Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, եւ ահա-ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել եւս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, որ ուրիշ ժամանակ աներեւակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները` ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, եւ ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեեւ փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի…
Իրենց վրա առած զանազան դերեր` նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա` ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձեւանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու եւ ամենքից հաշիվ ուզելու…
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետեւ չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետեւ նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, եւ զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու եւ տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տեւում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել եւ ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում…
«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»։
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում…
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,
անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
– Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։
Հովհաննես Թումանյան
Թիֆլիս, 1907