Դիտորդները գալիս են

27/03/2012

Այս շաբաթ Հայաստան է ժամանելու մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունները դիտարկող միջազգային 13 փորձագետներից ու 24 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած խումբը: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները կդիտարկեն ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքը, այնպես էլ կհետեւեն քվեարկության ու քվեների հաշվման գործընթացին: Հայաստանի տեղական դիտորդները թեեւ կարեւորում են միջազգային դիտորդների դերը ընտրական գործընթացների վերահսկման գործում, բայց եւ հայտարարում են, թե նրանք ավելի մեղմ գնահատականներով են հանդես գալիս: «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե միջազգային դիտորդների գնահատականներն ավելի շատ դիվանագիտական բնույթ ունեն: «Ազդեցությունն այն է, որ ավելի շատ ձգվածություն է լինում հանձնաժողովի անդամների կողմից, քան, ասենք, տեղական դիտորդների նկատմամբ. այստեղ զգաստանում են, սկսում են նորմալ աշխատել, եւ այլն: Ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ մեր տեղական կազմակերպությունները ավելի խիստ են հանդես գալիս, քան իրենք, ու հետո մեզ կպցնում են տարբեր պիտակներ` շպիոններ, եւ այլն, եւ այլն»,- նշել է նա: «Այսինքն, իրենք ավելի դիվանագիտակա՞ն զեկույցներով են հանդես գալիս» հարցին տեղական դիտորդական կազմակերպության ղեկավարը դրական պատասխան է տվել:

Խորհրդարանական ընտրությունները դիտարկող մեկ այլ հասարակական կազմակերպության ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ, կարեւորելով միջազգային դիտրոդների դերը, այնուհանդերձ, կարծում է, որ նրանք հայաստանյան ընտրությունների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցումներ են ցուցաբերում: «Մասնավորապես, դա դրսեւորվում է նրանում, որ միայն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենք հրապարակեցին չորս իրարից տարբերվող զեկույցներ: Այսինքն, մենք լավ հասկանում ենք` տեղական դիտորդներս եւ ընտրողներս, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներս, որ իրենք իրապես չեն կարող հանդես գալ զսպաշապիկի դերում, բայց ակնկալում ենք, որ օբյեկտիվ իրականությունը նախ ներկայացնեն»,- ասել է Սաքունցը: Նա վկայակոչել է վերջին նախագահական ընտրությունները` նշելով, թե միջազգային դիտորդների արձանագրած փաստերի, իրավիճակի վերաբերյալ նկարագրությունը եւ նրանց տված վերջնական գնահատականները միմյանցից տարբերվում են: 2008-ի նախագահական ընտրությունների խախտումների նկատմամբ նրանց մոտեցումները ոչ համարժեք էին. կարծում է դիտորդական առաքելություն իրականացնող իրավապաշտպանը: «Եթե գրում են, որ եղել են այսպիսի, այսպիսի խախտումներ, ապա պետք է եւ նաեւ դրա հիման վրա ասեն` դա ինչքանո՞վ է ազդել ընտրությունների վրա: Չէ, իրենք ասում են` եղել են այսքան խախտումներ, բայց, այնուամենայնիվ, ազատ են եղել եւ ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Թե որոնք են այդ չափանիշները` մեզ համար անհասկանալի է»,- ասել է Սաքունցը: Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք ընտրական ոստիկանություն չեն եւ ոչ էլ նրանց փոխարինողը, եւ որ իրենք չեն պատրաստվում փոխարինել տեղական դիտորդներին եւ իշխանության պատկան օղակներին: Միջազգային դիտորդները խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դիտարկելու են երկրի կառավարության հրավերով: