Բուժարար ֆիկուսի գաղտնիքները
Ficus-ը թթազգիների ընտանիքին (Moraceae) պատկանող արեւադարձային բույսերի ցեղ է, ընդգրկում է մոտ 700 տեսակներ։ Ֆիկուսը թթի, թզի ազգական է։ Բնության մեջ աճող բազմաթիվ տեսակներ առաջացնում են օդային արմատներ, որոնք հասնելով հողին` իրական արմատներ են գցում, իսկ նոր աճած բույսի բունը սերտաճում է մայր բույսին, ձեւավորելով առանձին սաղարթ։ Բարենպաստ պայմաններում մեկ ֆիկուսը կարող է կազմել փոքրիկ անտառակ։ Ֆիկուսը հնագույն ժամանակներից մշակել են փակ տարածքներում։ Չինացիները համարում են, որ բույսը նպաստում է ձգձգված խնդիրների լուծմանը, կլանում բացասական զգացմունքները, հեռացնում բնակարանից տագնապային իրավիճակը, նեղվածությունը։ Ֆիկուսը տրամադրում է արդյունավետ երկխոսության։ Հնում համարել են, որ եթե չբեր կինն իր տանը ֆիկուս աճեցնի, ապա կհղիանա եւ հեշտ կծննդաբերի։ Ֆիկուսը աճեցնում են կողային, գագաթային շիվերով կամ օդային «արմատով»։ Շիվի երկարությունը պետք է լինի 10-15 սմ, այն պահեք տաք ջրի մեջ` մինչեւ հյութի դուրս գալը։ Բույսը սկզբից աճեցնում են փոքրիկ ծաղկամանում, երբ արմատները զարգանան` տեղափոխում են։ Երեք տարեկանից մեծ բույսը տեղափոխում են 5-6 տարին մեկ։ Տարին 2 անգամ պարտադիր է փոխել հողի վերին շերտը։ Ջրելուց հետո անհրաժեշտ է հեռացնել տակդիրում հավաքված ջուրը։ Կարեւոր է, որ շաբաթը երկու անգամ ցայեք բույսը եւ սրբեք տերեւները խոնավ լաթով։ Բույսը չի դիմանում օդի սառը հոսանքին, լավագույն դիրքը արեւելյան եւ արեւմտյան լուսավոր, սակայն արեւի ճառագայթներից հեռու անկյուններն են։
Ֆիկուսը, ազալիան, դրացենան (վիշապի ծառ) պատկանում են այն բույսերի շարքին, որոնք մաքրում են օդը թունավոր նյութերից։ Բույսի մի այլ հրաշալի հատկությունը այն է, որ կլանում է ծխախոտի ծխի մեջ գտնվող համբարվող վնասակար նյութերը (նաեւ տրադեսկանցիան եւ քլորոֆիտումը)։
Բույսը պարունակում է ցավամոքիչ, հակաբորբոքային հատկություն ունեցող նյութ։
Ոգեթուրմ։ Հասուն ծառի 30 գ տերեւը աղացեք, 2 շաբաթ թրմեք կիպ փակված տարայում 300 մլ օղու մեջ։ Քամեք։ Պահեք մուգ պատերով տարայի մեջ։ Քնելուց առաջ ընդունեք տաք (39 C) լոգանք աղաջրով, քսեք ցավոտ մասին գոլացրած ոգեթուրմը, կապեք բրդե շալով։ Շարունակեք 10 օր` արթրիտի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի դեպքում։
Նույն հիվանդություններին օգտակար է հետեւյալ միջոցը. Մանրացրեք 1 տերեւը, ավելացրեք 1-ական ճ/գ ջուր եւ բուսայուղ, դրեք թրջոց հիվանդ հոդերին։
Մաստոպատիա. Խառնեք 1 աղացած տերեւ, 1-ական թ/գ մեղր եւ ալյուր։ Տեղադրեք եւ ամրացրեք քնելուց առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 2 օր, կրկնեք։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Բրոնխիտ. Տերեւը 3 րոպե խաշեք եռջրի մեջ, քսեք վրան մեղր, ամրացրեք մեջքի եւ կրծքի կողմից, վիրակապեք թանզիֆով եւ տաք շալով։
– Զտեք տերեւի հյութը, խմեք 1 թ/գ առավոտյան կամ երեկոյան սնվելուց առաջ։
Ֆիբրոմիոմա. 200 մլ ոգեթուրմին ավելացրեք 1 ձվի հարած դեղնուց, 1 ճ/գ մեղր։ Քսեք որովայնի ցավոտ մասին 1 թ/գ լուծույթ եւ փաթաթեք շալով։
Գորտնուկ. Խառնեք տերեւի հյութը եւ քացախի էսենցիան (2։1)։ Մեկ-երկու կաթիլ լուծույթը լուցկու ծայրով քսեք գորտնուկի կենտրոնական մասին։ Եթե զգաք ուժեղ այրոց` անմիջապես լվացեք։
Դրամածառը հրաշքներ է գործում
Թանձրատերեւուկը Crassulaceae ընտանիքին պատկանող բույս է։ Սենյակային պայմաններում աճեցնում են որպես հաջողության, բարեկեցության, բարեկամության խորհրդանիշ։ Բավականին խոշոր բույս է, հաստ, մսոտ ցողունով, կլորավուն` դանդուռ հիշեցնող, մոխրականաչավուն, բաց կապույտ բուսամոմի փառով ծածկված տերեւներով։ Ծաղիկները մանր են, սպիտակ, դեղին, երբեմն` կարմիր, հազվադեպ` բաց կապույտ։ Այս բույսը երբեմն անվանում են «Փողի ծառ»։
Իհարկե, այս անվանումը սիմվոլիկ է, սակայն հավատն արդեն իսկ հաջողության խորհրդանիշ է եւ հրաշքի գրավական։
Կա այսպիսի հեքիաթ դրամի եւ հավատի մասին։ Աստվածահավատ մի մարդ լսում է, թե կա մի ծառ, որի մոտ թողություն են խնդրում հեթանոսները։ Այս մարդը սրում է կացինը եւ հասնում ծառին։ Նրան ընդառաջ է գալիս անօրենը եւ խոչընդոտում ծառը հատելուն։ Հավատով լցված մարդը հանուն վեհ գաղափարների հեշտությամբ հաղթում է անօրենին։ Վերջինս դիմում է զանազան հոգեբանական հնարքների եւ ի վերջո կաշառում մարդուն օրը երեք ոսկով։ Չորրորդ օրը անօրենը չի բերում դրամը։ Աստվածահավատը նորից սրում է կացինը եւ ծառի մոտ կրկին հանդիպում անօրենին։ Վերջինս հեշտությամբ հաղթում է մարդուն։
– Այդ ինչպե՞ս եղավ, որ ինձ հաղթեցիր,- հարցնում է աստվածահավատ մարդը։
Անօրենը պատասխանում է.
– Պարտվեցիր, քանի որ դու այլեւս չես ծառայում գերագույն նպատակին։ Ես գնեցի քո Հավատքը։
Ընտրեք լայն ծաղկաման, նախապես հատակին դրեք «1», «3», «5» նիշերով դաջված եւ «0» չպարունակող մետաղե դրամներ։ Ցանկացեք այն` ինչը որ կծառայի բարի նպատակներին, խնդրեք, որ բույսը երկար եւ առողջ ապրի։
Ամռանը ջրեք բույսը ամեն օր, ձմռանը` շաբաթը երկու անգամ։ Ծաղկամանը դրեք տան լուսավոր, արեւոտ հատվածում, ձմռանը տեղափոխեք հով տեղ, քանի որ հնարավոր է` տերեւաթափ լինի։ Բույսը ունի բուժիչ հատկություններ` հարստացնում է օդը հակավարակային կենսաբանորեն ակտիվ նյութերով, ինչի շնորհիվ մինչեւ 25-40 խորանարդ մետր ծավալով սենյակում վերանում է մանրէների 50-80 տոկոսը։
Դեղատոմսեր
Այրվածք. Կիսեք տերեւը, դրեք մաշկին, վիրակապեք, պահեք մինչեւ հյութի ներծծվելը։ Այս եղանակով կարելի է բուժել դժվար ապաքինվող տրոֆիկ խոցերը։
Վնասվածք, ջղերի ոլորում. Զտեք տերեւի հյութը, դրեք թրջոց վնասված մասին։ Արթրիտի դեպքում շփեք հիվանդ հոդը։
Դրամածառը` Crassula ovala, պարունակում է մկնդեղ։ Ժողովրդական բժշկության մեջ ունի նաեւ ներքին կիրառում։
Անգինա. Կես թ/գ հյութը լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ։