Նախընտրական մետամորֆոզներ

27/03/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Նախընտրական շրջանում հատկապե՛ս յուրաքանչյուր կուսակցություն հաջողացնում է առանց արտաքին միջամտության, «սեփական ռեսուրսով» անդրադառնալ իր իսկ վարկանիշի անկման վրա: Իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների դեպքում դա անելու համար առանձնակի ջանքեր պետք չեն, թեեւ ՀՀԿ-ն հետաքրքիր սեւ հումորներ ունի ԲՀԿ-ի մասին, ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի: Երկուսով` ՕԵԿ-ի: Քանի որ դրանք ավելի շատ գռեհիկ են, քան ինտելեկտուալ, հումորները չեմ ներկայացնի:

Իսկ ընդդիմությունը սեփական վարկանիշը նվազեցնելու ուղղությամբ աշխատում է` առանց ժամանակ կորցնելու: Ընդ որում, ընդդիմադիր դաշտն օգտվում է միմյանց վարկաբեկելու հին եւ ամենաարդյունավետ տարբերակից` բոլորը միմյանց մեղադրում են իշխանության հետ կուլիսային գործարքների մեջ մտնելու, ընդդիմադիր դաշտում ականի դեր ստանձնելու եւ այլ մահացու մեղքերի մեջ: Վերջին դրվագը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումն էր նույն այն ընտրատեղամասում, ուր նրանից րոպեներ առաջ առաջադրվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ ներկայացուցիչներն արձագանքեցին, թե «Ժառանգությունը» իշխանությունների պատվերն է կատարում, ակնկալում է դառնալ կոալիցիայի 4-րդ անդամը, եւ այլն, եւ այլն: Առանձնակի սարկազմով ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն միտքը, թե ժամանակն է, որ «ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, նստեն մեկ սեղանի շուրջ եւ ողջամիտ, շրջահայաց եղանակով (…) առաջ գնան, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու»: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն «Ժառանգության» այս` իրո՛ք ուշացած առաջարկը շնորհակալությամբ մերժեցին: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից: Իր անհաջողությունների համար ՀԱԿ-ը պարբերաբար մեղադրում է «Ժառանգությանը», վերջինս էլ` ՀԱԿ-ին: Սակայն ակնհայտորեն երկուսն էլ խնդիր ունեն իրենց ներսում: Երբ այնքան հավանական էր, որ 2007թ. ընդդիմությունը` հանձինս «Իմպիչմենտ» դաշինքի, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» ու Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակներ» կուսակցությունների, կմիավորվի եւ կմտնի խորհրդարան, ընտրություններից առաջ պարզվեց, որ համաձայնությունը չի կայացել: Հասկանալի է, ձայները փոշիացան, խորհրդարան չանցավ նրանցից եւ ոչ մեկը:

ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության` այդպես էլ չկայացած համագործակցության արանքով հերթական սեւ կատուն անցավ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ: Ցուցակում տեղերի հերթականությունը պատճառ դարձավ անհամաձայնության, եւ «Ժառանգությունը» չմասնակցեց Երեւանի քաղաքապետի ընտրություններին` իր համակիրներին կոչ անելով քվեարկել ՀԱԿ ցուցակի օգտին:

Հնարավոր չէ չհիշել, թե իրենց ինչպես դրսեւորեցին 2008-ի մարտի մեկին եւ դրանից հետո «Ժառանգության» անդամները: Ցուցարարների հետ փողոցում, որոշ ՀԱԿ ակտիվիստների հետ, «Ժառանգության» պատգամավորներն էին: Արմեն Մարտիրոսյանն անգամ դանակահարվեց եւ, ըստ բժիշկների եզրակացության, հրաշքով փրկվեց հաշմանդամությունից:

Թվում էր` գոնե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվել է ձեւավորել մի կուռ թիմ, որը կհաջողի ընտրություններին հաղթահարել 5 տոկոսի արգելանքը: Սակայն վերջինս` իր հերթին, իր իսկ ձեռքով նվազեցրեց իրենց ձայնը «Ժառանգությանը» տալ ցանկացողների թիվը: Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, ովքեր ամբողջ չորս տարի աշխատեցին խորհրդարանում` շատ ընտրողների հակելով դեպի «Ժառանգություն», այսօր համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղերում են: Որեւէ բացատրություն, պարզաբանում այս դեպքում չի աշխատում. ընտրողը պարզ տեսնում է տվյալ կուսակցության գնահատման անհասկանալի չափանիշներն իր իսկ անդամների հանդեպ: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ցուցակում հայտնվեցին մարդիկ, ում մասնագիտությունն առնվազն մինչեւ ցուցակի հրապարակումը մասնագիտություն չէր ընկալվում:

«Ազատ դեմոկրատները» եւս, ովքեր ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու հայտ են ներկայացրել, մինչ ընտրությունները հանրությանը հայտնի էին մի՛ կազմով, իսկ համամասնական ցուցակում հայտնվեցին այլ` անհասկանալի կազմով: Սա իր հերթին` եւս շատ ընտրողների կանգնեցրեց տարակուսանքի առաջ` ի՞նչ է կատարվում իրականում:

Կարճ ասած` ընտրողների համար կատարյալ խառնաշփոթ է: Ո՞վ է իրական ընդդիմությունը: Այս տեղի համար պայքարում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Ակտիվ է նաեւ ԲՀԿ-ն: Դեռեւս 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հաճելի խոսքեր նետեց ԲՀԿ-ի հասցեին: Արձանագրելով, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բաղձալի «հակամարտությունն արդեն կայացած փաստ է», Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց. «Ի դեմս «Բարգավաճի»` ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալվող Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում»: Իրականությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ունի երկու անփոխարինելի դաշնակից` ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Եվ բացառապես նրանց հետ է պատրաստվում պայքարել` հանուն ազատ եւ արդար ընտրությունների:

Իսկ ընդդիմությանը վերապահված է միմյանց դեմ պայքարելու եւ միմյանց հանդեպ ջախջախիչ հաղթանակ տանելու գործառույթը: Սակայն կրքերը խաղաղեցնելու համար է ֆեյսբուքում թեւածում նախընտրական իմաստությունը` բոլոր ցուցակներն անցողիկ են: