Ծաղկաձորը հետաքրքիր տեղ է։ Եթե անգամ այն զբոսաշրջության միջազգային կենտրոն չդառնա, ինչպես խոստանում էին մեր իշխանությունները, ապա հետաքրքիր մտքերի արտահայտման թատերաբեմ հաստատ արդեն դարձել է։
Երեկ այստեղ հնչել են հերթական ուշագրավ խոսքերը, որոնց հեղինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, Տ. Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ` ներկայացրել ճգնաժամի արմատները, դրանց դրսեւորումներն ու հնարավոր լուծումները: Այն, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել կոնֆերանս, ոչ մի արտառոց բան չի պարունակում։ Ոչ ոք չի զարմանում նաեւ, որ այն կազմակերպվել է Երիտասարդական հիմնադրամի կողմից, որի նախագահը ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն է։ Եվ վերջապես, ոչ ոք չի զարմանում, որ վարչապետը դասախոսություն է կարդացել, այն էլ` ճգնաժամի թեմայով, չնայած որ, ճգնաժամը, ըստ նույն իշխանությունների, վաղուց հաղթահարել ենք։ Հետաքրքիրը վարչապետի արտահայտած մտքերից հատկապես երկուսն են։ «Վարչապետը նշել է, որ այսօր առաջնային նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է: «Այդ խնայողություններից գոյացած ֆինանսական միջոցները պետք է ուղղենք տնտեսության զարգացմանը: Մեր կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն այս նպատակն է հետապնդում: Կձեւավորվեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, որտեղ քաղաքացիներն այսօր կկուտակեն խնայողությունները` իրենց ապագայի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով` ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքերը, ինչը ժամանակի խնդիր է»: Սա մեջբերում էր կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ Տ. Սարգսյանն, ըստ էության, առաջին անգամ է բացեիբաց խոսում արտաքին փոխառությունների վտանգի մասին։ Մինչ այդ, ելույթ ունենալով տարբեր լսարանների առջեւ եւ պատասխանելով արտաքին պարտքի մեծացման վերաբերյալ քննադատություններին՝ վարչապետը հակառակ դիրքորոշումն էր արտահայտում։ Նա պնդում էր, որ արտաքին աշխարհից վարկեր վերցնելու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, եւ, որ դա արվում է մակրոտնտեսական կայունության ապահովման համար։ Հիշեցնենք, թե արտաքին պարտքը ինչ վայրիվերումներ է ունեցել այս ընթացքում։ ՀՀ արտաքին պարտքը 2007թ. կազմել է 1.2 միլիարդ դոլար, 2008թ.՝ 1.577 մլրդ, 2009թ.՝ 2.966մլրդ, 2010թ.՝ 3.299մլրդ, իսկ 2011թ. վերջին հասել է ռեկորդային 3.568 միլիարդ դրամի։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, ունի շուրջ 1200 դոլարի պարտք։ Ընդ որում, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել պարտք վերցված գումարն ու ինչ օգուտ է տվել, ոչ ոք առայժմ չի կարողանում սպառիչ եւ համոզիչ պատասխան տալ։ Իսկ հիմա, ինչպես երեւում է, կառավարությունը սկսել է մտահոգվել արտաքին պարտքի մեծացման առումով։ Հավատացել են քննադատություններին, եւ փոխվել։ Հիմա ցանկանում են շեշտը դնել ներքին ռեսուրսների վրա, եւ տարբեր միջոցներով հավաքագրելով բնակչության ռեսուրսները՝ դրանք ուղղել տնտեսություն։ Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։
Հաջորդ հետաքրքիր միտքը. Տ. Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունները պետք է զարգանան հավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը` հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով, ինչն անհավասարությունը վերացնելու գլխավոր նախապայմանն է: «Համաշխարհային տնտեսությունը ներկայում բնութագրվում է փոխկապակցվածությամբ: Փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան, տեղի ունենա առեւտրի ազատականացում եւ համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձեւավորում»,- ասել է վարչապետը:
Եթե Հայաստանից ու նրա տնտեսությունից անտեղյակ մարդ լսի այս խոսքերը, կարող է կարծել, թե ՀՀ իշխանությունները վերջին տարիներին ձգտել են ֆինանսները վերաբաշխել (այսինքն՝ մեղմացնել եկամուտների անհավասարությունը), եւ դա նրանց հաջողվել է։ Որպես հետեւանք՝ անտեղյակ մարդը կարող է կարծել, թե դա բերել է աղքատության կրճատման։ Սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս առումով կառավարությունը վերջին տարիներին պարծենալու տեղ չունի։ Այսպես, եկամուտների (կամ սպառման) անհավասարությունը չափվում է Ջինի գործակցով։ Այն 0-ից մինչեւ 1 միջակայքում տատանվող թիվ է։ Որքան մեծ է Ջինի գործակիցը (որքան մոտ է 1-ին), այնքան ավելի սուր է անհավասարությունը։ Հիմա Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն եւ աղքատություն» ամենաթարմ զեկույցը։ Կտեսնենք, որ Ջինի գործակիցը, ըստ եկամուտների անհավասարության, 2008թ. եղել է 0.339, 2009թ.՝ 0.355, իսկ 2010թ.՝ 0.362։ Նույն գործակիցը՝ ըստ սպառման անհավասարության, ունեցել է հետեւյալ դինամիկան. 2008թ.՝ 0.242, 2009թ.՝ 0.257, 2010թ.՝ 0.265։ Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2008-2010թթ. ընթացքում բեւեռացումն ավելի է խորացել, եւ ֆինանսները վերաբաշխվել են ոչ թե հարուստներից դեպի աղքատներ, այլ հակառակ ուղղությամբ։ Բնականաբար, աղքատության ցուցանիշն էլ չի բարելավվել։ Հակառակը՝ աղքատության մակարդակը զգալիորեն աճել է։ Այսպես, եթե 2008թ. այն կազմել է 27.6%, ապա 2009-ին դարձել է 34.1%, իսկ 2010-ին հասել է 35.8%-ի։
Հասկանալի է, որ աղքատության ցուցանիշը կարելի է ինչ-որ տեղ բացատրել ճգնաժամով եւ գնաճով։ Սակայն եկամուտների բեւեռացումը նշանակում է, որ նույն ճգնաժամի արդյունքում աղքատներն ավելի շատ են աղքատացել։ Սա` այն պարագայում, երբ մեր պետական պաշտոնյաների ելույթների ամեն երկրորդ բառը «սոցիալականն» է։
Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետի ելույթը մի տեսակ դժվար է ընկալվում։ Մասնավորապես՝ չի հասկացվում, թե ո՞րն է այդ «պետք է»-ների իմաստը եւ հասցեատերը, եթե իշխանությունը դե ֆակտո այդ «պետք է»-ները չի կատարել։ Մյուս կողմից, այստեղ կա մի նրբերանգ։ Եթե ուշադիր եք կարդացել, վարչապետը բառացիորեն ասել է. «Պետությունները պետք է զարգանան հավասարաչափ…»։ Ոչ թե շեշտել է կոնկրետ Հայաստանը, այլ խոսել է, թերեւս, նորմալ, ժողովրդավարական երկրների մասին ընդհանրապես։ Իսկ եթե Հայաստանում այդ «պետք է»-ները չեն աշխատում, ապա հետեւությունները շատ տխուր են։