«Շատ թանկ է յուրաքանչյուրի մահը»

27/03/2012

Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված` «Քրեակատարողական քաղաքականություն` 35 մահվան ելքով» հոդվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել, ինչը տպագրում ենք ստորեւ:

«Իհարկե, ինչպես նշել է Ֆյոդոր Դոստոեւսկին (նույն արտահայտությունը կատարել է նաեւ Ուինստոն Չերչիլը)` «բանտը հասարակության հայելին է»: Բանտում առկա ցանկացած երեւույթ կամ ենթակառուցվածք, պայման կամ կառուցակարգ արտահայտում է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանը: Ունենք այն, ինչ ունենք եւ ինչ ժառանգել ենք: Սակայն նման գնահատումն ամենեւին չի նշանակում, որ համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել կամ չեն տարվում: Ինքնին ենթադրելի է, որ համակարգի խնդիրները խորքային են, եւ դրանց լուծումներն էլ պահանջում են ֆինանսական բավականաչափ միջոցներ, որով (ինչպես նաեւ համակարգի առանձնահատկություններով) պայմանավորված էլ «արագ հաղթանակներ» այս ոլորտում ակնկալել սխալ է:

Քայլեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի ուղղված էին հոդվածում արծարծված խնդիրների լուծմանը. 2010 թվականին առկա գերբնակեցման խնդրի կապակցությամբ հատկանշական էր 2011 թվականին ընդունված ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշումը, որի արդյունքում կալանավորվածներին պահելու վայրերից եւ ուղղիչ հիմնարկներից ազատ արձակվեց 604 անձ: Այս ամբողջն, իհարկե, չլուծեց գերբնակեցման խնդիրը, սակայն այն բավականաչափ մեղմեց իրավիճակը: Երկրորդ, ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել վերանայելու պատժից ազատման կառուցակարգերը, մասնավորապես` արդեն իսկ քննարկման առարկա են դարձել պատժի կրումից վաղաժամկետ ազատումները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը, քննարկվում են նաեւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը, լրամշակման փուլում են ծանր հիվանդության պատճառով պատժից ազատման հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը, որոնք գերբնակեցման խնդրի լուծման առումով կտան շարունակական եւ խորքային լուծումներ: Երրորդ, նախարարության կողմից մշակվում են նաեւ պրոբացիոն ծառայության ստեղծման ռազմավարությունը (ծառայության ստեղծումը ներառված է 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների շրջանակներում): Տվյալ ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել այլընտրանքային պատժատեսակների կիրառելիության աստիճանը, որն իր հերթին` կարժեւորվի նաեւ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդրի լուծման առումով:

Այո, ազատությունից զրկելու` որպես պատժի (կալանք, ազատազրկում որոշակի ժամկետով եւ ցմահ ազատազրկում պատժատեսակներ) բովանդակությունն արդի գաղափարախոսությամբ պետք է կազմի հետեւյալը. հասարակությունից մեկուսացում` գումարած զրո: Նման իրողության ապահովման համար հատկանշական է այն, թե ինչ ենթակառուցվածքներ են առկա: Կրկնվենք, ունենք այն` ինչ ունենք… Քայլերն իրականացվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների` ՀՀ կառավարության կողմից 2010 թվականին հավանության արժանացած ծրագրին համապատասխան, որի համաձայն` ֆինանսական միջոցներն ուղղվել են ոչ թե խնդրի հատվածային (քրեակատարողական տարբեր հիմնարկներում առանձին կոսմետիկ վերանորոգումներ), այլ ամբողջական լուծմանը (նոր` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցում): Նման մոտեցումը պահանջում է ժամանակ եւ, իհարկե, համբերություն: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարության աշխատանքներն այսօր էլ շարունակվում են եւ, ամենայն հավանականությամբ, եվրոպական չափանիշներին համապատասխանող` քրեակատարողական հիմնարկը 2013-ին կհանձնվի շահագործման:

Անկասկած, թանկ է եւ ավելին` շատ թանկ է 35 անձանցից (կալանավորված անձ կամ դատապարտյալ) յուրաքանչյուրի մահը: Սակայն քրեակատարողական ծառայությունում առկա յուրաքանչյուր վիճակագրական ցուցանիշ քննարկելիս անհրաժեշտ է այն ներկայացնել իր պատճառների եւ դրան նպաստող պայմանների ամբողջականությամբ»: