ԿԸՀ կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու հասարակական 11 կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ, ընտրություններին հետեւելու է 9696 դիտորդ: Ամենամեծ թվով դիտորդներ տեղամասերում կունենա «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն. այն ունի 3334 դիտորդ: 1196 դիտորդ ունի «Բռունցք» հ/կ-ն, «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»` 1159, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» կենտրոնը` 1028,819` «Երիտասարդ դիվանագետների ակումբը», 585` «Իրավակիրթ հասարակություն», 884` «Հիմնաքարը», 913` «Հաղթանակի զավակները», 895` «Շենացնենք մեր գյուղը», 71` «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպությունը, 5 դիտորդ կունենա «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը», 27` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»: Նշենք, որ ԱԺ ընտրություններին հետեւելու են նաեւ ԵԱԿՀ/Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակը: ԿԸՀ-ի տեղեկություններով, ներկա պահին արդեն հավատարմագրվել է 39 երկարաժամկետ դիտորդ: Բացի այդ, 250 կարճաժամկետ դիտորդ կմասնակցեն առաքելությանը ընտրությունների օրը եւ ձայների հաշվարկման ընթացքում, սակայն նրանք դեռեւս հավատարմագրման համար չեն դիմել ԿԸՀ: