Ճաշել են միասին

27/03/2012

Մարտի 26-27-ը Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը մեկնել է Սեուլ, որտեղ մասնակցելու է ատոմային անվտանգության գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցում են 53 երկրների եւ չորս միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հանդիպման առաջին օրվա ծրագրով նախատեսված է աշխատանքային ճաշ պատվիրակությունների ղեկավարների համար, հաջորդ օրը կկայանան երկու աշխատանքային նիստեր եւ աշխատանքային նախաճաշ` նվիրված ազգային միջոցներին եւ ֆիզիկական ատոմային անվտանգության ամրապնդման ոորտում միջազգային համագործակցությանը: Քննարկումները կայանալու են փակ ռեժիմով: Գագաթաժողովի մասնակիցները կոմյունիկե են ընդունելու: Գագաթաժողովի ավարտից հետո` մարտի 27-29-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Սինգապուր, որտեղ հանդիպելու է նախագահի, վարչապետի եւ գործարար շրջանակների հետ: