«Ո՞վ ասաց, որ եթե Վարդան Այվազյանն է, խնդիրը պետք է չքննարկվի»,- ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը

27/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Օրեր առաջ նշել էիք, թե բնապահպանական խնդիրները դիտարկում եք` ելնելով տնտեսագիտական մոտեցումներից, եւ որ այդ հարցը չպետք է դիտել կապիտալիստական հարաբերությունների տեսանկյունից: Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված բնապահպանական խնդիրները Հայաստանում:

– Հայաստանում առաջացած բնապահպանական խնդիրները պայմանավորված չեն ազատ շուկայական հարաբերություններով, եւ իրավիճակը դառնում է այն աստիճան վտանգավոր, որ մարդիկ կարող են արտագաղթել զուտ բնապահպանական խնդիրների պատճառով: Դա կառավարման գործող համակարգի եւ պետական պաշտոնյաների կողմից իրականացվող քաղաքականության արդյունք է, ինչպես, օրինակ, Հրազդանի երկաթի հանքի բացման պարագայում, որը տրամաբանությունից դուրս է, եւ անհասկանալի է, թե իշխանությունները դրանով ի՞նչ հարցեր են լուծում` աշխատանքի տեղավորմա՞ն, տարածքային զարգացմա՞ն, թե՞ այլ խնդիրներ: Երբ 1930-ական թվականներին ներկայացվել էր Հայաստանի արդյունաբերության զարգացման ապագան, կառուցվեց Սեւան-Երեւան ամբողջ հիդրոկայանների համալիրը, խնդիր ներկայացվեց, որ դա Հայաստանի տնտեսության ներդրումներ ապահովող երկարաժամկետ ծրագիր է: Գինն այն էր, որ Սեւանի մակարդակը 5 եւ ավելի մետրից իջավ: Այսօր իշխանություններից որեւէ մեկը չի բացատրում, թե ինչո՞ւ են Թեղուտ շահագործում, ինչո՞ւ են Հրազդանում երկաթի հանք շահագործում, ի վերջո, շահագործվում է երկրի ընդերքը: Այսինքն` համաժողովրդական սեփականությունը: Տվյալ դեպքում խնդիրն այն է, թե ինչպե՞ս է լուծվում այդ սեփականության տնօրինման հարցը: Եթե այն ժամանակավոր տալիս ենք իշխանությանը, դա դեռ չի նշանակում, թե իրենցն է: Մենք` որպես քաղաքացիներ, որոշումներ կայացնելու մասնակցությունից դուրս ենք: Եվ պատահական չէ, որ հանրային տեսակետն ամենակարեւորն է համարվում միջազգային համաձայնագրերում:

– Նույն Հրազդանի երկաթի հանքի շահագործման իրավունքը տրվել էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին: Այդ դեպքում տարօրինակ չէ՞, որ իշխանությունը պետք է արձագանքի իր ձեռքով կատարվող քայլերին:

– Խնդիրը հենց դա է: Ի՞նչ կապ ունի Վարդան Այվազյանը, Սերժ Սարգսյանը կամ ինչ-որ իքս մարդ այդ հարցի հետ: Տարօրինակ պետք է չլինի: Երեւանի Մաշտոցի պուրակի խնդիրն էլ է դրանում, որովհետեւ այն ինչ-որ մարդկանց սեփականությունն է, բայց դա ի՞նչ կապ ունի այն խնդրի հետ, որ բարձրացվում է: Թեկուզ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչն իր դեմ էլ պետք է գնա` այդ խնդիրները լուծելու համար: Ո՞վ ասաց, որ եթե Վարդան Այվազյանն է, խնդիրը պետք է չքննարկվի: Ավելին` Վ. Այվազյանի դեպքում ավելի ուժեղ եւ ավելի շատ պետք է քննարկվի: Այսինքն` այստեղ պետական զարգացման խնդիր դրված չէ: Այդ պատճառով էլ հարցադրումներն այդպիսին են, որ եթե Վարդան Այվազյանն է, ուրեմն` ամեն ինչ կարելի է նրան:

– Նկատի ունեք անպատժելիության գործո՞նը:

– Միանշանակ: Այս համակարգի արատն այն է, որ իշխանության մեջ գտնվողներն իրենց անպատժելի են համարում, եւ, որ իրենց ոչինչ չեն կարող անել իրենց պահվածքի համար: Դրա օրինակն ամիսներ առաջ Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կնոջը, քաղաքացուն ծեծելու դեպքն էր, ինչը խոսում է այսօրվա համակարգի մասին: Այսինքն` եթե մարդ դառնում է նրանց համակիրը կամ թիմի անդամ, ուրեմն` իրեն ամեն ինչ թույլատրվում է, կարող է թալանել, գողանալ, ապօրինի գործողությամբ զբաղվել, բայց պետք է սեղմի կոճակ նրանց ենթարկվելու, զինվորական կարգապահության սկզբունքներով հրամանները կատարելու համար` միեւնույն ժամանակ նրան թույլատրելով առանձնատներ, ավտոմեքենաներ ունենալ: Որոշումն այդ տրամաբանության մեջ է, այլ ոչ թե հրապարակային գործող նորմերով:

– Նախընտրական փուլն ինչքանո՞վ կազդի բնապահպանական ամենահրատապ խնդիրների ժամանակավոր սառեցմանը:

– Պարզ է, որ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի իրավիճակը շատ չսրի: Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցելությունը Վանաձոր, Թեղուտի խնդիրների քննարկումը եւս վերաբերում է դրան: Այսպես թե այնպես, չարագործությունը սկսվել է Թեղուտում, իսկ թե, վերջիվերջո, ո՞վ կբռնի նրանց ձեռքը` գոնե այս փուլում անտառահատումը դադարեցնելու համար… Նույնիսկ քննարկումներ կլինեն, որտեղ կարգելեն հ/կ-ների ներկայացուցիչներին տեսակետ հայտնել, ժողովրդին էլ կհասցնեն այնպիսի ընչաքաղցության, որ բողոքելու ցանկություն այլեւս չունենա: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ մարդկանց վստահելու լիմիտը սպառված է:

– Տնտեսական իմաստով ի՞նչ լուծումների եք հանգում:

– Տնտեսական ծրագրեր կազմել` առանց բնապահպանական կամ շրջակա միջավայրի խնդիրները հաշվի առնելու, եւ դրանցով փորձել լուծել մարդկանց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները` անհնար է: Առավել եւս` հիմա: Եթե խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման մասին` որպես առաջնային խնդիր, նշելով դրա զարգացման կետերը` Զանգեզուր, Ծաղկաձոր, Դիլիջան եւ այլն, ապա դրան զուգահեռ` համապատասխան քայլեր պետք է անեն: Այսինքն` պետք է այնտեղ պայմաններ ստեղծեն: Մինչդեռ նրանք հակառակն են անում: Ոչ ոք չի ասում, թե լեռնամետալուրգիան պետք չէ զարգացնել, բայց դրա համար տարբեր ձեւեր կան, որոնցից մեկը հանքերի բաց եղանակով շահագործումն է, ինչի դեպքում ամբողջ շրջակա միջավայրը վերացնելու վտանգ է առաջանում: Իսկ փակ եղանակով շահագործումը, բնականաբար, նշանակում է` նոր տեխնոլոգիաների օգտագործում, այսինքն` ծախսեր: Ընտրության հարց է: Այդ իմաստով իմ ուսումնասիրությունները, ինչպես նաեւ` համաշխարհային փորձը վկայում են, որ առավելապես կիրառվում է երկրորդ եղանակը, եւ եթե շրջակա միջավայրի խնդիրները չեն լուծվում, տվյալ տնտեսական ծրագիրը չի իրականացվում:

– Բայց միեւնույն ժամանակ, նույն ծրագրերն իրականացվում են տեղաբնակչությանը «մի կտոր հաց» ապահովելու խոստումներով: Արդյոք դա ետ չի՞ մղում Ձեր նշած դիտարկումը, երբ բնակիչն ինքն է պաշտպանում հանքը շահագործողին:

– Ոչ, ետ չի մղում: Այդպես չէ: Դա ավելի շատ դեմագոգիա է, որը տնտեսական հիմքեր չունի: Պարտադիր չէ, որ Թեղուտը կամ Հրազդանի երկաթի հանքը շահագործեն, որպեսզի այնտեղ բնակիչներն աշխատանք գտնեն: Այդ նույն աշխատանքը կարող են այլ կերպ գտնել: Նոր տեխնոլոգիաների միջոցով, մենաշնորհների վերացմամբ հնարավորություն ստեղծել, գումարներն ավելացնել պետական բյուջեում, դրանով քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավել: Այդ դեպքում քաղաքացիներն ուրիշ խնդիր կդնեն: Հիմա վարչապետը, կարծես, նոր հայտնագործություն է կատարում. պարզվում է` աղքատության ուսումնասիրությունների մեջ ամենամեծ աղքատությունը գրանցվել է կրթություն չունեցողների շրջանում, բայց եթե նրանց հնարավորություն չես տալիս կրթություն ստանալ, ապա այդ աղքատությունն ավելի ես խորացնում: Այդ դեպքում պարզ է, որ վիճակն այդպիսին պետք է լինի: Ի վերջո, ի՞նչ ենք ուզում անել այս երկրի հետ: Ուզո՞ւմ ենք այն զբոսաշրջային կենտրոն դարձնել: Եթե ուզում են երկիրը զբոսաշրջային կենտրոն դարձնել, ապա պետք է կիրառել որոշակի չափորոշիչներ, ինչի դեպքում աշխատատեղերը մի քանի անգամ կավելանան: Այսինքն` պետք է հստակ հարցեր դնել հանքարդյունաբերողի առջեւ, ով միանգամից աշխատանքի խոստում է տալիս, մինչդեռ դրանից առաջ նրանից պետք է պահանջել, որ անտառը պետք է չկտրվի, հանքը բաց եղանակով չշահագործվի: Մարդիկ կհասկանան: Ներեցեք, բայց մարդն այդքան գիտակից է… եւ այնպիսին չէ, ինչպիսին այսօր իշխանությունն է պատկերացնում: