Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հրապարակել է ՀՀ գերատեսչությունների` 2011թ. գործունեությանը վերաբերող երեք զեկույց: Երրորդում օմբուդսմենն անդրադարձել է հեռուստառադիոհեռարձակման ոլորտի խնդիրներին եւ ձեռքբերումներին: Ըստ զեկույցի` հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում` բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները: Հանրային հեռուստատեսության եթերում գովազդի սահմանափակումներին առնչվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների տարածական մեկնաբանման արդյունքում` ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների եւ հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորող ու դիտող ՀՀ-ի հարկատուների իրավունքները: «Թվայնացման գործընթացի հետ կապված` հայտնելով, որ այն իր իրավասության շրջանակներում չէ, ՀՌԱ հանձնաժողովը ոչ միայն չի ընդունում իր ոլորտի համար ամենաէական գործընթացների համար պատասխանատվությունը, այլ նույնիսկ չի տիրապետում չափազանց կարեւոր տեղեկատվությանը: Սեփական գործառույթների նման իրացումը վկայում է այս ուղղությամբ դրանց ոչ բավարար ու պատշաճ կատարման մասին: Օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով 2011թ. ՀՌԱՀ-ը դրսեւորել է անգործություն, եւ չի իրականացրել իր վերահսկողական գործառույթները, որպեսզի կանխվի հեռարձակման շուկայի գերկենտրոնացումը կամ մենաշնորհացումը»,- ասված է զեկույցում: Որպես դրական զարգացում, օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ ՀՌԱՀ-ը հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում բացահայտել է օրենքի խախտման երկու դեպք, եւ իրավաչափ արձագանքել այդ խախտումներին: Երեկ պաշտպանի գրասենյակը ներկայացրել է նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներին վերաբերող զեկույցներ, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: