության դասագրքերի մասին պատմող համատեղ հոդվածը պատրաստելու ընթացքում: Երբ ադրբեջանցի աշակերտին հարցրեցի` «Ճի՞շտ է արդյոք հայերին «ֆաշիստ» եւ «ավազակ» անվանելը դասագրքերում», նրա ուսուցչուհին բարկացավ: Նա ինձ մեղադրեց «սխալ» հարցեր տալու եւ իր աշակերտների «ուղեղները լվանալու» մեջ: Ուսուցչուհու կարծիքով` հայերին նման բառերով բնորոշելը ճիշտ էր եւ քննարկման ենթակա չէր:

Ադրբեջանի պատմության դասագրքերից մեկի հեղինակը` Թոֆիկ Վելիեւը, ինձ մեղադրեց երկրի ազգային շահերի դեմ գործելու մեջ, երբ նրան հարցրեցի, թե ինչու էր հայերին որպես «ֆաշիստներ» ներկայացնում իր գրքում: Նա ասաց, որ ես հայերի կողմնակիցն էի եւ, որ ես պետք է փոխեմ իմ վարմունքը: Հարցազրույցներ անցկացնելիս ես աշխատում էի հնարավորինս շատ հարցեր տալ զրուցակիցներիս. այդ ամենը կասկածելի թվաց հարցազրույցին մասնակցող աշակերտուհու` Գյուլջեննեթ Հուսեյնլիի պապիկին, եւ վերջինս ինձ հարցրեց, թե արդյոք որեւէ բան գիտե՞մ Ղարաբաղյան պատերազմի մասին: «Չեմ կարծում, թե բավարար գիտելիքներ ունեք այս հարցը լուսաբանելու համար: Դուք այնպիսի սադրիչ բնույթի հարցեր եք տալիս: Իհարկե, երիտասարդներն ատելու են նրանց (հայերին): Հենց այդպես էլ պետք է լինի»,- ասաց նա:

Դպրոցականի պապիկը գիտեր, որ ես Ադրբեջանի հյուսիսում եմ մեծացել, որը հիմնականում ազգային փոքրամասնություններով է բնակեցված, եւ ասաց, որ իմ ազգային պատկանելության պատճառով ես անաչառ չեմ լինի հոդվածի պատրաստման ընթացքում: Բացի այդ, իմ դիմագծերը նույնպես խնդիրներ էին առաջացնում: Քանի որ ադրբեջանցիներին բնորոշ արտաքին չունեմ, մարդիկ ինձ հարցնում էին, թե արդյո՞ք խառն ամուսնության ծնունդ եմ: Երբ ասում էի, որ ազգությամբ ավար եմ, նրանք ավելի զգուշավոր էին դառնում: «Ավարը չպետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի նման թեմաներ լուսաբանի: Պետք է ազգությամբ ադրբեջանցի լինեք, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչ ենք մենք իրականում զգում»,- ասաց զրուցակիցներիցս մեկը: Ադրբեջանի կրթության նախարարության հրատարակչական բաժնի ղեկավար Ֆայիգ Շահբազլին շատ բարեհամբույր էր հարցազրույցի ընթացքում, բայց հետո նա կանգ առավ եւ հարցրեց իմ ազգային պատկանելության մասին:

Վախենալով, որ Շահբազլին կասի նույնը, ինչ հարցազրույցների նախորդ մասնակիցները, ես պատասխանեցի. «Երկու ծնողներս էլ ադրբեջանցիներ են»: Այսպես` կյանքումս առաջին անգամ ստեցի իմ ազգային պատկանելության մասին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ոմանք ողջունում էին հոդվածի պատրաստման գաղափարը` պատմել այն մասին, թե ինչպես են հայկական եւ ադրբեջանական պատմության դասագրքերում նկարագրում հակառակ կողմին: Որպես կանոն, նման մարդիկ միջին տարիքի ադրբեջանցիներ էին, ովքեր հայ ընկերներ են ունեցել հակամարտությունից առաջ:

Շահլա ՍՈՒԼԹԱՆՈՎԱ

www.iwpr.net