Ձերբակալել են` խմբով

27/03/2012

Թուրքիայում կանանց առեւտրով զբաղվող թուրքերի մի խումբ է հայտնաբերվել: Խմբի անդամները սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել են օտարերկրյա կանանց հետ, նրանց «քաղցր կյանք» խոստացել Թուրքիայում, հոգացել նրանց ճանապարհածախսը եւ հասցրել Իզմիր: Թուրքիա հասնելուց հետո, սակայն, կանայք իրենց խոստացված զբոսանքների եւ վայելքների փոխարեն` ստիպված են եղել մարմնավաճառությամբ զբաղվել: «Haberturk» կայքի փոխանցմամբ` թուրք ոստիկանները, հաճախորդ ձեւանալով, մտել են այն հաստատությունները, որտեղ կանանց ստիպել են սեռական բնույթի ծառայություններ մատուցել, եւ բացահայտել իրականությունը: Մոտ 5 ամիս տեւած հետապնդումներից հետո, կիրակի օրը ոստիկանները մտել են այն բոլոր հյուրանոցները, որտեղ բռնությամբ պահվել են կանայք. նրանք ձերբակալել են 17 մարդու: Ըստ կայքի` պարզվել է, որ կանանց առեւտրով զբաղվողները չեն խնայել անգամ իրենց հարսին եւ նրան նույնպես ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ազատ են արձակվել Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Մոլդովայի քաղաքացի 13 կանայք, որոնց մեծ մասը մասնագիտությամբ փաստաբան, ուսուցիչ, բուժքույր են կամ ուսանող: «Haberturk»-ի տեղեկություններով` հավանաբար, նրանք կարտաքսվեն Թուրքիայից: