«ՀՀ իշխանությունները լի են վճռականությամբ` մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ եւ ազատ ընտրությունները»: «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` ազատ եւ թափանցիկ ընտրությունները խիստ կարեւոր քաղաքական խնդիր են ՀՀ-ի համար: «Երբեւէ մեր հանրությունն այսքան չի կարեւորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ դրա համար կան լրջագույն պատճառներ: Ես տեսնում եմ հետեւյալ նախադրյալները, թե ինչու դա իրականություն կդառնա: Առաջին, իշխանություններն ունեն քաղաքական կամք` անցկացնելու այդպիսի ընտրություններ, երկրորդ` ՀՀ հասարակությունն այսօր, առավել, քան երբեւէ, պատրաստ է ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»,- ասել է Տ. Սարգսյանը` հավելելով, թե` ըստ ընդդիմության` ՀՀ-ում ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ եւ խստագույնս վերահսկելու է դրանք: Նրա խոսքով` սա երկրորդ կարեւորագույն երաշխիքն է, որ «մենք անցկացնելու ենք ազատ եւ թափանցիկ ընտրություններ»: Երրորդ հանգամանքը, ըստ Տ. Սարգսյանի` կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում օգտվելով նաեւ միջազգային տեխնիկական օժանդակությունից` իշխանություններն էապես բարելավել են Հայաստանի օրենսդրությունը, այդ թվում` նաեւ Ընտրական օրենսգիրքը, որն այժմ հաշվի է առնում նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, բացթողումները եւ թերությունները, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի լավ օրենսդրական դաշտ: Ըստ Տ. Սարգսյանի` իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որեւէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են, եւ մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար:
Ըստ նրա` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ եւ հնարավորություններ` ընտրությունները վերահսկելու առումով: «Չափազանց կարեւոր է այն, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս հնարավորությունից կարող է օգտվել: Համոզված եմ նաեւ, որ այսօրվա մեր կոնֆերանսն իր լուման է ներդնելու ազատ եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպման գործում, քանի որ հանրությանն են ներկայացվելու մանրամասներ, թե ինչպես են պաշտպանվելու ընտրողների իրավունքները եւ դրանց իրացման ճանապարհները, որը նույնպես լրացուցիչ երաշխիք է ստեղծելու, որ մենք ձեզ հետ միասին անցկացնենք ազատ եւ արդար ընտրություններ»,- ասել է նա:
Ի դեպ, երեկ «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: