Մազաթափությունն ունի մի շարք պատճառներ, այն կարող է մարդու մոտ առաջացնել լուրջ հոգեբանական խնդիրներ։
Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Խեննիգ Խամմը խորհուրդ է տալիս. «Նախքան վաճառքում եղած դեղեր եւ զանազան միջոցներ օգտագործելը դիմեք բժշկի, կարեւոր է պարզել մազաթափության պատճառը»։
Մարդու գլխամաշկի վրա կան որոշակի քանակությամբ մազային սոխուկներ (ֆոլիկուլներ), որոնց կենսագործունեությունն ընթանում է պարբերաբար կրկնվող երեք փուլերով։
Փուլ Ա.- Տեւում է 2-5 տարի, մազերի աճի տեւողությունը եւ դրանց որակը կանխորոշված է մարդու առողջական վիճակով եւ գենետիկ առանձնահատկություններով։ Կանանց մոտ` մինչեւ 10 տարի։
ՓՈՒԼ Բ.- Մազերի աճը դադարում է մոտ 1 ամսով։
Փուլ Գ.- Մազերը թափվում են, իսկ ֆոլիկուլը վերադառնում է իր կենսագործունեության Ա փուլ։
Երբեմն հնարավոր է, որ նկատվի ինտենսիվ մազաթափություն, սակայն ֆոլիկուլները պահպանվեն, եւ մաշկը կրկին մազակալի։
*Մարդու գլխամաշկի վրա մազերի քանակը տատանվում է 30-150 հազարի սահմաններում։
Գլխամաշկի 1 քառակուսի սանտիմետր մակերեսի վրա կարող է «գտնվել» 18-320 մազ։
*Բաց գույնի մազերն ավելի բարակ են։ Մազերի աճն ավելի ուժեղանում է մարտ-ապրիլ եւ սեպտեմբեր ամիսներին։ Համարվում է, որ մարդը միջինը օրը 100 մազ է կորցնում։
Գույնը եւ երանգը կախված են մազերի կեղեւային շերտում գտնվող ներկանյութի եւ օդի միկրոսկոպիկ պղպջակների փոխհարաբերակցությունից։ Օրինակ, եթե ներկանյութը սեւ է, ապա որքան շատ լինի օդի պղպջակների քանակը, այնքան ավելի բաց կլինի սեւ երանգը։
Ճաղատության պատճառները մի քանիսն են.
– Ճաղատ տղամարդկանց 90 տոկոսի եւ կանանց 25 տոկոսի մոտ պատճառը գենետիկ նախապայմանավորվածությունն է կամ «անդրոդեն ալոպեցիան»։
Մազերի թափման եւ եւ աճի հիմնական կարգավորիչը դեհիդրոտեստոստերոնն է, որը կանխորոշում է դրանց կյանքի ընթացքը։ Եթե օրգանիզմը չափից ավելի զգայուն է հորմոնի նկատմամբ, ապա առաջանում է ճաղատություն։ Մոտ հինգ տարի առաջ Գերմանիայում վաճառքի է հանվել դեղորայք, որը կարգավորում է այդ հորմոնի քանակը օրգանիզմի մեջ` խոչընդոտելով դրա առաջացումը տեստոստերոնից։ Ըստ վիճակագրության` այդ միջոցը տասից ինը դեպքում իրոք դանդաղեցնում է մազաթափության ընթացքը տղամարդկանց մոտ։ Վատն այն է, որ բուժումն ունի անընդհատ ընթացք եւ չի ավելացնում մազերի քանակը։ Անդրոգեն ալոպեցիան հիմնականում փոխանցվում է մայրական կողմի պապիկի գեներով` դեպքերի 70 տոկոսը։
Եթե անդրոգեն ալոպեցիան նկատվում է կանանց մոտ, ապա խորհուրդ է տրվում տեստոստերոնի «հակառակորդ» հորմոնը` էստրոգենը։
– Կանանց մոտ ավելի հաճախ մազաթափության պատճառ է դառնում քրոնիկ սթրեսը։ Տղամարդկանց մոտ նման պարագայում մազաթափություն չի նկատվում։
– Ճաղատության պատճառ կարող է դառնալ իմունային համակարգի աշխատանքի խաթարումը` «արեատային ալոպեցիան»։ Այս դեպքում օրգանիզմի իմունային պաշտպանությունն իրականացնող բջիջներն ինչ-որ պատճառով սկսում են ոչնչացնել մազերը սնուցող սոխուկները` ֆոլիկուլները։ Այսինքն, ֆոլիկուլները իմունային համակարգի կողմից ընկալվում են որպես օտարածին` «ալերգեն» մարմիններ։
Արեատային ալոպեցիան մազաթափության պատճառ է դառնում ճաղատ մարդկանց տասը տոկոսի համար։ Այն հավասարապես տարածված է կանանց եւ տղամարդկանց շրջանում։ Այս դեպքում առաջարկվում է ազդել գլխամաշկի վրա «թավշյա ալերգիա» առաջացնող քիմիական միացությունների միջոցով։ Նման թերապիան «շեղում» է իմունային պաշտպանական համակարգի ուշադրությունը ֆոլիկուլներից։
– Եթե խամրել է մազերի փայլը, եղունգները դարձել են փխրուն, իսկ դեմքը` գունատ, սկսել են հայտնվել կորյակներ եւ պիգմենտային բծեր, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր լյարդն ունի բուժման կարիք։ Լյարդը չի հասցնում մաքրել օրգանիզմում դրսից հայտնված եւ նյութափոխանակության ընթացքում առաջացած թունավոր նյութերը եւ, քանի որ այս օրգանը գրեթե չունի նյարդային վերջույթներ, ապա մարդը չի իմանում այդ օրգանի հիվանդ լինելու մասին։
Նախնական շրջանում մաշկն իր վրա է վերցնում թույները դուրս բերելու «առաքելությունը», ինչը բացասաբար է ազդում դեմքի, եղունգների, մազերի վիճակի վրա։
– Մազերի գեղեցկությունը սերտորեն կապված է էնդոկրին համակարգի առողջական վիճակին։ Հայտնի է, որ կանացի հորմոնները երկարացնում են մազերի կյանքը, այդ պատճառով հղիության շրջանում մազերը գրեթե չեն փոխվում։ Անմիջապես ծննդաբերելուց հետո հորմոնների քանակը կարգավորվում է, եւ սկսում են թափվել այն մազերը, որոնք մնացել էին հղիության շրջանում, այսինքն` ժամանակավորապես նկատվում է նաեւ կրկնակի մազաթափություն։ Սա ոչ թե հիվանդություն է, այլ բնական երեւույթ, որը նկատվում է նաեւ հորմոնալ դեղորայք օգտագործելու շրջանում եւ դրանից հետո։
Մազերը թափվում են վահանաձեւ գեղձի բնական կենսագործունեության խանգարման ցանկացած բնույթի դեպքում` լինի դա հիպոտերիոզ, հիպերտերիոզ, տարբեր տեսակի խպիպ եւ այլն։ Մազաթափության պատճառ է դառնում վահանագեղձի հորմոնների եւ՛ ավելցուկը, եւ՛ սակավությունը։
– Հայտնի է, որ մազերի վիճակը կախված է օգտակար նյութերի քանակից եւ որակական բաղադրությունից։ Ճիշտ սնունդը եւ աղեստամոքսային համակարգի բնականոն կենսագործունեությունը նպաստում են օրգանիզմի բոլոր բջիջների` ինչպես նաեւ ֆոլիկուլների, լիարժեք սնուցմանը սպիտակուցներով, միկրոտարրերով եւ վիտամիններով։
– Մազաթափությունը կարող է լինել կոշտ սննդակարգի հետեւանք։ Երբեմն քաշի նվազեցումը հանգեցնում է մազաթափության։ Պատճառն այն է, որ ճարպային հյուսվածքը նույնպես էստրոգեն է արտադրում, իսկ մազերը շատ զգայուն են այս հորմոնի քանակի փոփոխությունների հանդեպ։ Ընդհանրապես ճարպի նվազումը ուղեկցվում է օգտակար նյութերի կորստով, իսկ խոլեստերինի սինթեզի խանգարումը կարող է ճարպագնդերի առաջացման պատճառ դառնալ։
– Մազերը շատ զգայուն են արյան բաղադրության նկատմամբ։ Երկաթը էրիթրոցիտների մաս է կազմում եւ պատասխանատու է, որ բջիջներն արյունից թթվածին ստանան։ Եթե օրգանիզմում կա երկաթի սակավություն, ապա ֆոլիկուլը չի ստանում լիարժեք սնունդ։ Կանանց առնվազն 30 տոկոսի մոտ նկատվում է թաքնված երկաթասակավային անեմիա, որի հայտնաբերման համար կատարվում է հատուկ հետազոտություն։
– Մազաթափությունը երբեմն առաջանում է գրիպի կամ այլ ինֆեկցիոն հիվանդության հետեւանքով, սակայն այն նկատվում է մի փոքր ուշացումով։ Եթե դուք հիվանդացել եք մարտ ամսին, ապա մեծաքանակ մազաթափություն կնկատվի հունիսին։ Պատճառն այն է, որ հիվանդության սրացման փուլում օրգանիզմի իմունային համակարգը կենտրոնանում է դրա հետեւանքների հաղթահարման վրա, եւ որոշ ժամանակով բնականոն մազաթափությունը դադարում է։ Երկու-երեք ամսից հետո նկատվում է «կրկնակի» մազաթափություն, որը կրում է ժամանակավոր բնույթ։
Մազերի տեսքի եւ առողջական վիճակի վրա բացասաբար է ազդում նաեւ դեղորայքը` հատկապես արյունը հեղուկացնող, հիպոտենզիվ, հեպարին կամ ինտերֆերոն պարունակող, եւ այլն։
– Մազաթափության պատճառ կարող է դառնալ գլխամաշկի թեփոտումը` «սեբորեային ճաղատություն»։ Պատճառն այն է, որ թեփուկները ներթափանցում են ֆոլիկուլների մեջ, ինչի հետեւանքով մազերը թուլանում են, իսկ ֆոլիկուլը` ժամանակի ընթացքում մահանում։
Մազաթափությունն այս դեպքում աղեստամոքսային համակարգի ոչ բավարար կենսագործունեության կամ ոչ հավասարակշռված սննդակարգերի հետեւանք է։
Ինչպե՞ս վարվել
– Նախ պետք է տալ մազերը տրիխոգրամմայի, տրիխոլոգը կուսումնասիրի դրանք եւ կհավաքի ընդգրկուն տեղեկույթ։
– Սպեկտրային անալիզի միջոցով հետեւություն է արվում, թե որքանով է օրգանիզմը հագեցած անհրաժեշտ օգտակար նյութերով։
Այս հետազոտությունների հիման վրա կնշանակվի համապատասխան բուժում։
Հետաքրքիր փաստեր
Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ ինտելեկտուալ մարդկանց մազերում բարձր է պղնձի եւ ցինկի պարունակությունը։
– Շվեյցարացի հոգեբանները խորհուրդ են տալիս ծանր հիվանդությունից, սթրեսից, դեպրեսիայից բուժվելուց հետո կարճ կտրել մազերը։ Բացատրությունը` մազերի վերջավորություններում կուտակվում է բացասական «հիշողությունը»։
– Ֆինլանդիայում մազերի սպեկտրային հետազոտությունների հիման վրա եկել են այն հետեւության, որ ինֆարկտ տարած մարդկանց մոտ նկատվում է սելենի քանակի խիստ սակավություն։ Այս երկրում ընդունվել է պետական ծրագիր, որի շրջանակներում կատարվել է հողի եւ ջրի հարստացում սելենով, ինչի շնորհիվ մոտ երկու անգամ նվազել են սրտի հիվանդությունները։
– ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ինֆարկտ տարած տղամարդկանց 75 տոկոսը ճաղատ են։
Կանոնավորեք սնունդը
Գլխամաշկի եւ մազերի վիճակը կարելի է բարելավել սննդամթերքի ճիշտ ընտրությամբ։
– Չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում վիտամին A պարունակող պտուղ-բանջարեղեն` գազար, արմավ, դդում, կաղամբ, նարինջ, եւ այլն։
– Խմեք օրը 500 մլ գազարի, մառոլի հյութերի խառնուրդ։ Կոկտեյլը նպաստում է մազերի եւ մազարամատների ամրացմանը։
– Ճարպոտ մաշկը եւ կենդանական յուղը անհամատեղելի են։ Հակացուցված են նաեւ պահածոները, մարինադը, մանանեխը, պղպեղը։ Օգտակար է կրեմնիում, ծծումբ, ցինկ, պղինձ, կոբալտ պարունակող սննդամթերքը։
Հյութերի կիրառումը մազերի խնամքի համար
– Մանրացրեք, տրորեք սխտորը, ստացված խյուսը ներմերսեք գլխամաշկին, մազերը չծածկեք։ Երկու ժամից լվացեք օճառահեղուկով։ Չոր մազերի դեպքում խառնեք բուսայուղ (1։1)։ Կատարեք շաբաթը մեկ անգամ։ Շարունակեք 3 ամիս։ Նույն միջոցը կիրառեք թեփի դեմ։
– Ներմերսեք ձիաձետի կամ մատիտեղ թռչնի հյութ, դրանք պարունակում են կրեմնիումի թթու։
– Վաղենակի հյութն ունի հակաբորբոքային, հանգստացնող հատկություն։ Օգտագործելուց հետո լվացեք ծաղկային թուրմով։
– Մազաթափության եւ թեփի դեմ հաճախ է օգտագործվում եղինջի հյութը, խառնեք այն ձիաձետի հյութի հետ (1։1)։
– Կռատուկի հյութը խառնեք բուսայուղի հետ (1։1), թուրմով ցայեք մազերը լվանալուց հետո։
– Օգտակար է նաեւ գազարի եւ կիտրոնի (2։1) հյութերի խառնուրդով մերսումը։
– Լավ սնուցող հատկություն ունի վարունգի եւ կաղամբի հյութերի խառնուրդը (1։1)։
– Մազաթափությունը կանխարգելող հատկություն ունի գազարի եւ վարունգի հյութերի խառնուրդը (1։1)։ Օգտագործեք շաբաթը 2 անգամ։
Լոսյոն «Գառնի»
Հարցրեք դեղատներում եւ խանութներում։ Պարունակում է եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի եւ կատվալեզվի մզվածքներ։ Պատրաստված է հնագույն եւ եզակի բաղադրատոմսի հիման վրա։ Նախատեսված է թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց համար` որպես մազաթափությունը կանխող միջոց։